Հիշեցնենք, որ հյութերը Վրաստանից ներմուծում է «Ջերմուկ գրուպ»
ընկերությունը: Ընդ որում, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ Աշոտ
Արսենյանը վստահեցնում էր, որ դրանք, ամենայն հավանականությամբ, առեւտրի
ցանցերում չիրացված ըմպելիքներն են, որոնք վաղուց են դրվել վաճառքի ու
հնացել են: Մյուս դեպքում էլ պրն Արսենյանը ժամկետանց ըմպելիքների
առկայության փաստը պատճառաբանեց անբարեխիղճ մրցակիցների, մասնավորապես
«Coca Colla» ֆիրմայի տարածած կեղծ լուրերի վարկածով: Մինչդեռ, նշենք, որ
առեւտրի կետերում դեռեւս մեզ հրամցնում են վերոհիշյալ զովացուցիչ
ըմպելիքները, որի հետեւանքով, ըստ Սպառողների միության նախագահ Արմեն
Պողոսյանի՝ սպառողների մոտ առաջացել են ալերգիկ երեւույթներ: Եթե նախորդ
հարցազրույցի ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը
ոգեւորված փաստում էր դրանց պիտանելիության ժամկետանց լինելու հանգամանքը
եւ մակնիշման վրա հայերեն տառերով լրացուցիչ տեղեկատվության
բացակայությունը, ինչն ուղղակի օրենքի խախտում է, ապա ներկայումս պրն
Պողոսյանը փորձում է այդ փաստարկները լղոզելով ինչ-որ կերպ արդարացնել
տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը՝ մեղքը բարդելով մաքսային
մարմինների վրա, որոնք թույլատրել են ժամկետանց այդ ապրանքների
ներմուծումը: Տեղական շուկայում վաճառվող, մարդկանց առողջությունը վտանգող
ըմպելիքների խնդիրը բարձրաձայնելուց հետո անգամ սառույցը տեղից չշարժվեց.
համապատասխան մարմինները դրանք ոչնչացնելու քայլեր կարծես թե չարեցին,
փոխարենը սպառողների շահերը պաշտպանող որոշ օղակների բառացիորեն լռեցրին:
Սպառողների միության նախագահ պրն Պողոսյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում
վստահեցրեց, որ մեր թերթի ահազանգից հետո դիմել են երկու լաբորատորիա,
որոնցից մեկի եզրակացությամբ՝ ժամկետանց այդ ըմպելիքների որակական
չափանիշների որեւէ շեղում չի արձանագրվել:
Բանն այն է, որ հաճախ տարբեր երկրներում արտադրվող ժամկետանց ըմպելիքներն,
այդ շուկաներում վերացնելու փոխարեն, էժան գներով վաճառում են Հայաստան
ներմուծող ընկերություններին, որոնք, բնականաբար, մեծ շահույթ են
ունենում, ներկրողն էլ իր հերթին զեղչ գներով վաճառում է հայաստանյան
շուկայի ներկայացուցիչներին: Արդյունքում տուժում է Հայաստանի քաղաքացին,
քանի որ այդ երկրներում թափելու պիտանի ապրանքը Հայաստանի առեւտրի
կետերում բավական հեշտությամբ իրացվում է: Առեւտրի եւ տնտեսական զարգացման
նախարարության Որակի տեսչության պետի տեղակալ պրն Գյոզալյանն էլ իր հերթին
տեղեկացրեց, թե իրենք տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգումներ են
իրականացնում, ինչի արդյունքում զովացուցիչ ըմպելիքների որոշակի
խմբաքանակի իրացումը ժամկետանց լինելու եւ մակնիշման բացակայության
պատճառով կասեցվել է: Նշենք, որ Որակի տեսչությունն օրենքի համաձայն՝
իրավունք ունի ստուգումներ կատարել միայն տնտեսվարող սուբյեկտի մոտ կամ
ձեռնարկությունում, իսկ առեւտրի ցանցերում դրանց վաճառքը մնում է անփոփոխ:
Ժամկետանց ապրանքների վաճառքն արգելելու վերաբերյալ գոյություն ունեն
հստակ օրենքներ: Դրանք կարգավորվում են մի քանի օրենքներով եւ
Կառավարության սահմանած կարգով: Առաջին հերթին կարգավորվում է Մաքսային
օրենքով, որի 54 հոդվածը սահմանում է, որ ժամկետանց ապրանքը պետք է
ոչնչացնել մաքսային ռեժիմով: Մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքները
ներմուծող անձի համաձայնությամբ եւ Կառավարության կողմից սահմանված
կարգով: Կառավարությունը հաստատում է այն ապրանքների ցանկը, որոնք
մաքսային ռեժիմում կարող են ոչնչացվել: Մաքսային պետական կոմիտեին ուղղած
մեր հարցը, թե ժամկետանց ըմպելիքների ներմուծումն ինչո՞ւ չի արգելվել
մաքսակետում եւ ե՞րբ, ի՞նչ քանակությամբ են Վրաստանից ներմուծվել, կարծես
թե երկար մտածելու տեղիք տվեց, քանի որ պատասխանի համար իրենք պետք է
քննարկումներ անեն, ապա մեկնաբանություն տան: Այս խնդիրը կարգավորվում է
նաեւ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, որի 6-րդ
հոդվածի 4-րդ կետն արգելում է ապրանքի վաճառքը սահմանված պիտանելիության
ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ՝ այն ապրանքների վաճառքը, որոնց համար
պետք է սահմանված լինի պիտանելիության ժամկետ, բայց չի սահմանվել:
Արտադրողները պետք է ունենան ապրանքների վրա նշված պիտակավորման
ժամկետները, որից հետո միայն իրավունք ունեն ապրանքը վաճառել, իսկ
ներմուծողներն այդ տեղեկատվությունը պետք է ապահովեն հայերեն տառերով
գրված հավելյալ տեղեկատվությամբ: Ժամկետանց ապրանքատեսակների խնդիրը
կարգավորվում է նաեւ Ստուգումների մասին օրենքով, ըստ որի, եթե
ձեռնարկությունում կամ տնտեսվարող սուբյեկտի մոտ հարկային ստուգումներ
իրականացնող հարկային տեսուչները ստուգման ընթացքում հայտնաբերում են
ժամկետանց ապրանքներ, պարտավոր են ակտ կազմել եւ օրենքով սահմանված կարգով
ոչնչացնել դրանք: Օրենքը խախտելու դեպքում պատասխանատվությունը կրում է ոչ
միայն ապրանքը ներմուծող տնտեսվարող սուբյեկտն, այլեւ հարկային, մաքսային
մարմինները, որոնք նմանօրինակ փաստերի մասին լռելով խթանում են անորակ
ապրանքի ներմուծումը եւ իրացումը: