Արդեն մի քանի օր է` իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում թաքցնել իրենց հրճվանքը` Ռուսաստանը 500 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին։ Եվ եթե օրեր առաջ բոլորին հետաքրքրում էր՝ որքա՞ն փող կտան ռուսները (կամ՝ կտա՞ն ընդհանրապես), այսօր արդեն այլ հարց է հուզում՝ հանուն ինչի՞ է Ռուսաստանը նման խոշոր գումար տրամադրում Հայաստանին՝ այն էլ, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ նույն Ռուսաստանը լուրջ դժվարությունների առաջ է կանգնած։
Հայաստանցիներիս հարցասիրությունն այս դեպքում արդարացված է, քանի որ բոլորն են հիշում «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի գործարքը։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը օրեր առաջ հայտարարեց. «Դժվարին պահերին ՌԴ-ն երբեք չի լքում իր մտերիմ բարեկամներին, իսկ եթե հնարավորություն կա, առավել եւս՝ ֆինանսական, ապա, իհարկե, կաջակցի Հայաստանին»։ Գեղեցիկ է ասված, խոսք չկա, սակայն՝ ոչ այնքան համոզիչ։ Համոզիչ չեն նաեւ ՀՀ ԱԺ-ում երեկվա ճեպազրույցների ժամանակ գրեթե բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հավաստիացումները, թե՝ որեւէ ներքին պայմանավորվածություն չկա, սա ընդամենը վարկ է, որը պետք է մարել, ընդ որում՝ տոկոսագումարներով։ Հետաքրքիրն այն է, որ վարկի պայմանների եւ տոկոսադրույքի մասին հստակ պաշտոնական տվյալներ դեռ չկան. ավելին` վարկի տրամադրման մասին Հայաստանում իմացան Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի խոսքերից։ Մինչդեռ, նման դեպքերում, որպես կանոն՝ մանրամասնորեն հայտարարվում են վարկի տրամադրման հետ կապված բոլոր պայմանները` սկսած տոկոսադրույքներից, վերջացրած ժամկետներով: Ղրղըզստանի դեպքում, օրինակ, ավելի շատ բան է հայտնի. Ռուսաստանն այս երկրին տրամադրելու է 300 միլիոն դոլար՝ 40 տարով եւ խորհրդանշական տոկոսադրույքով՝ 0.75%։ Ընդ որում, վարկի մարումը սկսվելու է միայն 7 տարի հետո։ Բացի այս, Ղրղըզստանը հաջորդ 4 տարիների ընթացքում ստանալու է եւս 1.7 միլիարդ (իհարկե, ավելի բարձր՝ LIBOR+3% տոկոսադրույքով), եւ 150 միլիոն դոլար անհատույց դրամաշնորհ։ Սա էլ դեռ ամենը չէ. ղրղըզական «Դաստան» ՓԲԸ-ի 48% բաժնետոմսերի դիմաց (որոնց շուկայական արժեքը գնահատվում է 30 միլիոն դոլար), Ռուսաստանը ներելու է Ղրղըզստանի 180 միլիոն դոլարանոց պարտքը։ Բելառուսին տրամադրվելու է 2 միլիարդ դոլար, չհաշված՝ գազի գնի զեղչերը։ Կարեւորն այն է, որ այս երկրների դեպքում Ռուսաստանի շռայլությունը բացատրելի է. Ղրղըզստանը փակելու է իր երկրում գործող ամերիկյան ռազմակայանը, իսկ Բելառուսի հետ ստորագրվել է հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր։ Թե ՌԴ-ն ինչ սպասելիքներ ունի Հայաստանից, այդ մասին խոսք չկա անգամ ռուսական ԶԼՄ-ներում։ Այսինքն, միակ բացատրությունը մնում է ՌԴ դեսպանի լիրիկական հավաստիացումը՝ «մտերիմ բարեկամներին» օգնելու պատրաստակամության մասին, առանց որեւէ ակնկալիքի։ Իսկ բուն Ռուսաստանում խիստ քննադատաբար են մոտենում նման շռայլությանը, անգամ՝ Ղրղըզստանի եւ Բելառուսի՝ «ակնկալիքներով լի» վարկերի հարցում։
«Gazeta.ru»-ն «Գնիր մի քիչ ԽՍՀՄ» հոդվածում գրում է. «Ռուսաստանում ոչ ոք չի տալիս ամենապարզ հարցերը։ Օրինակ՝ ինչո՞ւ են ճգնաժամի պայմաններում միլիարդավոր դոլարներ նվիրում որոշ ետխորհրդային երկրների եւ նրանց հետ ի սկզբանե անիրական ռազմական դաշինքներ կազմում»։ «Մարկետինգ ի կոնսալտինգ» վերլուծական պարբերականն էլ հիշեցնում է. «Ճգնաժամը կարող է 3 տարի շարունակվել, գների աճից խուճապի մատնված հասարակ քաղաքացիները գնալով ավելի մեծ անվստահությամբ են նայում վաղվա օրվան։ Եվ այս ֆոնին մեկը մյուսի ետեւից Մոսկվա են ժամանում հարեւան երկրների նախագահներըգ եւ հեռանում հսկայական փողերով, որը նրանց մատակարարում է Ռուսաստանը»։
Թերթերն ու քաղաքական մեկնաբաններն, իհարկե, իրենք էլ պատասխանում են իրենց հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շռայլում իր սուղ ռեսուրսները։ Պատճառներից երկուսի մասին արդեն նշվեց՝ Բելառուսում հակաօդային պաշտպանության համակարգը եւ Ղրղըզստանից ամերիկյան ռազմակայանի դուրսբերումը։ Իսկ «Յեժեդնեվնի ժուրնալ»-ն այս առիթով հեգնում է. «Եթե դիտարկենք Կրեմլի գործողությունները, ապա տպավորություն է ստեղծվում, որ ո՛չ լայնամասշտաբ ճգնաժամն է սպառնում Ռուսաստանին, ո՛չ էլ «կանաչ» ճգնաժամը, որն արագորեն աճելով՝ փոշիացնում է թոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձը։ Ոչ, ակնհայտ է. Ռուսաստանը գտնվում է նենգ թշնամու հետ պատերազմի նախաշեմին եւ իր բոլոր ռեսուրսները գործի է դրել՝ այդ թշնամուց պաշտպանվելու համար»։
Ռուսական ԶԼՄ-ները, ի հավելումն սրա, նշում են նաեւ, այսպես կոչված, օպերատիվ արձագանքման օպերատիվ ուժերի ստեղծումը՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։ Ռուսերեն այն կոչվում է՝ «Կոալիցիոնիե սիլի օպերատիվնոգո ռազվյորտիվանիա», կամ պարզապես՝ ԽհԿՀ, որը ՌԴ իշխանությունները համարում են «սեփական ՆԱՏՕ»։ Ռուս լրագրողներն, ի դեպ, այս նախաձեռնությանն էլ են թերահավատությամբ մոտենում ու ծաղրում։ «Նովայա գազետա»-ն գրում է. «Մեր ՆԱՏՕ-ի կազմում են այնպիսի հզոր ռազմական երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Հայաստանը, Տաջիկստանը եւ որոշ վերապահումներով՝ Ուզբեկստանը»։ Թերթն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի այն հայտարարությանը, թե. «այդ ուժերը կաշխատեն սովորական պայմաններում»։ Հեղինակի համար պարզ չէ՝ ինչ ասել է «սովորական իրավիճակ», եւ արդյո՞ք դա նշանակում է, որ եթե Ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, Ռուսաստանը պետք է պատերազմի՞ հայերի կողքին. «Իսկ որո՞նք են այդ «սովորական իրավիճակները», որոնցում ՌԴ նախագահը խոստանում էր օգտագործել հավաքական ուժերը՝ դրանք հակաճգնաժամային ցույցերի կամ «գունավոր հեղափոխությունների» ճնշո՞ւմն է անդամ երկրներում, թե՞ այդ ուժերը պետք է օգնեն գյուղացիներին՝ բերքահավաքի ժամանակ»։
Այս ամենը՝ «սեփական ՆԱՏՕ» եւ «Սեփական Արժույթի միջազգային հիմնադրամը» (այս կերպ է որակել ռուսական մամուլն ԱՊՀ անդամ երկրների վարկավորումը եւ մի քանի երկրների կողմից հատուկ հիմնադրամ ստեղծելու քայլը) հարուցել է ռուսների դժգոհությունը, ոչ միայն այն պատճառով, որ «բոլոր այդ կվազի-կայսերական հաճույքների համար վճարելու են ՌԴ հարկատուները», այլեւ՝ դրանց անօգտակարության եւ անիմաստության։ «Միլիարդանոց նվերները, որ մենք անում ենք որոշ դաշնակից երկրներին, չեն երաշխավորում, որ նրանք լիովին հավատարիմ կլինեն Ռուսաստանին։ Մենք փորձում ենք նրանց գնել, այն էլ՝ շատ բարձր գնով՝ ճգնաժամի պայմաններում»,- գրում է ռուսական թերթերից մեկը։ Ի դեպ, նույն թեման, նույն շեշտադրումներով` նաեւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ ՌԴ-ի տված վարկերի եւ Ղրղըզստանի ամերիկյան ռազմաբազայի հնարավոր փակման մասին գրել են «Le Monde», «The New York Times», «Washington Times», «Guardian» եւ այլ հեղինակավոր թերթեր՝ շեշտելով, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել կայսրությունը՝ փողի միջոցով։ Իսկ այս ամենի մեջ առանձնանում է անգլիական «The Times»-ը՝ Հայաստանի մասին իր մի քանի տողերով։ Խոսելով այն մասին, որ Ռուսաստանն աստիճանաբար ուժեղացնում է իր ազդեցության գոտիները Միջին Ասիայում եւ մյուս տարածաշրջաններում, հեղինակն անդրադառնում է առանձին երկրներին, ապա նաեւ՝ Հայաստանին. «Հայաստանը փոքր-ինչ ավելին է, քան վասալ-պետություն, քանի որ իր տնտեսական ենթակառուցվածքների մեծ մասը վաճառել է ռուսական ընկերություններին»։ Ընդ որում, հոդվածագիրն ակնարկել է, որ չնայած իր հավատարմությանը եւ ՀԱՊԿ-ին անդամակցությանը՝ Հայաստանը չի կարող վստահ լինել իր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։ «Հայաստանի եւ նրա հարեւան Ադրբեջանի միջեւ առկա «սառեցված հակամարտությունը»՝ վիճելի տարածք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, Կրեմլին լրացուցիչ լծակներ է տալիս։ Մոսկվան հերքեց ադրբեջանցիների պնդումները, թե 800 միլիոն դոլարի զենք-զինամթերք է տրամադրել Հայաստանին։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ հասկանում են, որ Ռուսաստանը կարող է ուժերի հավասարակշռությունը խախտել նրա օգտին, ում կընտրի»։