Միլիոնատերը՝ Հնդկաստանից

08/02/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Կար ժամանակ, երբ ֆիլմերը երկու կատեգորիաների էին բաժանվում՝ հնդկական եւ այլ։ «Միլիոնատերը ետնախորշից» («Slumdog millionaire») ֆիլմը կարելի է եվրոպական ու հնդկական կինոների հիբրիդ անվանել (ռեժիսորներն էլ են երկուսը՝ անգլիացի Դենի Բոյլն ու հնդկացի Լավլին Թանդանը)։

Նյութը հնդկական է, հայացքը՝ եվրոպական, իսկ նշանակետը ողջ մոլորակն է։ Ֆիլմի կառուցման մոդելը շատ հստակ է ու ստանդարտ. այն հեքիաթ է։ «Միլիոնատերը…» ապացուցում է, որ կարելի է միլիոնատեր դառնալ, սիրո արժանանալ, հոգում խաղաղություն գտնել, եւ այդ ամենն անել՝ չխախտելով ոչ մի պատվիրան։ Այսպես ասած՝ ամեն ինչին հասնել, բայց մարդ մնալ։ Սա նորագույն հեքիաթային մոդել է, որը մեզ է առաջարկում Դենի Բոյլը՝ սուզելով անհրապույր հնդկական իրականության մեջ, որտեղ շատ համակրելի մարդիկ են հանդիպում։

Ե՛վ կինոքննադատներին, եւ՛ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց հուզեց Մումբայ (նախկին Բոմբեյ) քաղաքում ապրող հնդկացի աղքատ ու անուս տղայի պատմությունը։ 18-ամյա մուսուլման թեյավաճառ Ջամալ Մալիկը մասնակցում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին, հասնում է մինչեւ վերջին հարցին ու հաղթում է։ Խաղի կազմակերպիչները սկզբում նրան չեն հավատում՝ մտածելով, որ տղային հուշող է եղել, բայց երբ իմանում են նրա իրական կյանքը, թույլ են տալիս խաղն ավարտել ու ստանալ 20 մլն ռուփի մրցանակը։ Ինչպե՞ս կարող էր ոչ մի գիրք չկարդացած, մուրացկանների ու գողերի միջավայրում մեծացած այդ տղան իմանալ բոլոր պատասխանները։ Պարզվում է, որ կարող էր, քանի որ նրան կյանքն էր սովորեցրել (ճիշտ կլինի ասել՝ կյանքի դաժան «դպրոցը»)։ Պարզվում է, որ բոլոր պատասխանները կան, պարզապես պետք է ուշադիր լինել։ Յուրաքանչյուր հարց արթնացնում է տղայի հուշերը, որտեղից էլ նա ստանում է իր գիտելիքների փշուրները… Հնդիկները զանգվածային սպանդ են կազմակերպում փողոցում, սպանում եմ մուսուլմաններին (նաեւ հերոսի մորը), բայց ոստիկանները ձեւացնում են, որ ոչինչ չեն տեսնում։ Փողոցում վազում է այրվող մի մարդ, բայց անցորդները նրա վրա ուշադրություն չեն դարձնում՝ սովորել են։ Բանդիտները գդալով հանում եմ մուրացկան տղայի աչքը, քանի որ այդպես նա ավելի շատ փող կարող է մուրալ։ Ահա այսպիսի հուշեր են։ Ֆիլմն այնքան դինամիկ ու պրոֆեսիոնալ է նկարահանված եւ մոնտաժված, որ ժամանակ չի թողնում դրամայի նշույլ անգամ «որսալ» այդ հուշերում։ Աղբակույտեր հիշեցնող ետնախորշերն ու սարսափելի ապրելակերպը ընդամենը ֆոն են, որտեղ ծավալվում են պարզ ու հուզառատ մարդկային պատմությունները։ Ետնախորշերում ապրում են խելացի, քաղցած ու անգրագետ հնդկացի երեխաները, որոնք սովորում են մուրալ, գողանալ, տուրիստներին «ֆռռացնել»։ Երեխաներ, որոնք սիրելի դերասանի ինքնագիրը ստանալու համար կարող են կղանքի մեջ մտնել, ընկերոջ հետ կիսվում են մի կտոր հացով ու հիանում են Մումբայի նորակառույց հատվածով՝ հասկանալով, որ երբեք այդտեղ չեն ապրելու (ինչը չի թուլացնում նրանց հիացմունքի աստիճանը)։ Իսկ երբ նրանցից որեւէ մեկի եղբորը կամ ընկերոջը մահացու վտանգ է սպառնում, կարող են եւ մարդ սպանել։

Կյանքը կարեւոր չէ, կարեւորը մարդն է, որը հավատարիմ է նախանշված ճակատագրին ու սրտի խորքում «մաքուր» է։ Սա ոչ թե սոսկ հնդկական, այլ՝ նորագույն համամարդկային հեքիաթ է, որը տեղափոխվելով 21-րդ դար՝ պահպանել է բոլոր հեքիաթային ատրիբուտները (իրար են գտնում կյանքի բերումով բաժանված եղբայրները, հոգու մաքրությունը պահպանած աղջիկը փրկվում է «ոսկե վանդակից», «վատերը» պատժվում են, իսկ սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները)։ Եվ այս հեքիաթը ծավալվում է կյանքի «հատակում»՝ երկրագնդի աղքատ ու անհույս հատվածներից մեկում։

Իսկ ինչո՞ւ՝ ոչ, թող այդպես լինի։ Երբ կողքդ աղբանոց, քաոս ու բռնություն է, լավագույն ելքն այդ ամենից վեր բարձրանալն է։ Ավելի լավ է մանկական սերը պահպանել ու երջանիկ լինելու երազանքը գուրգուրել։ Վիճելի՞ տեսանկյուն է։ Միգուցե՝ այո։ Բայց հաստատ շատ հրապուրիչ է։ Հերոսն, օրինակ, խաղին մասնակցում է ոչ այնքան փող շահելու համար, որքան հնարավորություն է փնտրում էկրանին երեւալու համար, ուզում է, որ իրեն տեսնի սիրելի աղջիկը։ Եվ աղջիկը նրան տեսնում է։ Իսկ Ջամալը ոչ միայն միլիոնատեր է դառնում ու սիրած աղջկան է գտնում, այլեւ՝ ստիպում է հասարակ հնդկացիներին՝ հարց տալ՝ եթե կարողացավ այս տղան, ինչո՞ւ ես էլ չեմ կարող…

Ընդ որում՝ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի սլոգանը նույնպես հարցի տեսք ունի։ Այն այսպես է հնչում՝ «Ի՞նչը կարող է վերադարձնել սերը»։ Պատասխանը մեկն է՝ չվախենալ կյանքի կեղտից ու սպասել «աստեղային» ժամին։ Այդ պահն անպայման կգա ու կստիպի հաղթողին պարել ու երգել այնպես, ինչպես անում են մեզ ծանոթ բոլոր հնդկական ֆիլմերի հերոսները։

Իսկ աղքատությունն ու ծայրաստիճան անհուսությունն այլ թեմաներ են, որոնք էկզոտիկայի շղարշի տակ են մատուցվում։ Նույնիսկ, եթե այդ մոտեցման հետ համաձայն չեք, ապա ֆիլմը դիտելուց հետո կընդունեք, որ այդ մոտեցումը փայլուն է իրականացվել։ «Միլիոնատերը…» էքշն է, որը թույլ չի տալիս պոկվել էկրանից, ստիպում է հետեւել հերոսների ճակատագրին ու կարեկցել նրանց։ Սա պարզ, որակյալ ու չափազանց կռահելի պատմություն է, որը միայն մեկ նպատակ ունի. արթնացնում է հանդիսատեսի հույզերն ու հույսերը. Եվ եթե դիտելու եք այս ֆիլմը՝ մի կողմ դրեք բանականությունը, քանի որ դիտման ընթացքում մտածելը չի խրախուսվում, ողջունելի են միայն էմոցիաները։ Սա իսկական հնդկական կինոյի պատգամն է, որը ճիշտ իրագործելու համար պետք է մեծ վարպետ լինել։ Ֆիլմի հեղինակներն ու դերասանները շատ մեծ վարպետներ են։ Իսկ դա միաժամանակ եւ՛ թերություն է, եւ՛ արժանիք է, քանի որ ամեն ինչ շատ կռահելի է։ «Միլիոնատիրոջ…» առաջին իսկ կադրերից հասկանում ես, որ ետնախորշի բնակիչը «դատապարտված» է միլիոնատեր դառնալ, իսկ ֆիլմն էլ «դատապարտված» է հաջողություն ունենալ։

Ֆիլմն արդեն հասցրել է 40 մրցանակ ստանալ (այդ թվում՝ 4 «Ոսկե գլոբուս»), այն լավագույն բրիտանական անկախ ֆիլմ է համարվել եւ շուտով հաստատ կարժանանա նաեւ «Օսկարի» կամ էլ միանգամից 10 «Օսկարների» (հենց այդքան անվանակարգերում է առաջադրվել)։

Հարուստ ու ինքնաբավ մշակույթ ունեցող Հնդկաստանը երբեք այսքան շատ չի հիշատակվել Եվրոպայում ու Ամերիկայում, որքան այս մեկ անգլիական ֆիլմի շնորհիվ։ Սա այն դեպքն է, երբ մեկ ֆիլմը ողջ պետության այցեքարտ է դառնում։ Հնդկաստանի երեխաները էկրանի միջոցով ճամփորդում են փառատոներով ու կինոթատրոններով՝ ճանաչելի դարձնելով Հնդկաստանի տեսարաններն ու հույսերը։ Ավելի լավ «PR» պետության համար լինել չի կարող։ Սա ճիշտ նշանակետին հարվածող, սենտիմենտալ ու փայլուն ֆիլմ է, որը դիտելուց հետո քեզ մի տեսակ խաբված ես զգում հենց այն պատճառով, որ ֆիլմը շատ լավն է, շատ հուզիչ է եւ շատ մակերեսային է։ Եվրոպական ու ամերիկյան հանդիսատեսի համար նկարահանված «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում որպես խաղային ամենաբարդ հարց՝ առաջարկվում է հետեւյալ հարցը. «Ո՞վ է երրորդ հրացանակիրը»։ Աթոսը, Պորտոսը կային, մնում էր հիշատակել միայն Արամիսին։ Ստացվում է, որ եվրոպացու համար ամենաբարդ հարցն ամենահեշտն էր, իսկ հերոսն այդ հարցի պատասխանը չգիտեր։ Նրան օգնեց ներքին ձայնը (ճակատագիրը, բախտը, կարման)։ Եվ որքան էլ որ բախտը քմահաճ է, այն օգնում է միայն արժանիներին։ Հնդկական ֆիլմերում այդպես է։