Յոթնահանճար Հովեյանի հիմներգը

03/07/2005

Երեւանի պետական համալսարանը, բանից պարզվում է, հիմներգ ունի։ Սա,
իհարկե, լավ է։ Աշխարհի գրեթե բոլոր հայտնի համալսարաններն էլ հիմներգ
ունեն։ Բայց, ինչպես միշտ, մերն ուրիշ է։ Մեր համալսարանի հիմներգի
խոսքերը գրել է մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը։ Միանգամայն հասկանալի
է, որ եթե Հովիկ Հովեյանը նախարար չլիներ, նրա տեքստը ոչ մի քննության չէր
դիմանա, հետեւաբար՝ սույն փաստը պետք է դասել որպես «պաշտոնական դիրքի
չարաշահում՝ առանձնապես ծանր հետեւանքներով»։ Բայց թող տպավորություն
չստեղծվի, թե Հովեյանը չքնաղ բանաստեղծություն է գրել, իսկ մենք ընդամենը
զազրախոսում ենք։ Խնդրեմ, դատեցեք ինքներդ (մի վախեցեք, հիմներգն
ամբողջությամբ չենք մեջբերի)։
«…Դու՝ ճախրի մեր արծիվ յոթնաթեւ» արտահայտությունն, անշուշտ, նոր խոսք
է հայկական պոեզիայում։ Պրն Հովեյանը երեւի տեղյակ չէ, բայց արծիվները,
որպես կանոն, ունենում են 2 (երկու) թեւ, առանձին ռազմավարական
դաշնակիցների զինանշանների վրա՝ նաեւ երկու գլուխ, բայց յոթնաթեւ արծիվը
չլսված երեւույթ է։ Հետաքրքիրն այն է, որ աերոդինամիկայի մասնագետները
տեսականորեն չեն բացառում, որ որեւէ արծիվ կարող է ավելի շատ թեւեր
ունենալ, բայց դրանց թիվը բոլոր դեպքերում պետք է զույգ լինի, հակառակ
դեպքում՝ տարաբախտ թռչունը կկորցնի հավասարակշռությունը եւ վայր կընկնի։
Ինչեւէ։ Հաջորդ տողն ազդարարում է, որ վերոհիշյալ յոթնաթեւ արծիվը «ճյուղն
է ծառի՝ խաչթեւ»։ Այդ լա՛վ է, որ ճյուղն է. վայր ընկնելու վտանգ չկա։ Իսկ
թե ինչու է ճյուղը խաչթեւ՝ դա էլ միայն Հովեյանը կիմանա։ Եվ ընդհանրապես,
բանաստեղծը շատ հուզիչ երկխոսության մեջ է մեր համալսարանի հետ։ Մե՛րթ կոչ
է անում ելնել միշտ վեր եւ նոր գարուններ հյուսել, մե՛րթ հույս է
հայտնում, թե «Դարերից եկած՝ դեռ նոր դարեր կանցնես/ Այր Մեսրոպ Մաշտոց
Սահակ Պարթեւի լույսերով օծված»… Հարկ ենք համարում պրն Հովեյանին
տեղեկացնել, որ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը ոչ թե նույն անձն են, այլ
երկու տարբեր մարդիկ, բայց սա, իհարկե, էական չէ։ Էականն այն է, որ
մշակույթի նախարարը երեւի մտքում մի լավ ծիծաղել է՝ տեսնելով, թե ինչպես
են համալսարանի ղեկավարները քծնանքով փառաբանում իր անհեթեթ ոտանավորը։
Մի խոսքով՝ Երեւանի պետական համալսարանի բախտը չի բերել։ Բայց ինչ արած,
փորձանքը մարդու համար է։ Մեզ մնում է միայն թախանձագին խնդրել ՕԵԿ-ին, որ
հանկարծ մշակույթի հաջորդ նախարար չնշանակեն որեւէ նկարչի։ Թե չէ սա էլ
կորոշի Համալսարանի զինանշանը նկարել՝ ասենք, տասնհինգապոչ առյուծի կամ
եռասմբակ նժույգի տեսքով։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։

Ա. Բ.