Բորշչի համով պաղպաղակ

08/02/2009

«Մենք այս կարգի վատ որակի փաստաթուղթ չէինք տեսել: Դա, հեռուստաեթերի լեզվով ասած, «արդեն վերջն է» կամ «բորշչի համով պաղպաղակ է»,- ԱԺ քննարկմանը ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն այսպես է գնահատել Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: «Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) եւ Հանրային ռադիոհեռուստատեսության խորհուրդը այսօր չեն բավարարում մինիմալ պահանջներին` հիմնականում անկախության եւ այդ մարմիններում հասարակության ներկայացված լինելու առումով»,- ասել է նա: Ըստ Բ. Նավասարդյանի, առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնում նաեւ ՀՌԱՀ-ի կողմից մրցույթների թափանցիկության ու արդարության սկզբունքի ապահովման խնդրին, որի արդյունքն էր «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսյան որոշումը: Բացի այդ, ըստ ԵՄԱ-ի նախագահի՝ «Նորացված Սահմանադրությամբ, ենթադրվում է, որ ՀՌԱՀ-ը պետք է կարգավորի ոչ միայն մասնավոր, այլ նաեւ հանրային հեռարձակողների գործունեությունը, բայց այդ դրույթը որեւէ կերպ չի արտացոլված օրենքի փոփոխության մեջ»: Բ. Նավասարդյանը հիշեցրել է, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին ԱԺ համապատասխան հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված է ինքը, սակայն այս օրենքի փոփոխություններն այդտեղ չեն քննարկվել: «Էլ ինչո՞ւ են ստեղծել աշխատանքային խումբը, եթե չպետք է մեր կարծիքը հարցնեին տվյալ ոլորտի օրինագծեր մշակելիս»,- ասել է նա: Իսկ «Ինտերնյուսի» ղեկավար Նունե Սարգսյանը նշել է, որ մրցույթների թափանցիկության, արդարության, հեռարձակողների բազմազանության ու բովանդակության խնդիրներին անդրադառնալու փոխարեն, օրենքում ամրագրվել է, որ ՀՌԱՀ-ի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները պետք է երդվեն: «Սա ոչ միայն ծիծաղ է առաջացնում, այլ ցույց է տալիս օրենքի փոփոխությունների իմիտացիոն բնույթը»,- նշել է Ն. Սարգսյանը: