Արխիվը 85 տարեկան է

08/02/2009

Այս տարի նշվում է Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 85-ամյակը. այն պաշտոնապես սկսել է գործել 1924-ի հոկտեմբերի 1-ից: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այդ կապակցությամբ աշնանից հանրապետությունում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն, թե վերջին 10-15 տարիներին Արխիվն ինչ հետաքրքիր փաստաթղթերով է համալրվել` կապված պետական մարմինների, հանրապետության նշանավոր գործիչների հետ: Ա. Վիրաբյանի տեղեկացմամբ, վերջին տարիներին Ազգային արխիվում ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաներ, որի արդյունքում աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել: Հանրությանը կցուցադրվի փաստաթղթերի տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանը, որտեղ պահվում են, օրինակ` Իզմիր, Գանձակ, Սոչի եւ այլ քաղաքներում եղած հայկական դպրոցների, եկեղեցիների մասին արժեքավոր փաստաթղթեր: Նոր սարքավորումների շնորհիվ Ազգային արխիվը սկսել է նաեւ ֆիլմերի, ձայնագրությունների, լուսանկարների թվայնացման գործընթացը: Արդեն թվայնացվել է 600 հազարից ավելի փաստաթուղթ: Արխիվում պահվում է 2 հազարից ավելի փաստավավերագրական ֆիլմ, մոտ 300 հազար ֆոտոփաստաթուղթ, 22 հազար ձայնագրություն: Միջոցառումներից մեկում կցուցադրվեն թվայնացված ֆիլմերից, լուսանկարներ, փաստաթղթեր: Այս տարի նախատեսվում է կազմել արխիվում պահպանվող ֆոնդերի ուղեցույց` տեղեկատու գիրք` բաղկացած 1000 էջից, որը կօգնի հետազոտողին, ընթերցողին իմանալ՝ ինչքան փաստաթղթեր են պահպանվում, որ ֆոնդերում եւ այլն: Ուղեցույցը կլինի նաեւ էլեկտրոնային տարբերակով: Ազգային արխիվը նախատեսում է հրատարակել հանրամատչելի գրքույկ, որտեղ կներկայացվի Արխիվի պատմությունը, կընդգրկվեն փաստաթղթերի գունավոր լուսանկարներ, Արխիվում երկար տարիներ աշխատած մարդկանց, մարզային, շրջանային մասնաճյուղերի մասին տեղեկություններ: Արխիվը համագործակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի համապատասխան կառույցների հետ: Փաստաթղթեր ուսումնասիրելուց, համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելուց բացի՝ փոխայցելություններ են կազմակերպվում փորձի փոխանակման նպատակով: Ա. Վիրաբյանը կարեւորեց Իրանի հետ համագործակցությունը, նշելով, որ այդ երկրի արխիվներում Հայաստանի մասին մեծ թվով փաստաթղթեր կան պահված` սկսած 12-րդ դարից: