Երեկ Մյունհենում մեկնարկել է Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ, հիսունից ավելի բարձրաստիճան դիվանագետներ ու պատվիրակություններ: Համաժողովին մասնակցելու նպատակով երեկ Գերմանիա է մեկնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ: Խորհրդաժողովում քննարկվելիք առանցքային հարցերն են` Իրանի միջուկային ծրագիրը, ՆԱՏՕ-ի հետագա ծրագրերը, էներգետիկ խնդիրները, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Նշենք, որ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջո Բայդենը: Սա Սպիտակ տան նոր վարչակազմի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է, որի ընթացքում փորձագետները փոխնախագահ Ջո Բայդենից ակնկալում են ընդարձակ ելույթ` նոր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: «Ելույթը կանդրադառնա այն խնդիրներին, որոնց շուրջ նախորդ վարչակազմի օրոք Վաշինգտոնը լարված հարաբերությունների մեջ էր աշխարհի մի շարք պետությունների հետ,- հայտարարել է Սպիտակ տան դիվանագետներից մեկը` նշելով,- Մենք շատ լրջորեն ենք մոտենում այդ հարցին, քանի որ հասկանում ենք` ըստ էության, աշխարհում չկա մի խնդիր, որը ԱՄՆ-ը կարող է լուծել միայնակ»: Մասնավորապես, դիվանագետները ակնկալում են, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ընդգծված ուղերձով կդիմի պաշտոնական Մոսկվային, որի հետ հարաբերությունները սրվել էին նախագահներ Պուտինի եւ Բուշի օրոք: «Ես ազդակներ եմ տեսնում, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը ցանկանում են հարաբերությունների նոր փուլ սկսել»,- գերմանական մամուլին տված հարցազրույցում ասել է միջազգային խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, իր հերթին, դրական ազդակ է համարել Ռուսաստանի վերջին որոշումը` հետաձգել Lեհաստանի սահմանին «Իսկանդեր» հրթիռների տեղաբաշխման ծրագիրը, որը, ըստ էության, ուղղված էր Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղադրելու` պաշտոնական Վաշինգտոնի պլանների դեմ: «Ժամանակն է, որ բոլոր կողմերն այժմ միասին քննարկեն աշխարհի անվտանգությանը սպառնացող հարցերը եւ համատեղ գտնեն դրանց լուծումները»,- ասել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Ռուսաստանից այս անգամ խորհրդաժողովին կմասնակցի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը. առայժմ, սակայն, հստակ չէ` արդյո՞ք կկայանա ռուս-ամերիկյան դեմառդեմ հանդիպում: Պաշտոնական Մոսկվային հասցեագրված ուղերձից բացի, ըստ փորձագետների, Բայդենը կդիմի նաեւ եվրոպական գործընկերներին եւ կհորդորի շարունակել ֆինանսական ու ռազմական աջակցությունը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին: