Խոստովանում են

08/02/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը հերքեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պնդումները, թե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ դատավորին այսուհետ իրավունք է վերապահվում առանց ամբաստանյալների ներկայության շարունակել դատական գործընթացը, որեւէ առնչություն չունեն «7-ի գործով» դատավարության հետ:

Հիշեցնենք, որ նախորդ օրն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ գումարվի եւ ԱԺ հրավիրվի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու պարզաբանումներ տա, թե ինչ հիմքերով է մեկ տարի շարունակ անազատության մեջ պահում պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Մյասնիկ Մալխասյանին: Նշենք, որ արտահերթ նիստ գումարելու կոչով հանդես էին եկել հենց քաղբանտարկյալ պատգամավորները: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ` հարցին, թե ինչու կոալիցիոն քաղաքական ուժերը չընդառաջեցին իրենց կալանավորված գործընկերների կոչին եւ չմիացան ստորագրահավաքին, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանն ասաց. «Եթե դատավարություն է ընթանում, օրենքով չի կարող խափանման միջոցը փոխվել: Այդ ստորագրահավաքն ապօրինի է: Եթե նույնիսկ ամբողջ ԱԺ-ն ստորագրեր, չէր կարող խափանման միջոցը փոխվել, սա քաղաքական շոու էր: Մինչեւ դատը չավարտվի, չեն կարող նրանց ազատել»: Դիտարկմանը, թե` ստորագրահավաքն ուղղված էր ոչ թե նրանց խափանման միջոցը փոխելուն, այլ` ՀՀ գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելուն եւ նրանից պարզաբանումներ պահանջելուն, Հ. Կարապետյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր չեն ստորագրել, մտածում են, այդ թվում եւ՝ ես, որ պետք է հնարավորություն տրվի դատը շարունակելու, ավարտելու: Եվ եթե կարդարացվեն` կարդարացվեն: Ես չեմ հասկանում` ինչո՞ւ այդ հնարավորությունը չեն տալիս, որ դատը շարունակվի, ո՞ւմ է ձեռնտու դատը ձգձգելը: Դատավորն օրենքով է շարժվում, նա ուրիշ ելք չունի»: Այնուհետեւ խոստովանեց. «Այս օրենքը փոխեցինք, որ շարունակի (խոսքը «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքի մասին է.- Լ.Ս.): Պատային վիճակ է ստեղծվել: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոխեցինք հոդվածը, որ դատը շարունակվի, ինչքա՞ն պիտի էս մարդիկ նստեն: Երեւի քաղաքական պատվեր է իջել` ինչքա՞ն կարող եք ձգձգեք դատը: Չգիտեմ` ինչի համար»:

Գրեթե նույն պատասխանը տվեցին նաեւ ՕԵԿ-ական պատգամավորները: Ըստ Հովհաննես Մարգարյանի` ձերբակալված պատգամավորների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացրել, որին իրենք միջամտել չեն կարող: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, ԱԺ-ն դատարան չի, որ դատախազը բերի այդ եզրակացությունը եւ շարունակի ԱԺ-ում: Ճիշտ կլինի, որ մենք սպասենք դատական գործընթացի ավարտին, եւ այդ ամենից հետո քննարկենք այդ հարցը: Այլապես ստացվում է` այն քննարկվում է դատարանում, մենք պետք է քննարկենք ԱԺ-ում: Ինձ թվում է` առաջիկայում կսկսվի դատը, եւ մեր գործընկերները հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ փաստաբանների օգնությամբ այն հիմքերը, որոնք ներկայացվում են իրենց` բացառել: Ինձ թվում է` ուշ թե շուտ, պետք է այս ուղղությամբ շարժվենք»: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, բացի այս «շաբլոն» մեկնաբանությունից, պարզվում է` այլ մեկ բացատրություն էլ ունի, թե ինչու իրենք չմիացան ստորագրահավաքի: «Հետո պետք է լինի նաեւ փոխադարձ հարգանք: Ես շատ մարդկանց մոտ բազմիցս ասել եմ, որ երբ դրված էր մեր պատգամավոր գործընկերներին ձերբակալելու հարցը, այդ ժամանակ ես դեմ եմ քվեարկել կոնկրետ Հակոբ Հակոբյանի համար: Եվ պարոն Հակոբ Հակոբյանը դատարանում գիտեք, թե ինչպիսի գնահատականներ է տալիս իր պատգամավոր գործընկերներին: Իհարկե, դա ինձ չի վերաբերում, որովհետեւ ես՝ որպես իրեն ավելի մոտ կանգնած գործընկեր, մեկ համայնքում միասին աշխատել ենք, ես դեմ եմ եղել իրեն ձերբակալելուն եւ դեմ էլ քվեարկել եմ: Ես չեմ վախենում եւ միշտ էլ բարձրաձայն այս մասին ասել եմ: Բայց իր գնահատականը շատ վիրավորական է: Այստեղ պետք է լինի փոխադարձ մոտեցում: Եվ բերեք հանգիստ թողնենք այդ գործը, եւ թող դատական մարմինները նախ ուսումնասիրեն, հասկանանք, տեսնենք` իրենց գնահատականը վերջապես ի՞նչ է, ի՞նչ են ասում, ինչպիսի՞, չգիտեմ, սանկցիա են կիրառում, որից հետո մենք արդեն կփորձենք մեր գնահատականներն ասել»: Հիշեցնենք, Հակոբ Հակոբյանն այն պատգամավորներին, ովքեր հնարավորություն են տվել իրենց զրկել անձեռնմխելիությունից եւ որեւէ դիրքորոշում չեն արտահայտում դատավարության ժամանակ, անվանել էր «պուտանկա»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, թերեւս, միակն էր, որը որպես ստորագրահավաքին չմիանալու պատճառ չհիշատակեց դատական գործընթացը: Ըստ նրա` ԵԽ-ն իր 1643 բանաձեւով հստակ նշել է քաղաքական այն գործընթացը եւ մանրամասները, որը պետք է ծավալվի ՀՀ-ում մոտակա ամիսներին` մինչեւ ապրիլյան նստաշրջան: «Մասնավորապես ԵԽ-ն որոշել է այս հարցերի վերաբերյալ ՀՀ իշխանությունների անելիքները: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ կան հստակ ժամկետներ` վերանայելու համար Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները: Սրանից ավել կամ սրանից դուրս քաղաքական գործընթաց մենք ուղղակի չենք պատկերացնում: Խնդրում եմ` թույլ տալ, որ այդ քաղաքական գործընթացը, որը համաձայնեցված է ԵԽ ԽՎ-ի հետ, ունենա իր տրամաբանական ավարտը»,- հայտարարեց Ա. Սաֆարյանը:

Իսկ ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, «Ժառանգություն» խմբակցությունն «անիմաստ» ստորագրահավաք նախաձեռնելով՝ ընդամենը փորձում էր քաղաքական «դիվիդենտներ» ձեռք բերել: Հակառակ դեպքում, ինչպես ասում է Գ. Սահակյանը` եթե իրենք գտնեին, որ այդ ստորագրահավաքով «օգնում են այդ գործին», ապա հենց ինքը կնախաձեռներ այն եւ հինգ րոպեում կհավաքեր անհրաժեշտ 44 ստորագրությունները: «Ես այն կարծիքին եմ, որ անազատության մեջ գտնվողների առանց այն էլ ոչ տանելի վիճակը չի կարող քաղաքական շահարկումների առիթ դառնալ, առավել եւս՝ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու առիթ: Եթե մենք գտնեինք, որ դրանով մենք գործին օգնում ենք, ինձ համար 5 րոպե էր պետք, որ 44 ստորագրությունը հավաքեի, եւ անհրաժեշտ չէր լինի, որ մի այլ քաղաքական ուժ առաջարկություն աներ: Հենց այնպես ընդդիմություն կամ քաղաքական ուժ լինել չի կարելի: Պիտի մարդիկ փորձեն այդ դաշտի մեջ խնդիրը հասունացնել, եւ ոչ թե այսպես` անձնազոհի կերպարի տակ թաքնվելով՝ փորձեն ավելի վատացնել անազատության մեջ գտնվողներին: Մի քանի առիթներով ասել եմ, հիմա էլ եմ ասում. մենք շատ ուշադիր ենք այդ գործընթացների նկատմամբ, մենք էլ փորձելու ենք ինչ-որ ձեւով նպաստել, որ նախ արդարադատությունն իր տեղը գտնի հասարակության մեջ, եւ ինչո՞ւ չէ` օրենքի շրջանակներում մոտեցումները ձեւավորվեն իրականությանը համապատասխան»,- ասաց Սահակյանը: Դիտարկմանը, որ նման նախաձեռնության կոչ են արել քաղբանտարկյալ պատգամավորները, ուստի «Ժառանգությանը» քաղաքական «դիվիդենտներ» ձեռք բերելու մեջ մեղադրելն արդարացի չէ, Գ. Սահակյանն ասաց. «ԱԺ-ն դատական մարմնի լիազորություններ չի կարող վերցնել իր վրա, առավել եւս՝ իշխանության որեւէ թիմ, կողմ, չի կարող ճնշումներ գործադրել դատարանի վրա թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Դատը բաց է, ինֆորմացիան տարածվում է, թող մարդիկ դատարանում ապացուցեն իրենց անմեղությունը: Դա մեզ համար ամենացանկալի միջոցը կլինի»: Ոչ թե պատգամավորները պետք է դատարանում ապացուցեն իրենց անմեղությունը, այլ` դատարանը պետք է ապացուցի, որ նրանք մեղավոր են, այս դիտարկմանն ի պատասխան էլ՝ Գ. Սահակյանն ասաց. «Որպեսզի դատարանն իրենց մեղքն ապացուցի, պետք է դատական պրոցես ընթանա»: