«Մենք բացառիկ առաջարկություն ենք արել ընդդիմությանը, որի հետ համագործակցության կամուրջներ ենք ուզում կառուցել: Ես առաջարկել եմ չափազանց լուրջ համագործակցության գործիք` մասնակցել հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգի իրականացմանը»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի` քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին հարցին: Սարգսյանը նշել է, որ հրավիրել են թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմությանը մասնակցելու մոնիտորինգի աշխատանքներին: «Սա բացառիկ հնարավորություն է, քանի որ ծրագիրը բավականին լուրջ է, որը մշակվում է միջազգային լավագույն փորձագետների մասնակցությամբ, եւ դրա իրականացումը հնարավորություն է տալու մեր երկրում լուրջ առաջընթաց ապահովել, այդ թվում` քաղաքացիական հասարակություն կառուցելու առումով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձեր մասնակցությունն էապես կբարձրացնի մի կողմից՝ այդ հանձնաժողովի նկատմամբ վստահությունը, մյուս կողմից` հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը»,- նշեց Տ. Սարգսյանը, որի ասածներից կարելի է ենթադրել, թե մեր հասարակությունը մնացած բոլոր հարցերում համերաշխ է, բացի կոռուպցիայից: