Նովրուզ Մամեդովն «անդաստիարակ է»

08/02/2009

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում` հակադարձելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե` «Հայաստանի նախագահին քաջություն չի հերիքել մասնակցելու Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ` տարբեր հարցերի քննարկումներին, որոնք տեղի ունեցան Դավոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում», ասել է, թե Ն. Մամեդովն «անդաստիարակ» է: «Ադրբեջանի պաշտոնատար անձանց մոտ կարծես թե նոր միտում է ի հայտ եկել` Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների յուրաքանչյուր հանդիպումից հետո հանդես գալ մեկնաբանություններով Հայաստանի նախագահի վարքի եւ օրակարգի վերաբերյալ: Այդ միտման հերթական ապացույցը դարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Ն. Մամեդովի ելույթը մամուլում` նոր կարգավիճակում: Մի կողմ թողնենք այն, որ որեւէ մեկի վարքը եւ արարքները մեկնաբանելու սովորությունը, որը զուգորդվում է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու հետ, բնութագրում է մարդու անդաստիարակությունը, ինչպես նաեւ՝ այն, որ Մամեդովի ասածը Հայաստանի նախագահի օրակարգի չափազանց ազատ մեկնաբանությունն է: Շատ ավելի կարեւոր է այն, որ իր հայտարարությամբ պարոն Մամեդովը բոլորին ի ցույց է հանել թերիության եւ պարտվողականության բարոյահոգեբանական այն ընդհանուր մթնոլորտը, որը տիրում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Դե ինչ, կարելի է հասկանալ ադրբեջանցի պաշտոնյաների ձգտումը` սիրաշահել այն երկրի առաջնորդին, որը պարտվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձարձակած ագրեսիայի ընթացքում: Հուսով եմ, այսուհետ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կզբաղվեն իրենց անմիջական պարտականություններով, եւ պարոն Մամեդովն այլեւս չի ներկայացնի իրեն եւ իր ղեկավարին թերի ձեւով»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների հայտարարություններին, նա ասել է, թե` «Ադրբեջանն աստիճանաբար վերածվում է սուլթանության»: Ըստ նրա` ԵԽ ԽՎ պատվիրակներին «արդեն հոգնեցրել են ադրբեջանցի գործընկերների անընդհատ կրկնվող ագրեսիվ եւ անիմաստ հայտարարությունները»: «Ադրբեջանական խորհրդարանականներ Հաջիեւայի եւ Սեիդովի ելույթները մի երկրի ներկայացուցիչների զառանցանքներ էին, որն աստիճանաբար` նախագահին երրորդ անգամ առաջադրվելու սահմանադրական իրավունքը փոխանցելու միջոցով, վեր է ածվում սուլթանության»,- հայտարարել է Ն. Զոհրաբյանը: