Կանայք գերակշռում են

11/02/2009

Հայաստանում կանայք տղամարդկանցից երկարակյաց են 6.4 տարով: ՀՀ-ում կյանքի միջին տեւողությունը 73.5 տարի է, ընդ որում, կանանց կյանքի միջին տեւողությունը 76.6 տարի է, տղամարդկանցը` 70.2 տարի: Վերջին մի քանի տարիներին կյանքի միջին տեւողության ցուցանիշները գրեթե անփոփոխ են: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակը 3 մլն 238.4 հազար է, որից 1 մլն 669.4 հազարը` կանայք: ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակում քաղաքային բնակիչները 2 մլն 75 հազար են, գյուղական վայրերի բնակիչները` 1 մլն 163.4 հազար: Վերջին 3 տարիներին կանանց թիվը հանրապետությունում շարունակում է գերակշռել տղամարդկանց թվից. այս տարեսկզբի դրությամբ այն գերազանցում է շուրջ 100 հազարով, 2008-ի նույն ժամանակահատվածի դրությամբ` շուրջ 104, իսկ 2007-ի տարեսկզբին` շուրջ 108 հազարով: 2008թ. տարեվերջին ՀՀ մշտական բնակչության թվաքանակը տարեսկզբի նկատմամբ աճել է 8.3 հազարով կամ 0.26 %-ով: Դա ապահովվել է ի հաշիվ բնակչության բնական հավելաճի (3.9%) եւ միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման (10.7%): 2008թ. ծնվածների թվաքանակը կազմել է 41 հազար 238` 2007թ. համեմատ աճելով 2.8%-ով: Ի դեպ, 2008թ. Հայաստան ժամանածների թվաքանակը 2007թ. համեմատ աճել է 5.8%-ով: Նրանց ընդհանուր գործակիցն ամեն հազար բնակչի հաշվով կազմել է 3.2` 2007թ. համեմատ աճելով 0.2 միավորով: Նախորդ տարի հանրապետությունից մեկնողների կամ հաշվառումից հանվածների թվաքանակը նվազել է 0.5%-ով, իսկ մեկնողների ընդհանուր գործակիցն ամեն 1000 բնակչի հաշվով փոփոխության չի ենթարկվել: Արդյունքում` միգրացիայի մնացորդը նվազել է 10.7%-ով, իսկ միգրացիայի մնացորդի ընդհանուր գործակիցն ամեն 1000 բնակչի հաշվով` 0.2 միավորով: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տեղեկատվության համաձայն` 2008թ. ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղեւորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 2817.3 հազ., ինչը 2007թ. համեմատ աճել է 226.9 հազարով կամ 8.8%-ով: Ուղեւորափոխադրումների հաշվեկշիռը` ժամանումների եւ մեկնումների տարբերությունը, կազմել է 23.1 հազ.` 2007թ. նույն ժամանակաշրջանում արձանագրված 3.2 հազարի դիմաց: