Ռեժիսոր Տիրան Կարապետյանի «Լռություն» վավերագրական ֆիլմը կներկայացվի մի շարք միջազգային փառատոներում: Այն նկարահանվել է 2008 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Վրաստանի պետական քաղաքականությունը եւ հայկական մշակութային հուշարձանները 1988-1989թթ.» գրքի հիման վրա: Մոտ 30 րոպե տեւողությամբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է անցած տարի դեկտեմբերին «Նարեկացի» արվեստի միությունում: Կինոնկարի երաժշտության հեղինակն է ազգությամբ իրանցի Այդին Դավուդին: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Ս. Կարապետյանը, եթե գրքում շեշտը դրված է մշակութային հուշարձանների ոչնչացման, յուրացման, «վրացականացման» վրա, ապա ֆիլմում անդրադարձ է կատարվել նաեւ մարդկանց «յուրացմանը»: Նրա խոսքով, վրաստանաբնակ հայի համար առաջնային է դարձել ինքնության եւ ազգության պահպանումը, վրացական քաղաքականության արդյունքում բազմաթիվ հայեր ստիպված են փոխել իրենց հայկական ազգանունները, հրաժարվել մայրենի լեզվից եւ հայկական արմատներից: Ֆիլմում ներկայացված են նաեւ Թբիլիսիի Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցու, Հավլաբարի Խոջիվանք գերեզմանատան պղծման փաստերը, հայ առաքելական, օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցիների իրավական կարգավիճակ չունենալու հետ կապված խնդիրները: «Ֆիլմի վերնագիրը պատահական չէ ընտրված. քանի դեռ շարունակվում է մեր լռությունը, անտարբերությունն ու պասիվությունը տեղի ունեցածի հանդեպ, այն կլինի շարունակական»,- ասել է Ս. Կարապետյանը: