2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնաճ: Սա վերջին 10 տարիների հունվար ամիսներին արձանագրված ամենացածր գնաճն է: Այս մասին ասված է ՀՀ ԱՎԾ-ի կողմից վերջերս հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2009թ. հունվարին» զեկույցում:
Համեմատաբար ցածր (2.5%-ից փոքր) գնաճ վերջին 10 տարիների հունվար ամիսներին (նախորդ ամիսների նկատմամբ) արձանագրվել է 2000, 2002, 2004, 2007 եւ 2008 թվականներին: Մյուս տարիների հունվար ամիսներին գրանցվել է 2.5% եւ ավելի բարձր գնաճ, ընդ որում, այն 2001-ին կազմել է 4.6%, 2003-ին` 4.1%, իսկ 2005-ին` 5.4%: Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.8%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով: Սա` ըստ պաշտոնական վիճակագրության: Այժմ նշենք, թե հատկապես որ ապրանքատեսակների հաշվին է հնարավոր եղել «ապահովել» այսքան ցածր գնաճ: Պարենային ապրանքները (բանջարեղեն, կարտոֆիլ, ձու, միրգ եւ այլն) թանկացել են 2.6%-ով, այսինքն` ավելի, քան 2 անգամ` քան սպառողական ապրանքների ընդհանուր գնաճն է: Ոչ պարենային ապրանքատեսակների (բենզին, դիզվառելիք, կենցաղային տեխնիկա եւ այլն) գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում նվազել է 1.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ: Նշենք, որ սոցիալապես անապահով խավը հիմնականում զգայուն է պարենային ապրանքատեսակների նկատմամբ: Այդ ապրանքախմբից բանջարեղենի եւ կարտոֆիլի գները 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ աճել են 30.1%-ով: 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոլիկի (1.7 անգամ), վարունգի (1.6 անգամ), կաղամբի (34.2%), գազարի (27.0%), գլուխ սոխի (24.7%), ճակնդեղի (21.3%), սխտորի (4.7%), կարտոֆիլի (2.6%) գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում արձանագրվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի 16.1-41.2% գնաճ, ընդ որում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն աճել են 33.4%-ով: Մրգի ապրանքախմբում 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ ողջ հանրապետությունում արձանագրվել է 14.9% գնաճ: Իսկ դիտարկված քաղաքներում արձանագրվել է մրգի 4.8-20.3% գնաճ, ընդ որում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է կրկին Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 16.9%-ով: Ձվի միջին հանրապետական գինը 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ աճել է 2.7%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում ձվի գինն աճել է 1.3-7.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում), իսկ մյուս 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում գրանցվել է ձվի 2.2% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2008թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին գրանցվել է 0.7% գնաճ: Վերջինս հիմնականում՝ տավարի եւ ոչխարի մսի, համապատասխանաբար, 2.4% եւ 6.3% գնաճի արդյունք է: Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 2.5%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.1-1.6%-ով: Շաքարավազի եւ կաթնամթերքի ապրանքախմբերում 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.1% եւ 0.5% գնաճ: Ոչ պարենային ապրանքների շուկայում 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցված 1.3% գնանկմանը մեծապես նպաստել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 9.4% եւ 10.5% գնանկումը: 2009թ. հունվարին 2008թ. հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 24.3% եւ 20.2%-ով, իսկ 2005թ. համեմատ` 21.3 եւ 6.0%-ով: 2009թ. հունվարին բենզինի միջին հանրապետական մանրածախ գինը կազմել է 261.3 դրամ, ինչը մոտավորապես հավասարվել է 2002թ. մայիսին արձանագրված գնին (260.5 դրամ): Դիզելային վառելիքի միջին հանրապետական մանրածախ գինը կազմել է 259.4 դրամ, ինչը մոտավորապես կրկնել է 2004թ. նոյեմբերին արձանագրված գինը (261.6 դրամ): Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցված սակագների 0.3% հավելաճը հիմնականում պայմանավորվել է բնակարանային-կոմունալ 0.3%, բուժսպասարկման 0.3%, հանգստի կազմակերպման 0.4%, տրանսպորտի 0.6% ծառայությունների սակագների հավելաճով: Կրթության համակարգի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով: Մշակույթի ոլորտում գրանցվել է սակագների 0.4% նվազում, իսկ կենցաղային բնույթի, կապի, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Այսպիսով, վերը նշված պաշտոնական «ցածր գնաճի» ցուցանիշի կառուցվածքից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք հերթական վիճակագրական աճպարարության հետ, որն, ինչպես միշտ, քարոզչական նշանակություն ունի. իրականում նվազել են առավելապես վառելիքի գները` «չեզոքացնելով» առաջին անհրաժեշտության ապրանքների, առավելապես՝ սննդամթերքի գների աճը: Իսկ այն մարդիկ, ովքեր առաջին հերթին թանկացած կարտոֆիլ կամ այլ բանջարեղեն գնելու խնդիր ունեն, ինչպես հայտնի է, ավտոմեքենա չեն վարում: