Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի վիճակագիրները մեր տնտեսության զարգացման ցուցանիշները բաժանում էին երկու մասի` ադամանդագործությունը ներառյալ եւ առանց ադամանդագործության: Մի քանի տարի առաջ ադամանդագործությունը Հայաստանում զարգացման այնպիսի ծավալների էր հասել, որ տնտեսության գրեթե բոլոր ցուցանիշների վրա էական ազդեցություն էր թողել: 2004-2005թթ. ադամանդի վերամշակման ծավալը մեր երկրում հասավ իր բարձրակետին` աշխատում էին վերամշակող մոտ 200 մանր ու մեծ գործարաններ, այդ ոլորտում կար մոտ 5000 աշխատատեղ, եւ տարեկան տաշվում էր մոտ 1 մլն կարատ ադամանդ: Այսօր ընդամենը 1-2 գործարան է աշխատում` այն էլ հզորությունների շատ չնչին ծավալով: Եվ եթե ամբողջ աշխարհում ադամանդագործությունը միայն անցած տարվանից տնտեսական ճգնաժամի արդյունքում է սկսել անկում ապրել, ապա մեր երկրում 2005թ.-ից է անկման գործընթացը սկսվել` երբ ՀՀ-ում դոլարը սկսեց արժեզրկվել: Այսօր, ադամանդ վերամշակող մյուս բոլոր գործարանների հետ միասին, չի աշխատում նաեւ Հայաստանի ադամանդագործության հսկա Նոր Հաճընի «Շողակն» գործարանը: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներից մնացած «Շողակնը» 2000թ. ձեռք բերեց հրեա հայտնի գործարար, ադամանդագործության աշխարհի տիրակալներից մեկը` Լեւ Լիվաեւը: Նրա շնորհիվ «Շողակնի» առջեւ մեծ հնարավորություններ բացվեցին, գործարանն աշխատում էր մեծ ծավալներով: Լ. Լիվաեւը, սակայն, 2008թ. փետրվարից դադարեցրեց ադամանդի վերամշակումը Հայաստանում. դոլարի արժեզրկման պատճառով ինքնարժեքը շատ էր բարձրացել, եւ այլեւս անհնար էր աշխատել: Ադամանդագործության ոլորտի խնդիրների, մասնավորապես՝ «Շողակնի» գործունեության շուրջ զրուցեցինք գործարանի տնօրեն Սերգեյ Գասպարյանի հետ, ով լավագույնս տիրապետում է ՀՀ-ում ադամանդագործության զարգացման խնդիրներին:
– 2005թ. «Շողակնը» ուներ 1800 աշխատող եւ ամսական մինչեւ 35.000 կարատ ադամանդ էր տաշում: Դա համարվում էր շատ բարձր ցուցանիշ: Համենայնդեպս, աշխարհում այդպիսի ցուցանիշ ոչ մեկը չուներ: Խորհրդային տարիներին «Շողակնը» ունեցել է 2000 աշխատող, սակայն ամսական 12.000 կարատ էր մշակում: Մեզ մոտ 2005թ. միջին աշխատավարձը կազմում էր 300 դոլար, որն այն ժամանակ 170.000 դրամ էր: Դա բոլոր կողմերին էլ ձեռնտու էր, բայց ի՞նչ տեղի ունեցավ: 2005թ. դոլարը սկսեց արժեզրկվել, հետեւաբար ադամանդի մշակման ինքնարժեքը սկսեց բարձրանալ: Արդյունքում աշխատելը դառնում է ոչ շահավետ: Նույնիսկ վաղը եթե դոլարն արժեւորվի, իմացեք, այդ ոլորտը շատ արագ կվերագործարկվի:
– Պարոն Գասպարյան, դոլարի արժեզրկումից բացի՝ ադամանդագործության համար Հայաստանում խանգարող այլ հանգամանքներ չկայի՞ն: Օրինակ` հարկային դաշտը բարենպա՞ստ է այդ ոլորտի համար:
– ՀՀ հարկային դաշտը շատ լավն է, միջազգային չափանիշներին համապատասխան է, եւ ոչ մի խնդիր չէր ծագում: Ադամանդագործության ոլորտում ամենուր օրենքները համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին: Ինչպես հայտնի է` այս բնագավառը միջազգային չափորոշիչներին համաձայն` ՀՀ-ում եւս ազատված է ավելացած արժեքի 20 տոկոս հարկատեսակից: Գործարանը հագեցած է ժամանակակից լավագույն տեխնիկայով, մեր մասնագետների որակը շատ բարձր է: Մեր ոլորտին խանգարեց միայն դոլարի արժեզրկումը: Ադամանդագործությունը սիրում է մաքրություն, կայուն երկիր, ցնցումներ չի սիրում: Ինչպես որ ադամանդն է մաքուր, այնպես էլ մաքուր պիտի լինի նրա գործունեության միջավայրը: Այս առումով Հայաստանում իդեալական պայմաններ կային աշխատելու համար:
– Իսկ որքա՞ն պետք է լինի դոլարի կուրսը, որ ձեռնտու լինի վերագործարկել գործարանը:
– Այս ոլորտը շահույթ չի հետապնդում, որովհետեւ սպասարկող ոլորտ է: Մեր օգուտն այն է, որ աշխատատեղեր ենք ստեղծում, կենսաթոշակային ու եկամտահարկ ենք վճարում: Այս ոլորտից այսքանը կարելի է սպասել, որովհետեւ Հայաստանը ադամանդ չունի, եւ մենք միայն մշակում ենք: Մենք այն չենք վաճառում, որպեսզի շահույթ ստանանք: Օրինակ, եթե ընդունենք, որ 35.000 կարատ ադամանդ մշակելու համար «Շողակնն» ամսական ստանում էր 1 մլն դոլար, ապա այն ժամանակ դա կազմում էր մոտ 580 մլն դրամ: Այսօր, եթե նույն հզորությամբ աշխատենք, ապա մեր ծախսերը դարձյալ կկազմեն 1մլն դոլար, սակայն գործարանը այսօրվա փոխարժեքի դեպքում 580 մլն դրամի փոխարեն կունենա մոտ 300 մլն դրամ: Այսպիսով` մշակման ինքնարժեքը կրկնապատկվում է, որը թույլ չի տալիս մեզ մրցակցել ավելի էժան ինքնարժեք ունեցող երկրների հետ, ինչպիսին են այսօր Հնդկաստանը եւ Չինաստանը: Ադամանդն ամբողջ աշխարհում դոլարի գոտում է գործում, եվրոյի գոտի չի մտել: Մեր ստացած եկամտի 80 տոկոսը աշխատավարձ է վճարվում: Եթե 4-5 տարի առաջ բանվորը միջինը ստանում էր 300 դոլար (մոտ 170.000 դրամ) եւ շատ գոհ էր, ապա այսօրվա 300 դոլարով նույն բանվորը չի կարող աշխատել:
– Ադամանդի վերամշակումը կրկին սկսելու համար պետությունից որեւէ ակնկալի՞ք կա:
– Հայաստանում մենք դրամի փոխարժեքից բացի՝ այլ խնդիր չունենք, սակայն համաշխարհային շուկան ֆինանսական ճգնաժամի հետեւանքով այսօր իր խնդիրներն է բերել ոլորտ: Ամբողջ աշխարհի պատրաստի ադամանդի 70 տոկոսը սպառվում էր Ամերիկայում: Բնական է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով այսօր կտրուկ նվազել են սպառման ծավալները` եւ ԱՄՆ-ում, եւ ամբողջ աշխարհում: Եվ սա էլ իր հերթին անմիջական հետեւանք է թողնում ադամանդի մշակման ոլորտի վրա: Ի դեպ, 2003թ. Լեւ Լիվաեւն առաջարկեց Հայաստանում հիմնել ադամանդի միջազգային բորսա, որպեսզի ամբողջ աշխարհից գան, հումք եւ պատրաստի արտադրանք գնեն այստեղից: Այդ ժամանակ ավելի հեշտ կլիներ դա ստեղծելը: Հումքը տեղում կլիներ` կմշակեինք ու ետ կվերադարձնեինք: Տարեկան 5 մլրդ դոլար էր անհրաժեշտ բորսայի ստեղծման համար, եւ Լիվաեւը խոստացավ ներդնել այդ գումարը: Այդ գաղափարը, սակայն, չիրագործվեց: Վերջերս ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես հիշեցրեցի այդ գաղափարի մասին: Կարծում եմ` ՀՀ-ում բորսայի ստեղծումը նոր խթան կհանդիսանա ոլորտը նոր հզորությամբ զարգացնելու համար: Լեւ Լիվաեւը, որ աշխարհում շատ ճանաչված գործարար է` եւ ոչ միայն ադամանդագործության ոլորտում, 2002-2005թթ. ՀՀ այցելության ժամանակ այդ բնագավառի խոշորագույն մարդկանց էր իր հետ բերում (այդ թվում` տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների), որոնք եւս հետաքրքրվում էին հայաստանյան շուկայով: Համագործակցության նոր հնարավորություններ էին բացվում մեր առջեւ, ընդ որում` ոչ միայն ադամանդագործության ոլորտում (մասնագետների փոխանակում, հայկական արտադրության մոտ 2000 հաստոցների արտահանում, եւ այլն): Իր հետ առաջին անգամ ՀՀ եկավ նաեւ հայազգի, ադամանդագործության ոլորտի հզորագույն դեմքերից մեկը` Ադամանդի համաշխարհային որակավորման կենտրոնի նախագահ Ուիլյամ Բոյաջյանը, որը բարձր գնահատեց ՀՀ-ում ադամանդագործության զարգացումը եւ հատուկ նշեց ՀՀ մշակման բարձր որակը: Իսկ նրա կարծիքն այդ ոլորտի պրոֆեսիոնալների համար բարձրագույն գնահատականն է: Եթե այն ժամանակ բորսան հիմնադրվեր, արդյունքում՝ ադամանդագործությունից բացի, այստեղ սպասարկման, բանկային եւ շատ այլ ոլորտներ եւս կզարգանային: Այստեղ շատ հարուստ մարդիկ կգային եւ շատ ոլորտներ, ենթակառուցվածքներ կզարգանային, ներդրումներ կարվեին: Զուտ շրջանառության վրա չնչին տոկոս հարկ կդրվեր, ինչպես ամբողջ աշխարհում է, եւ ՀՀ-ն հսկայական շահույթ կունենար:
– Եթե դոլարը չարժեզրկվեր, ՀՀ-ում ադամանդագործության ծավալները կմեծանայի՞ն:
– Այո, անսահման հնարավորություններ կային: Մենք մաքսիմալ ընդլայնվեցինք: 1971թ. երբ որոշում ընդունեցին Հայաստանում ադամանդագործություն զարգացնելու մասին, ԽՍՀՄ-ում ստեղծեցին 7 մեծ գործարաններ. 3-ը՝ Ռուսաստանում, 2-ը՝ Ուկրաինայում, 1-ը՝ Բելառուսում, մեկը` Հայաստանում: Աշխարհում հիմա այդպիսի մեծ գործարաններ չկան: Թեեւ Լիվաեւն այս բոլորի հետ աշխատում էր, սակայն առաջինը մենք էինք: Այդ տարիներին «Շողակնի» հզորությունը եւ հնարավորությունները ոչ մի գործարան չուներ: Հիմա, սակայն, «Շողակնը» չի աշխատում, բայց աշխատում են մյուս 6 գործարանները: Ուկրաինայում հրեաներն են աշխատեցնում, եւ հիմա հատկապես, որ ինֆլյացիան եղավ, հրեաներն ավելի մեծացրեցին մշակման ծավալները, նրանց բանվորներն էլ լավն են: Բելառուսի հետ նոր են սկսում աշխատել: Ռուսները խնդիր չունեն, որովհետեւ նրանք հանքեր ունեն եւ իրենց քարերն են մշակում: Այսօր այդ բոլոր գործարաններն աշխատեցնում են նույն այն հրեաները, ովքեր մի քանի տարի Հայաստանի մյուս գործարանների հետ էին աշխատում: Այդ ոլորտի մյուս հրեա գործարարները, տեսնելով Լիվաեւի մուտքը ՀՀ, նրանք եւս սկսեցին գալ Հայաստան եւ համագործակցել ՀՀ մյուս գործարանների հետ: Բիզնեսում, առհասարակ, այդպես է. Լիվաեւի անունը նրանց համար «լուրջ երաշխիք» է տվյալ երկրում բիզնեսի ներդրման, զարգացման եւ կայունության համար: Հետեւաբար, ՀՀ-ում Լիվաեւի գործունեության ժամանակավոր կասեցումը կարծես ահազանգ եղավ մյուսների համար, եւ շատերը դադարեցրին իրենց աշխատանքը այստեղի այլ գործարանների հետ: Մենք նրանց կորցրեցինք:
– Իսկ գործարանի աշխատուժը պահպանվե՞լ է: Եթե ՀՀ-ում կրկին ադամանդագործությունը վերսկսի աշխատել, հնարավոր կլինի՞ նույն որակի ու քանակի բանվորներ գտնել:
– Խնդիր չկա, եթե դոլարը արժեւորվի, գործարանը 1 օրում կարող է վերագործարկվել: Առաջին երկիրը, որտեղ ադամանդ է մշակվել եւ ադամանդի բորսա է եղել, Հոլանդիան է: Երբ այնտեղ ադամանդագործությունը նորմալ վիճակում էր, եւ սկսեցին շատ եկամուտ ստանալ, կառավարությունը որոշեց 1 տոկոս հարկ սահմանել: Բոլորը փակեցին իրենց արտադրամասերն ու տեղափոխվեցին Բելգիա: Հոլանդիայում հասկացան իրենց սխալը, ներողություն խնդրեցին, ետ կանչեցին, բայց ոչ ոք այլեւս չվերադարձավ: Սա հիշելով` ուզում եմ ասել, որ այդ ոլորտը շատ զգուշավոր ու բարդ ոլորտ է: 1990-ական թվականներին հումքի գինը շատ էժան էր, թանկ էր պատրաստի արտադրանքի գինը: Այժմ գնալով` հումքի գինը թանկանում է, պատրաստի արտադրանքի գինը նվազում է, եւ այսօր այն եզրին է հասել, որ դրանց միջեւ գնային տարբերությունը չնչին է դարձել: Բելգիայում երբ բնակչության կենսամակարդակը բարձրացավ, այլեւս ձեռնտու չէր մշակումը, եւ ադամանդագործությունը տեղափոխվեց Իսրայել: Իսրայելում կենսամակարդակը բարձրացավ` ադամանդագործությունը տեղափոխվեց դեպի Ուկրաինա, Ռուսաստան, Հայաստան: Այժմ արդեն այդ շուկան տեղափոխվել է Հնդկաստան ու Չինաստան: Այսօր չինացիք ադամանդը մեզանից 2-2,5 անգամ էժան են տաշում-մշակում: Բայց, միեւնույն է, ոլորտի համաշխարհային մասնագետների գնահատականներով հայ մասնագետների մշակումը լավագույններից է համարվում: Ավելին, ամեն ամսվա վերջին դրսից մեզ շտապեցնում էին, թե՝ սպառողն ուզում է հենց Հայաստանի մասնագետների տաշվածքը: Մերոնք իսկապես շատ գեղեցիկ ու որակով էին մշակում: Այսօր ամենաշատը հնդիկներն են մշակում, բայց ադամանդագործության աշխարհում կա այսպիսի գաղափար` կա բարձր որակի տաշվածք, որը մենք ենք անում, եւ ասում են՝ կա հնդկականը, որն էժան շուկան է: Հայտնի ֆիրմաները նախընտրում են հայկական տաշվածքը եւ ոչ թե հնդկականը: Մենք շատ առավելություններ ունեինք եւ լավ համբավ: Ադամանդագործությունը մի մեծ ընտանիք է, որտեղից, ցավոք, մենք այսօր արհեստականորեն դուրս ենք մնացել:
– ՀՀ ու Ռուսաստանի իշխանությունների միջեւ պարբերաբար ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերվում, որպեսզի այդ երկիրը մշակելու համար մեզ ինչ-որ քանակի ադամանդ տրամադրի: Դա իրատեսակա՞ն է:
– Ես անձամբ չեմ հավատում: Ռուսաստանն ունի վերամշակման համապատասխան բոլոր հզորությունները, իսկ պատրաստի հումքն անմիջապես վաճառում է «Դե Բիրսին»: Իսկ ինչ վերաբերում է աֆրիկյան երկրների հումքին, ապա այսօր հումք ունեցող երկրները, բնականաբար, փորձում են վերամշակող գործարաններ ստեղծել իրենց իսկ երկրներում: Այսօր հայտնվել ենք մի վիճակում, որ եթե արագ քայլեր չձեռնարկենք, կարող ենք այդ ոլորտից ընդհանրապես դուրս մնալ` չդիմանալով ոլորտում առկա իմ նշած բոլոր մարտահրավերներին: Եվ գլխավորը՝ չպետք է մոռանանք, որ Հայաստանն ալմաստի հանքեր չունի: Տեսնելով այն հնարավորությունները, որ ունեինք եւ որը կարող ենք ընդմիշտ կորցնել` պարզապես ցավում եմ: Այս պահին մեր նպատակն է` Լեւ Լիվաեւի հետ վերսկսել գործարանի վերամշակման գործընթացը: