Ի՞նչ արժե Հայաստանի սուվերենությունը

08/02/2009

Իշխանությունները հերթական ոգեւորության առիթն են գտել. Ռուսաստանը համաձայնել է (կամ այդպես հայտարարվում է) Հայաստանին տրամադրել 500 մլն դոլարի վարկ: Այդ վարկի մասին առայժմ հայտնի է միայն գումարի չափը եւ, չնայած, որպես կանոն` հայտարարվում են նաեւ վարկի պայմանները` առնվազն տոկոսադրույքն ու մարման ժամկետը: Այս վարկի դեպքում որեւէ այլ մանրամասն հայտնի չէ: Իսկ մինչ ՀՀ իշխանությունները կկարողանան դա գաղտնի պահել, ռուսական (եւ ոչ միայն) մամուլն ու փորձագետներն արդեն հասցրել են քննադատել ՌԴ իշխանություններին` տնտեսական ճգնաժամի պայմաններում այլ երկրներին միլիարդավոր դոլարներ հատկացնելու կապակցությամբ: «Միլիարդանոց նվերները, որ մենք անում ենք որոշ դաշնակից երկրներին, չեն երաշխավորում, որ նրանք լիովին հավատարիմ կլինեն Ռուսաստանին։ Մենք փորձում ենք նրանց գնել, այն էլ` շատ բարձր գնով՝ ճգնաժամի պայմաններում»,- գրել է ռուսական թերթերից մեկը` «դաշնակից երկրների» շարքում, բնականաբար, նշելով նաեւ Հայաստանին: Անդրադառնալով նույն թեմային՝ անգլիական «The Times»-ը գրել է. «Հայաստանը փոքր-ինչ ավելին է, քան վասալ-պետություն, քանի որ իր տնտեսական ենթակառուցվածքների մեծ մասը վաճառել է ռուսական ընկերություններին»: Ռուսական վարկի պայմանները, ուշ թե շուտ, հայտնի են դառնալու, եւ ամենեւին բացառված չէ, որ դրա արդյունքում Հայաստանը զրկվի նաեւ «The Times»-ի նշած «փոքր-ինչ» կարգավիճակից: Եթե հիշենք, որ Հայաստանը վասալ կամ, ինչպես ռուսներն են սիրում ասել` ֆորպոստ է դարձել ընդամենը 100 մլն դոլար պարտքի դիմաց իր հիմնական ենթակառուցվածքները ՌԴ-ին տալով, ապա 500 մլն-ի դեպքում պատկերը շատ ավելի տխուր կարող է լինել: Իսկ մինչ այդ կարելի է ռուսական բոլոր թերթերին, «The Times»-ին էլ հետը` համարել «դեղին մամուլ» եւ վայելել 500 մլն դոլարը: Ափսոս, որ այդքանը հազիվ թե միանգամից տան: Հակառակ դեպքում` դոլարի փոխարժեքը կարելի էր հասցնել, ասենք, 200 դրամի: