Ապրիլի 26-ին Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերությունը երրորդ անգամ
հրապարակեց ջրամատակարարման գրաֆիկն ըստ համայնքների: Համաձայն այդ
գրաֆիկի, ասենք, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ.Անհաղթ-Բաբայան-Ուլնեցի
հատվածում պիտի որ շուրջօրյա ջրամատակարարում լինի: Կար մինչեւ «Գոլդեն
Պալես» հյուրանոցի բացումը: Զարմանալի զուգադիպությամբ՝ հյուրանոցի
բացվելու հետ միաժամանակ Զեյթունի ջրամատակարարումը կտրուկ վատացավ:
Համենայնդեպս, զեյթունցիներն այդպես են հիշում: Օրվա ընթացքում եւ գիշերը
երկար ժամանակով ջուրը կտրում են:
– Հյուրանոցի շինարարությունը հենց սկսեցին, մեր ջրերը վատացան,- բողոքում
է Կ.Ուլնեցի փողոցի մի բնակչուհի: -Ամբողջ ջուրը տալիս են հյուրանոցի
ֆանտաններին: Ջրաշխարհն էլ է մեր գծի վրա: Հենց ամառը գալիս է, ջրերն այս
երկու օբյեկտներն են տանում:
ԵՋԿ-ն այս պատճառաբանման հետ համաձայն չէ:
-Խորհրդային տարիներից սկսած ջրամատակարարումն ամռանը վատանում է,
որովհետեւ այս սեզոնին 20%-ով ավելի է ջուր սպառվում,- ասում է ԵՋԿ-ի
մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը: -Հոկտեմբերին ջրամատակարարումը
կնորմալանա:
Գրաֆիկով շուրջօրյա ջրամատակարարում ունի նաեւ Դավթաշենի առաջին թաղամասը:
Սակայն նույն թաղամասի բնակիչներից մեկը դժգոհում է, որ տարուց ավելի է,
իրենց մոտ ջրամատակարարումն օրվա ընթացքում եւ գիշերը կտրում են: Կիրակի
օրերին ավելի երկար են կտրում:
Արաբկիր համայնքի մի սպառող էլ պատմում է, որ անձրեւային եղանակներին իրենց շրջանի ջրամատակարարման ճնշումը կտրուկ իջնում է:
-Ենթադրում եմ, որ Արզնիի վթարից հետո կամ վթարի տեղը չեն հայտնաբերել,
կամ էլ հայտնաբերել են, բայց չեն վերացրել: Ու հիմա անձրեւային
եղանակներին որոշ ջրագծեր փակում են, որպեսզի վտանգը նորից չկրկնվի,-
բացատրում էր նա:
ԵՋԿ-ն էլ չի ժխտում որ վտանգավոր հետեւանքներով վթարներից ցանցը դեռ չի
կարող խուսափել: Ջրի կորուստը շարունակում է մնալ 80%-ի սահմաններում:
Ամսական Երեւան մուտք է գործում 27-28 մլն խ/մ ջուր, որից 6 մլն խ/մ-ն
հասնում է սպառողին, մի քանի մլն էլ առեւտրային կորուստներն են՝
գողությունները, մնացածը՝ մոտ 20 մլն խ/մ-ն տեխնիկական կորուստներն են:
Իսկ շուրջօրյա նորմալ ջրամատակարարման մասին մոտակա տարիներին երեւանցին
չի կարող երազել: ԵՋԿ-ն վերջին տարիներին ստեղծել է մի համակարգ, որը
կարող է հաշվառել քաղաք մուտք գործող ջրի շարժը, իսկ առեւտրային եւ
տեխնիկական կորուստներն ի վիճակի չէ կրճատել: Համակարգում ընդունում են,
որ իրենց մոտ կաղում է նաեւ սպասարկումը: Իսկ ի՞նչ է ավելացրել համակարգն
իտալացիների կառավարման 5 տարիներին:
– Այսօր մենք ունենք 266.000 ջրաչափ: Բաժանորդների ավելի քան 90%-ը
բարեխիղճ վճարող են: Եթե 2000թ. հավաքագրվում էր ամսական 100 մլն դրամ,
այս տարվա ապրիլին այդ թիվը հասել է 420 միլիոնի: Մայիսին կհավաքվի նոր
սակագնով եւ այս գումարը մոտ 30%-ով կավելանա: Եվ ԵՋԿ-ի պատմության մեջ
առաջին անգամ այս հուլիսին ընկերությունը պետբյուջեից լրավճար չի ստանա,-
թվարկում է ԵՋԿ-ի մամուլի քարտուղարը:
Իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը մայիսից գնացել է, ԵՋԿ-ն սպասում է
նոր՝ այս անգամ վարձակալի, որը գալու է տասը տարով: Առաջին 4 տարիներին
ծախսելու է Համաշխարհային բանկի 20 մլն դոլար վարկը, հետո պիտի աշխատի
սեփական միջոցներով ու մեր կառավարությանը մուծի վարձակալության վճար: Նոր
վարձակալը Երեւան կգա հավանաբար 2006-ին: Իսկ մինչ այդ ԵՋԿ-ում անկախ
աուդիտորն ուսումնասիրում է «Էյ Յութիլիթիի» գործունեությունը, որը
կհրապարակի մոտ 1 ամսից: Աուդիտի արդյունքը կարող է վարձակալին գրավել
դեպի մեր քաղաքի ջրային համակարգ, կարող է եւ հակառակը տեղի ունենալ.
ասենք, կարող է պարզվել, որ «Էյ Յութիլիթին», ջրաչափ տեղադրելուց բացի,
ուրիշ ոչինչ չի արել: Բայց ինչպես «Էյ Յութիլիթին» է օտարերկրյա
ընկերություն, այդպես էլ՝ աուդիտորը. իրար լեզու կհասկանան: Մերոնք էլ,
հավանաբար, դեմ չեն լինի: