Քաղաքականությանը խառնվելու հետեւանքները

08/02/2009

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը հուսահատության եւ վախի մթնոլորտ է ստեղծել Հայաստանում, քանի որ դա ցույց տվեց, որ ոչ ոք, այդ թվում նաեւ՝ Ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյան` անխոցելի չեն այս երկրում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, Գ. Մհերյանի սպանությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ քանի դեռ իրավապահ համակարգն իր մասնագիտական եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում մեծ աշխատանք չի իրականացնում, բոլորս խոցելի ենք: «Չգիտես ինչու՝ իրավապահ համակարգն առավել շատ քաղաքական գործընթացների մեջ խառնվելով եւ մարդկանց համոզելով է զբաղված, որ հանկարծ միտինգների չմասնակցեն, եւ սա բերում է նրան, որ իր հիմնական լիազորությունները չկատարելու պատճառով տեղի են ունենում նմանատիպ դեպքեր: Բնականաբար, մենք դատապարտում ենք հայ երիտասարդի անժամանակ մահը: Դատապարտելի է նաեւ այն առումով, որ դա, ամենայն հավանականությամբ, կապված էր իր ծառայողական պարտականությունների հետ: Կարծում եմ` իրավապահ համակարգը պետք է վերջապես մեկ դեպքից սկսած իսկապես իր գործառույթներն իրականացնի: Մենք ունենք բազմաթիվ քաղաքական այսպիսի սպանություններ, որոնք մինչ այժմ չեն բացահայտվել: Մտահոգությունս այն է, որ սա չլինի հերթականը»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: Իսկ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով, քանի դեռ մարդասպանները շարունակում են գտնվել անազատության մեջ, որեւէ մեկն ապահովագրված չէ նման հանցագործությունից: «Մենք տեսանք, որ մարդը, ով անձամբ ներկայանում է որպես ուժային կառույցի կարեւոր ներկայացուցիչ, բայց ինքը նույնչափ խոցելի է, որովհետեւ երբ չի գործում իրավունքը եւ օրենքը, երբ պատժելիության սկզբունքը չի գործում, գալիս է վրեժխնդրության մեխանիզմը: Եվ մարդասպանների համար դա ուղղակի պարարտ հող է: Նույնչափ խոցելի է այսօր ինքը` ոստիկանը, որքան քաղաքացին լինում է խոցելի ոստիկանի կողմից ոչ իրավաչափ հրահանգը կատարելու ժամանակ»,- ասաց նա:

ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով նույնպես՝ Գ. Մհերյանի սպանությունը հուսահատություն է առաջացրել բոլորի մոտ` եւ՛ պաշտոնյաների, եւ՛ հասարակ մարդկանց: «Մեր երկրի նկատմամբ հուսահատության զգացումներ է առաջացնում, վախի մթնոլորտ է սերմանում: Տեսեք, թե քանի նման սպանություններ եղան: Եթե սկսենք թվարկել, երեւի Ղանդիլյանից պետք է սկսենք: Չպետք է նաեւ մոռանանք Շահեն Հովասափյանի, Գագիկ Պողոսյանի չբացահայտված սպանությունների մասին»: Իսկ ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` Գ. Մհերյանի սպանությունը ծանր ազդեցություն ունեցավ մեր հասարակության վրա, որովհետեւ «ոչ միայն անձ, այլեւ շատ բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորություն էր»: