«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել Արաբկիր համայնքի, Արաբկիր 49փ. թիվ 7 բնակարանի տանտեր Սահակ Վարդանյանը: Վերջինս վստահեցնում է, որ սկսած 1946-ից` իրենք ապրել են վերոնշյալ հասցեում, հետեւաբար՝ այդ բնակարանն էլ իրենք են կառուցել:
«Մենք հայրենադարձներ ենք եղել: 1946-ին երբ եկանք Հայաստան՝ մեզ այդ հողատարածքը հատկացրին: Այն տարիներին հայրենադարձներին հողամաս կամ բնակարան էին տալիս: Մի խոսքով` մեզ հողատարածք տվեցին, որտեղ էլ կառուցեցինք այդ բնակարանը»,- մեկնաբանում է Ս. Վարդանյանն` ասելով, որ ընդհանուր բնակմակերեսը կազմում է 287քմ.: Ինչեւէ, Ս. Վարդանյանն այդ բնակարանի հանդեպ ունի սեփականության իրավունք (նաեւ մեզ է ներկայացրել սեփականության իրավունքի վկայականը), որը որդու` Անդրանիկ Վարդանյանի անունով է: Մինչդեռ, վերջինս հավաստիացնում է, որ բնակարանին կից տարածքում տարիների ընթացքում փոքրիկ հողամաս է ստեղծել` այնտեղ տարբեր ծառեր տնկելով եւ կանաչ գոտու վերածելով: Հողատարածքը 39քմ է: Ներկայումս Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է տարածքն օրինականացնել, այն դեպքում, երբ 2008-ին ՀՀ նախագահը որոշում է ընդունել քաղաքացիների կողմից զբաղեցրած պետության սեփականություն հանդիսացող հողատարածքները քաղաքացիներին անհատույց օտարելու մասին: Մեջբերում ենք ՀՀ Հողային օրենսգրքի «Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումը» 63 հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է` «Պետության եւ համայնքների սեփականության հողամասերն օտարվում են օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար: Օտարման ենթակա հողամասերը որոշվում են հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիման վրա: Պետության սեփականության հողամասերն օտարվում են` սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառելու կամ աճուրդի միջոցով»: Ս. Վարդանյանը վստահ է, որ կանաչ գոտի հանդիսացող այդ հողատարածքը չօրինականացնելու դեպքում համայնքային կամ քաղաքային իշխանություններն այն վաճառելու են մեկին, ով բնականաբար այգին ոչնչացնելու հաշվին շինարարություն կսկսի: «Ինձ էդ տարածքը ոչ հաց, ոչ էլ ջուր է տալիս: Ուղղակի մաքուր օդի աղբյուր եւ կանաչ գոտի է, որն անհրաժեշտ է տեղի բնակիչներին»,- ասում է նա: Ինչեւէ, Ս. Վարդանյանի հողատարածքն անհատույց իրեն տրամադրելու դիմումներին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանը տեղեկացրել է. «Ի պատասխան Երեւանի քաղաքապետին հասցեագրված Ձեր դիմումի` կապված Արաբկիր 49փ. հ.7 հասցեում գտնվող տունը եւ հողամասն օրինականացնելու հարցի հետ, հայտնվում է հետեւյալը. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրինականացման ենթակա են այն բնակելի տները եւ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար փաստացի սահմանազատված հողամասերը, որոնք կառուցվել են մինչեւ 2001-ի մայիսի 15-ը: «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՊՓԲԸ-ի տրված տեղեկանքի համաձայն` տրվել է արբանյակային նկարի հիման վրա, մինչեւ 2001-ի մայիսի 15-ը Ձեր տունը առկա չի եղել: Ելնելով վերոգրյալից՝ Ձեր դիմումին դրական ընթացք տրվել չի կարող»: Այս պատասխանի մեջ մեզ համար անհասկանալի է Ս. Վարդանյանի դիմումի, ինչպես նաեւ՝ պատասխանի այն հատվածը, որտեղ բացի 39քմ կազմող հողատարածքից` մատնանշվում է նաեւ տունն օրինականացնելու հանգամանքը: Ս. Վարդանյանը բոլոր իրավունքներն ունի այդ տան հանդեպ, մինչդեռ, թե ինչո՞ւ է հողատարածքի հետ նաեւ նշել տունը` վերջինս պատասխանում է. «Ես չգիտեմ, իրենք ինձ ասեցին: Քաղաքապետարանում մի բլանկ տվեցին ու ուղղորդեցին, թե ինչպես լրացնեմ: Ես էլ գրեցի տունն ու հողամասը»: Թեեւ վերջինիս այս պատճառաբանությունն այնքան էլ համոզիչ չէ, այդուհանդերձ, Ս. Վարդանյանը խնդրում է մեր թերթի միջոցով հրապարակել քաղաքապետարանից ստացված պատասխանի այն հատվածը, որտեղ մեկնաբանում են, թե` «Ձեր տունը կառուցվել է 2001-ին` հողամասն օրինականացնելու հիմքեր չկան»: Ս. Վարդանյանը պնդում է, որ կան համապատասխան փաստաթղթեր, ըստ որոնց, իր տունը կառուցվել է 1946-ին: Վերջինս օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղղել` խնդրելով փորձագետներ ուղարկել տան կառուցման իրական տարեթիվը ճշտելու նպատակով: «Չեմ հասկանում՝ արբանյակային նկարը ո՞րն է, երբ կան փաստաթղթեր, կամ էդ ինչպե՞ս են նկարել, որ պարզվել է, թե իբր տունս կառուցվել է 2001 թվից հետո: Այսինքն` քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ քաղաքացուն հողատարածքը չտա, որպեսզի այն վաճառի ու գումար աշխատի՞: Բայց դա կանաչ գոտի է ու երկարատեւ աշխատանքի արդյունք: Եթե երկրի նախագահը հողատարածքը քաղաքացուն տրամադրելու որոշում է կայացրել, ինչո՞ւ են անհիմն պատճառաբանություններով զրկում այդ հնարավորությունից»,- ասում է Ս. Վարդանյանը` վստահեցնելով, որ շուտով հայց է ներկայացնելու դատարան` ապացուցելու համար, որ իր բնակարանը կառուցվել է 1946-ին, հետեւաբար՝ զբաղեցրած հողատարածքն օրենքով սահմանված կարգով պետք է օրինականացնեն: