Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է ճգնաժամի պայմաններում քաղաքացիների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցներ, որոնք նախատեսում է փետրվարի 18-ին քննարկել արհմիությունների եւ ձեռնարկատերերի հետ: Սարկոզին լրագրողների հարցերին պատասխանել է խոշորագույն ազգային գործադուլից մեկ շաբաթ անց, երբ երկրի փողոցներ էր դուրս եկել մինչեւ 2,5 միլիոն մարդ: Ֆրանսիացիները պետությունից պահանջում էին օժանդակություն տնտեսական ճգնաժամի պայմաններում եւ, մասնավորապես, վրդովված էին բանկերին վիթխարի պետական վարկերի տրամադրումից: «Այս պահին դա նրանց (ֆրանսիացիներին) ոչ մի սանտիմ չի արժեցել: Ես 320 միլիարդ եվրո եմ հավաքագրել բանկերին օգնելու համար եւ կասեմ, թե ինչու»,- հայտարարել է նախագահը` նշելով, որ այս գումարից արդեն օգտագործվել է 25 միլիարդ եվրո: «Այդ 25 միլիարդը պարտք է տրվել, դրանից գալիս են տոկոսներ, եւ 2009 թ. վերջին այն փողը, որը մենք պարտք ենք տրամադրել բանկերին, որպեսզի նրանք անեն իրենց աշխատանքը, պետության բյուջեին կբերի 1 միլիարդ 400 միլիոն եվրո, որը ես լիովին կօգտագործեմ սոցիալական միջոցների ֆինանսավորման համար»,- ասել է Սարկոզին: Վերջինս նշել է, որ, առաջին հերթին, պետք է քննարկել աշխատավորների այնպիսի կատեգորիաներին տրվող երաշխիքներն ու լրացուցիչ փոխհատուցումները, ինչպիսիք են ոչ լրիվ զբաղվածությամբ, ժամկետային պարտավորագրերով աշխատողները եւ երիտասարդությունը: Նրա խոսքով, ճգնաժամի պայմաններում վերջիններն առանձնապես խոցելի են գործող սոցիալական պաշտպանության համակարգի դեպքում: «Որքան դուք ավելի երկար եք աշխատում, որքան դուք մուծումներ եք կատարել, այնքան ավելի երկար փոխհատուցում կստանաք: Իսկ նրա՞նք, ովքեր սկսում են, շատ են աշխատում, իսկ ամսվա վերջին նրանց մոտ ոչինչ չի մնում»: Նա առաջարկում է այս կատեգորիայի աշխատողների համար վերացնել եկամտահարկի մի մասը: Սարկոզին նաեւ հանդես է եկել սոցիալական վճարների ավելացման օգտին: Նախագահն առաջարկել է հետեւյալ տարբերակները. ավելացնել վճարները երեք եւ ավելի երեխա ունեցող բոլոր ընտանիքների, միայնակ տարեցների եւ միայնակ մայրերի համար եւ տրամադրել պետության կողմից վճարված կտրոններ՝ սոցիալական ծառայությունների համար:
Ֆրանսիան օտարերկրյա ընկերությունների համար գրավիչ դարձնելու նպատակով, Սարկոզին հայտարարել է 2010 թվականին այն հարկի վերացման մասին, որը գոյություն ունի միայն Ֆրանսիայում՝ պրոֆեսիոնալ հարկը: Այս հարկով հարկվում են իրավական եւ ֆիզիկական անձինք, որոնց պրոֆեսիոնալ գործունեությունը չի հատուցվում աշխատավարձով: Ըստ Սարկոզիի` այս հարկից գանձարան մուտքերը կազմում են 8 միլիարդ եվրո: