Ջեքսոնը մահանո՞ւմ է

08/02/2009

Հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնը տառապում է գենետիկ հիվանդությամբ, որը նրան զրկել է տեսողության կեսից: Ջեքսոնին նաեւ անհրաժեշտ է իրականացնել թոքի տրանսպլանտացիա: Այս տեղեկությունները երեկ հայտնվել են արտասահմանյան ԶԼՄ-ներում՝ այն բանից հետո, երբ երգչին փողոցում տեսել են հաշմանդամի սայլակին գամված: Ըստ այդ տեսարանի վկաների, երգիչն այնքան թույլ է եղել, որ հազիվ կարողացել է խոսել: Ջեքսոնի հիվանդության գաղտնիքը, ըստ մամուլի, հրապարակել է երգչի կենսագրությունը գրառող, գրող Յան Խալպերինը: «Նրան անհրաժեշտ է թոքի տրանսպլանտացիա իրականացնել: Նա տառապում է թոքի էմֆիզեմայով եւ քրոնիկ աղեստամոքսային արյունահոսությամբ: Արյունահոսությունը ամենադժվարին խնդիրն է: Դա կարող է սպանել նրան»,- բրիտանական SUN ամսագրին տված հարցազրույցում ասել է Խալպերինը: Կանադացի գրողը նաեւ հայտնել է, որ երգիչը «տառապում է ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարությամբ, դժվարությամբ է կարողանում խոսել, իսկ նրա աջ աչքի տեսողությունը իջել է 95%-ով»: Արդեն հիսուն տարին բոլորած Ջեքսոնը երկար ժամանակ չէր հայտնվում իր երկրպագուների տեսադաշտում: Ավելի վաղ Ջեքսոնը դիմակի տակ էր թաքցնում իր դեմքը` բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից ստացած խնդիրների պատճառով: Համաշխարհային ճանաչում վայելող երգիչը վերջերս ֆինանսական խնդիրներ ուներ` կապված մի շարք աղմկոտ դատական գործերի հետ, մասնավորապես, երբ նա մեղադրվում էր մանկապղծության մեջ: Ջեքսոնի պարտքերը հասել են 100 միլիոն ֆունտ ստեռլինգի: Ըստ բրիտանական աղբյուրների, երգիչը ստիպված է վաճառել Կալիֆոռնիայում գտնվող իր ռանչոն: