Կապիտալի արտահանումը Հայաստանից կաճի 160 տոկոսով

07/02/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2009թ. մարտին առեւտրային բանկերի կանխատեսմամբ՝ ՀՀ դրամը կդրսեւորի արժեզրկման միտումներ, եւ միջին հաշվով՝ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը կկազմի մոտ 320 դրամ:

Այդ մասին նշված է մի քանի օր առաջ ԿԲ-ի կողմից հրապարակված «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների եռամսյակային հարցումների ամփոփում. 2008թ. IV եռամսյակ» զեկույցում: Նշենք, որ 2008թ. երրորդ եռամսյակում անցկացված հարցումների ժամանակ բանկերի կողմից 2009թ. մարտի համար ակնկալվող միջին փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց մոտ 300 դրամ էր: Վերադառնալով չորրորդ եռամսյակի հարցումներին` նշենք, որ 2009թ. հունիս ամսվա համար բանկերը սպասում են փոխարժեքի էլ ավելի բարձր մակարդակ` միջինը մոտ 325 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Ընդ որում, 16 բանկ կանխատեսել է դրամի արժեզրկում, 3 բանկ` արժեւորում, իսկ 3 բանկ սպասում է, որ փոխարժեքը անփոփոխ կմնա (այսօր այն 305 դրամ է 1 դոլարի դիմաց): Ուշագրավ են նաեւ 2009թ. գնաճի եւ տնտեսական աճի վերաբերյալ բանկերի սպասումները: Ըստ այդմ` 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի նկատմամբ բանկերի մեծ մասը` 11 բանկ, կանխատեսել է 5.5-8.5 տոկոս գնաճ, 8 բանկ կանխատեսել է 2.5-5.5 տոկոս գնաճ, իսկ 3 բանկ` 8.5-ից բարձր գնաճ: Հիշեցնենք, որ 2009թ. բյուջեի նախագծով նախատեսված է ապահովել առավելագույնը 5.5 տոկոս գնաճ (գնաճի նպատակային ցուցանիշը 4+/-1.5% է), այսինքն` ստացվում է, որ 22 բանկերից 14-ը սպասում են, որ այդ նպատակային ցուցանիշը չի ապահովվի: Այլ կերպ ասած` չեն հավատում կառավարությանը: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նշենք, որ բանկերի մեծ մասն ակնկալում է, որ 2009թ. հունվար-դեկտեմբերի տնտեսական աճը կկազմի մինչեւ 8.5%: Ընդ որում, 2008թ. երրորդ եռամսյակի հարցման արդյունքներով 2009թ. հունվար-սեպտեմբերին ակնկալվող տնտեսական աճի սպասումները կենտրոնացած էին հիմնականում 8.5-11.5% միջակայքում: Այսպես, եթե 2008թ. երրորդ եռամսյակում 22 բանկերից 15-ը 2009թ. համար կանխատեսել էին 8.5 տոկոսից բարձր տնտեսական աճ, իսկ մնացած 7-ը՝ 8.5 տոկոսից ցածր տնտեսական աճ, ապա չորրորդ եռամսյակում միայն 6 բանկ է կանխատեսել 8.5 տոկոսից բարձր տնտեսական աճ (16 բանկ կանխատեսել է 8.5 տոկոսից ցածր տնտեսական աճ): Ուշագրավ են նաեւ 2009թ. մարտի դրությամբ բանկերի կողմից տրամադրվող բիզնես, սպառողական եւ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների սպասումների վերաբերյալ տվյալները: Տոկոսադրույքների ամենաքիչ փոփոխություն ակնկալվում է սպառողական վարկերի գծով. 2009թ. մարտին, ըստ բանկերի սպասումների, դրանք կբարձրանան 1.1 տոկոսային կետով եւ միջին հաշվով կկազմեն 20.9%: Տոկոսադրույքների ամենամեծ փոփոխություն ակնկալվում է բիզնես վարկերի գծով՝ շուրջ 3.7 տոկոսային կետով աճ: Այս կանխատեսումների մեջտեղում հիպոթեքային վարկերն են, որոնց հետ կապված ակնկալվում է շուրջ 2.3 տոկոսային կետով աճ 2008թ. նոյեմբերի փաստացի մակարդակի նկատմամբ: Ընդ որում, բանկերը 2009թ. առաջին եռամսյակի համար նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կանխատեսում են տրամադրվող հիպոթեքային վարկերի ծավալի շուրջ 64% կրճատում: Եթե 2008թ. առաջին կիսամյակում տրամադրվող հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է մոտ 5.5 մլրդ դրամ, ապա 2009թ. առաջին կիսամյակում բանկերը նախատեսում են տրամադրել մոտ 2 մլրդ դրամ, այսինքն` 3.5 մլրդ-ով պակաս: Հետաքրքիր է, որ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճ նախատեսելով` առեւտրային բանկերը 2009թ. մարտի համար ավանդների տոկոսադրույքների նվազման սպասումներ չունեն: Հետաքրքիր են նաեւ ֆիզիկական անձանց կողմից 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում ստացվելիք փոխանցումների ծավալների վերաբերյալ բանկերի սպասումները: Ըստ այդմ` 2009թ. առաջին կիսամյակում ակնկալվում է ֆիզիկական անձանց ոչ առեւտրային փոխանցումների ներհոսքի ցուցանիշի (Հայաստան մտնող տրանսֆերտների) 9.3% նվազում եւ արտահոսքի աճ շուրջ 160%-ով: Այսպես, եթե 2008թ. առաջին կիսամյակում բանկերի միջոցով մեր հայրենակիցները Հայաստան են ուղարկել շուրջ 670 մլն դոլար, ապա մեր առեւտրային բանկերը նախատեսում են, որ այդ գումարները 2009թ. առաջին կիսամյակի համար կկազմեն մոտ 600 մլն դոլար: Իսկ եթե ոչ առեւտրային նպատակներով կապիտալի արտահոսքը Հայաստանից 2008թ. առաջին կիսամյակում կազմել է մոտ 110 մլն դոլար, ապա 2009թ. առաջին կիսամյակի համար բանկերը կանխատեսում են շուրջ 300 մլն դոլարի արտահոսք:

Այսպիսով, Հայաստանում գործող առեւտրային բանկերի այս կանխատեսումները չափազանց հետաքրքիր արձանագրումներ են պարունակում մեր տնտեսության իրական վիճակի վերաբերյալ: Մինչ կառավարությունը շարունակում է հասարակությանը «ներշնչել» միայն լավատեսական «սպասումներ», բանկերն արձանագրում են այն, ինչի մասին արդեն մի քանի ամիս բարձրաձայնում են ոչ իշխանական փորձագետներն ու մամուլը` Հայաստանի անշարժ գույքի շուկայում սպասվում է գների անկում` առաջին հերթին պայմանավորված հիպոթեքային վարկավորման շեշտակի նվազումով, մեծ ծավալների է հասնում եւ հասնելու Հայաստանից կապիտալի արտահոսքը` կապված ՀՀ ԿԲ-ի ակտիվ ջանքերով Հայաստանը «ամենաէժան դոլարի կղզյակ» դարձնելու քաղաքականության հետ: Ընդ որում, այս կանխատեսումները հրապարակվել են ԿԲ-ի կողմից, այսինքն` անցել են համապատասխան «ֆիլտրացիա»: Հետեւաբար՝ կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին է Հայաստանի տնտեսության ներկա եւ առաջիկայում սպասվելիք իրական վիճակը, որ անգամ ԿԲ-ում «մշակվելուց» հետո հրապարակվել են նման` ամենեւին ոչ լավատեսական տվյալներ: