Սիմոնն ու Պավլիկը

08/02/2009

IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մարտի 14-ին Գերմանիայի Քիլ քաղաքում մենամարտելու է ամերիկացի բռնցքամարտիկ Լախուան Սիմոնի հետ: «Ես մեծ ծրագրեր ունեմ 2009-ի համար, սկսելու եմ Սիմոնից, իսկ տարեվերջին կուզենամ դառնալ միջին քաշում սուպերչեմպիոն»,- «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է Աբրահամը, ով պրոֆեսիոնալ ռինգում շահել է իր անցկացրած բոլոր 28 մենամարտերը, ընդ որում, դրանցից 23-ը՝ նոկաուտով: Լախուան Սիմոնը 29 տարեկան է, իր 24 հաղթանակներից 12-ն ավարտել է նոկաուտով, բայց միջին քաշում դեռ ոչ մի անգամ չի մրցել հայտնի եւ հեղինակավոր մարզիկի հետ: Ըստ «Ֆրանսպրեսի», Ա. Աբրահամը ցանկանում է, այսպես կոչված, «միավորող» մարտ անցկացնել WBC եւ WBO վարկածներով չեմպիոն Քելլի Պավլիկի հետ եւ հաղթանակի դեպքում դառնալ միջին քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն: Արթուր Աբրահամի մենեջեր Քրիս Մեյերն ասել է, որ այժմ բանակցում է Պավլիկի մենեջերների հետ: «Ես չեմ թույլ տա Սիմոնին՝ խոչընդոտել Պավլիկի հետ մրցելու իմ ծրագիրը, ինչպես անցյալ տարի եղավ՝ ես Քիլում հաղթելու եմ, այդ քաղաքից միայն լավ հիշողություններ ունեմ, անցյալ տարվա մարտին այնտեղ եմ նոկաուտով տապալել Էլվին Այալային»,- ասել է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը: