Մարդիկ աշխատանք են ուզում

11/02/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ համաշխարհային ճգնաժամի ալիքը Հայաստանի վրա խիստ բացասական հետեւանքներ չի թողնի: Այսինքն` ուզում են ասել, թե Հայաստանի կառավարությունն օգտագործում է բոլոր այն լծակները, որով կարող է պաշտպանել իր քաղաքացու շահերը:

Տարբեր գնահատականներով` 2009 թվականին Հայաստանում գործազրկությունը հասնելու է 40%-ի: Թեեւ ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական տվյալները, մեղմ ասած` «ոգեւորիչ» են, այդուհանդերձ, մասնավորապես ցածր եկամուտ ունեցող շարքային քաղաքացիներն արդեն իսկ հայտնվել են անելանելի վիճակում: Այսպիսով, մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդին հորդորում է խուճապի չմատնվել` շարքային քաղաքացի Էլմիրա Շահնազարյանը հայտարարում է, որ անգամ ռեստորաններում, սրճարաններում «աման լվացողների» աշխատատեղի դեֆիցիտ է սկսվել: Այն դեպքում, երբ «աման լվացողի» կամ մատուցողի աշխատանք գտնելու խնդիր հատկապես մայրաքաղաքում երբեք չի եղել: Վերջին տարիներին աշխատանքի տեղավորման գործակալություններում, թերթերում, հեռուստաընկերությունների «վազող տողերում», ռեստորանների կամ բար-սրճարանների պատերին փակցրած նման աշխատատեղերի հայտարարությունների տարափ էր: Մինչդեռ, ներկայումս «աման լվացողի» կամ մատուցողի աշխատանք գտնելը խնդիր է դարձել, քանի որ դրանց «տերերը» լավագույն դեպքում խիստ «սեղմում են» աշխատողների ցուցակը, իսկ որոշ սրճարաններ էլ, այնուամենայնիվ, փակվում են:

52 տարեկան Էլմիրա Շահնազարյանը գործարանների փակվելուց հետո մշտապես սրճարանում կամ ռեստորանում աշխատել է որպես մատուցողուհի կամ «աման լվացող»: Տեւական ժամանակ որպես աման լվացող աշխատում էր մի սրճարանում, որն այժմ փակվել է: Արդեն մեկ ամիս գործազուրկ է ու թակում է բոլոր սրճարան-ռեստորանների դռները` նույնիսկ հավաքարարի աշխատանք գտնելու համար: «Չեն ընդունում, ոչ մի տեղ աշխատանք չեն տալիս: Մատուցողուհու կամ աման լվացողի աշխատանք գտնելն էլ դարձավ ծանոթ-մանոթով-մաղարիչով: Ուր գնում եմ` մերժում են: Ախր ես չեմ կարա առանց աշխատանք. երեխաներ, թոռներ ունեմ, որոնց պահել է պետք: Եթե միջամտեիք՝ մի տեղ ինձ ընդունեին…»,- ասում է նա: Տիկին Էլմիրան աղջկա` Կարինեի եւ երկու թոռների հետ ապրում է Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանում: Պայմանները սոսկալի են. 16 քմ տարածք ունեցող նրանց սենյակի խոնավ, սողանցքով պատի արանքներից միջանցիկ քամի է փչում:

«Պատից քամին փչում ա, ինչքան ուզում ես՝ պլիտա վառի… Տունը գլխներիս վրա փլվում ա: Դիմեցի Շենգավիթի թաղապետարան, խնդրեցի տեղափոխել մի ուրիշ սենյակ, երեխեքը հիվանդանում են էս զզվելի պայմաններից: Ոչ մի պատասխան… Հիասթափվեցի ու ոչ էլ նորից դիմեցի»,- ասում է Կարինեն, ով միայնակ մայր է եւ հիմնականում իր աշխատանքով էր երեխաների ամենօրյա ծախսերը հոգում: Ասում է` «Ինչ մաման զրկվեց աման լվացողի աշխատանքից` ահավոր վիճակում հայտնվեցինք: Հիմա պարտքերով ենք ապրում: Խանութներն էլ արդեն չեն համաձայնում պարտքով հաց տալ: Մի խոսքով` ահավոր վիճակ ա»: Որպես միայնակ մայր՝ Կարինեն 19.000 դրամ ընտանեկան նպաստ է ստանում: Ի դեպ, Կարինեի նման բազմաթիվ մարդիկ վկայում են այն մասին, որ պետբյուջեով տրամադրված ընտանեկան նպաստ ստանալու համար սոցիալապես անապահով ընտանիքներից «Փարոսի» տեսուչները «մաղարիչ» են ուզում: «168 Ժամում» բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնց մեջ կոնկրետ մարդիկ կոնկրետ տվյալներ են հրապարակել` նպաստ ստանալու համար ակնկալվող կաշառքների մասին: Իսկ երբ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, արձագանքելով մեր հրապարակմանը, փորձում է «Փարոսի» տեսուչներին «սանձել»` վերջիններս մեր թերթում տվյալներ հրապարակող ընտանեկան նպաստառուներին սկսում են հոգեբանորեն ճնշել, ասելով` «Ինչի՞ ես մեզ թերթի տվել»:

Ինչեւէ, Կարինեն ասում է` «Էդ 19.000 դրամ նպաստն էլ չէին տալիս: Ես տատիկիս տան վրա եմ գրանցված, բայց մամայենց տանն եմ միշտ ապրել: Ասում էին, թե՝ էնտեղ ես գրանցված, չի լինի: Այսինքն` միշտ մի բան գտնում են, որ դու մաղարիչով, կաշառքով գործն առաջ տանես: Մաղարիչ էին ուզում, որ նպաստիս հարցը դասավորեին, բայց համառորեն չտվեցի: Ասեց` կկտրեմ «Փարոսից», ասեցի` կտրի, բայց իմացի, որ օրինական ձեւով ինձ հասնում ա, կդիմեմ նախարարություն: Ճարը կտրած թղթերս դասավորեց, թե չէ` մաղարիչը պարտադիր բան ա, որ պետության տրամադրած փողը քեզ հասնի»: 32-ամյա Կարինեն առողջական լուրջ խնդիրներ ունի: Երկար տարիներ հացի արտադրամասում բանվորություն է արել, ինչի հետեւանքով ներկայումս կանացի լուրջ խնդիրներ ունի: Կարինեն ասում է. «Ամեն գործ էլ կանեմ, մինչեւ անգամ հավաքարարություն էլ կանեմ երեխաներիս պահելու համար: Բայց հավատացե՛ք, որ չեմ գտնում աշխատանք: Հիմա ես էլ, մայրս էլ աշխատանք ենք փնտրում: Թեկուզ հավաքարարի աշխատանք լինի` պատրաստ ենք երկուսս էլ»:

Տիկին Էլմիրան, Կարինեից բացի, մի երեխա էլ ունի, որը ծանր հաշմանդամություն ունի: Վերջին տարիներին, ստեղծված ծանր պայմաններին չդիմանալով, տիկին Էլմիրան երեխային հանձնել է Խարբերդի մանկատուն, այնուհետեւ չափահաս դառնալուն պես նրան տեղափոխել են Սեւանի հոգեբուժարան: Ասում է` «Փոքր տարիքում հիվանդացավ: Սխալ սրսկման պատճառով ներվին էին կպել, դարձավ ծանր հաշմանդամ: Տանն էինք պահում, բայց հաշմանդամի խնամքը հիմա շատ դժվար ա: Ամուսինս էն ժամանակ հանձնեց Խարբերդի մանկատուն: Հիմա տեղափոխել են Սեւանի հոգեբուժարան»:

Կարինեի երկու երեխաները` Անահիտն ու Նարեկը, դպրոցականներ են, որոնց, փաստորեն, պահում է պետությունը` իր տրամադրած 19.000 դրամ նպաստով: Էլմիրայի հաշմանդամ աղջկան նույնպես պետությունն է պահում:

Տիկին Էլմիրան եւ Կարինեն աշխատանք են փնտրում: