Անգլիացի ռեժիսոր Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը փետրվարի 8-ին դարձավ Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության տրիումֆատորը: Այն արժանացավ 7 մրցանակի, այդ թվում` որպես լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր եւ լավագույն սցենար: «Միլիոնատիրոջգ» հիմնական մրցակիցը` Դեւիդ Ֆինչերի «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը» ժապավենը, հաղթեց ընդամենը 3 անվանակարգում:
BAFTA-ի կողմից տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Քեյթ Ուինսլեթը` «Ընթերցողը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, իսկ լավագույն դերասան` Միկի Ռուրկը («Ռեստլեր»): «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց իսպանուհի Պենելոպա Կրուսը («Վիկի Կրիստինա Բարսելոնա), իսկ Հիթ Լեջերը («Մութ ասպետը») հետմահու ճանաչվեց երկրորդ պլանի լավագույն դերասան:
BAFTA-ի, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուսի» մրցանակները համարվում են «Օսկարի» գլխավոր փորձությունները»: Հիշեցնենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա փետրվարի 22-ին: Հիմնական պայքարը կրկին ընթանալու է երկու ֆիլմերի միջեւ` «Միլիոնատերը ետնախորշից» եւ «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը»: Առաջինը ներկայացված է 10 «Օսկարի», երկրորդը` 13-ի: