Հոդվածներ փոխելով քաղբանտարկյալները կազատվե՞ն

07/02/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– ԵԽ ԽՎ-ն հերթական անգամ ՀՀ իշխանություններից պահանջել է՝ մինչեւ ապրիլ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներում փոփոխություններ կատարելու միջոցով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ձեր կարծիքով` ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն այդ հոդվածներում:

– Եվրախորհրդի պահանջներն ավելի ընդհանրական բնույթ են կրում եւ ուղղված են իրավական անորոշությանը, որոնք կան այս հոդվածներում, եւ իրավակիրառական պրակտիկայում կարող են հակասականություն առաջացնել: Սրանցով են պայմանավորված ՔՕ 300 եւ 225 հոդվածների փոփուխությունները, թեպետ պետք է ասեմ, որ այդ հոդվածները ժամանակին ստացել են Վենետիկի հանձնաժողովի դրական փորձագիտական եզրակացությունը: Նախ` պարզաբանենք 225 հոդվածը, որը վերնագրված է՝ «Զանգվածային անկարգություններ», բայց այնտեղ խոսք է գնում զանգվածային անկարգությունների, այսպես ասած` որակյալ մասին, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով եւ այլն: Այստեղ կարող են փոքրիկ խմբագրական բնույթի լրացումներ լինել` զուտ հստակեցումներ մտցնելու համար: Բայց առավել վիճահարույց է այս հոդվածի 3-րդ մասը, որտեղ ասվում է, թե` սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են սպանություններով: Այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ ես կազմակերպել եմ այդ անկարգությունը, բռնությունները, ջարդերը, հրկիզումները, գույքի ոչնչացումը, դրա հետ միաժամանակ պետք է կատարված լինի սպանություն: Բայց նման դեպքում անիմաստ կդառնար այս մասը, որովհետեւ սպանությունն ինքնուրույն, առանձին հանցակազմ է, եւ միջազգային պրակտիկայում ընդամենը խոսվում է հետեւյալի մասին. եթե զանգվածային անկարգությունների ժամանակ տեղի են ունեցել այլ հանցագործություններ, ապա տվյալ անձինք համակցության դեպքում պատասխանատվություն են կրելու առավել ծանր պատժով: Մեր ՔՕ-ն պարզապես ասում է` եթե հանցագործությունը կատարվում է զանգվածային անկարգությունների ժամանակ, ապա դա դիտարկվում է որպես ծանրացուցիչ հանգամանք: Այսինքն` սպանության համար նույն պատժաչափն է սահմանում, ինչ սովորական սպանության համար: Եվ այս պարագայում անիմաստ է դառնում այստեղ նման հոդված ունենալը: Հոդվածն իրականում պետք է լինի ոչ թե` «… որոնք զուգորդվել են սպանությամբ», այլ` պետք է լիներ` «… որոնք զուգորդվել են կամ առաջացրել են մահ»: Սրանք տարբեր բաներ են: Որովհետեւ սպանության հանցակազմը շատ հստակ մատնանշված է, իսկ մահը դրա հետ կապ չունի: Այսինքն` երկուսի հետեւանքն էլ անձի կյանքին վերջ դնելն է, բայց մի դեպքում մահը կարող է վրա հասնել այդ գործողությունների արդյունքում (հրկիզման, պայթյունների արդյունքում եւ այլն), մյուս դեպքում` մարդը կարող է ինֆարկտ ստանալ եւ մահանալ: Եվ այստեղ եթե ուղղակի կապ կա, ապա նա պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի: Այսինքն` այս հոդվածի 3-րդ կետն ընդհանրապես անիմաստ է դառնում այս պարագայում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ, այո, ինչ-որ մեկը կազմակերպել է զանգվածային անկարգություն, եւ դրա ժամանակ ինչ-որ մեկը, որը թշնամանք ուներ մյուսի հետ, այդ պահին այդ սպանությունը գործել է: Կազմակերպիչն ինչո՞ւ պետք է պատասխանատվություն կրի դրա համար, եթե ուղղակի կապ չկա իր գործողությունների եւ այդ սպանության միջեւ: Այս առումով այդ անորոշությունն անշուշտ այս պարագայում կա:

– Իսկ ՔՕ 300 հոդվա՞ծը, որը վերաբերում է «պետական իշխանությունը յուրացնելուն»:

– Այո, բայց ամբողջ հոդվածում այդպես էլ յուրացնելու մասին խոսք չկա, եւ դրա տակ մենք ընդամենը հասկանում ենք, որ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ բռնությամբ պահելուն ուղղված գործողություններ են: Մի դեպքում մենք հոդվածում խոսում ենք որպես ավարտված հանցագործության մասին, այսինքն` իշխանությունը պատկանում էր ուրիշին, ես վերցրեցի այն (համենայնդեպս հոդվածն այդպես է վերնագրված), իսկ մյուս կողմից` ամբողջ հոդվածում խոսքը վերաբերում է ընդամենը դրան ուղղված գործողությունների մասին, որի պատժաչափն էլ սահմանված է առավելագույնը, որը կարող է նախատեսված լինել նման հանցակազմի համար: Եթե նայում ենք միջազգային պրակտիկային, ապա այստեղ կարող ենք երեք կարգի հոդված տեսնել. առաջինը` իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններն են, ինչն այստեղ կա, այսինքն` իշխանությունը զավթելու փորձը, երկրորդ` ես կազմակերպել եմ այդ ամենը, բայց դեռեւս գործողությունների չեմ հասել, եւ երրորդը` արդեն իսկ իշխանությունը զավթելն է: Խոսքը հավասարապես վերաբերում է թե՛ սահմանադրական կարգը բռնի տապալելուն, թե՛ տարածքային ամբողջականությունը խախտելուն: Այսինքն` մենք երեք պարագաներում էլ պետք է գործ ունենանք այս երեք, ըստ էության, ավարտված հանցագործությունների հետ` կազմակերպելը, դրա փորձը եւ իշխանության յուրացումը կամ սահմանադրական կարգը բռնի տապալելը: Սրանցից յուրաքանչյուրի համար պետք է սահմանված լինի առանձին հանցակազմ: Անորոշություն կա նաեւ բռնի գործողություննե՞ր, թե՞ բռնի տապալել եզրույթներում: Թե կազմակերպելը, թե փորձը, թե իրականացնելը մենք լցրել ենք մեկ կաթսայի մեջ եւ սահմանել ենք ամենամեծ պատասխանատվությունը` 10-15 տարի ազատազրկում: Այսինքն` փոփոխությունների էությունը պետք է լինի այս խնդիրների հստակեցումը:

– Այսինքն` ըստ Ձեզ, այդ հոդվածը պետք է վերախմբագրվի այնպես, որպեսզի «իշխանության յուրացում» ձեւակերպումը դառնա «իշխանության յուրացման կազմակերպո՞ւմ», եւ այդ հոդվածով մեղադրվողները դառնան կազմակերպիչնե՞ր:

– Սրանք պայմանական ինչ-որ լուծումներ են` պետք է առանձին լինի իշխանության յուրացում, իշխանության յուրացման փորձ, իշխանության յուրացման կազմակերպում: Եթե նույնիսկ չլինի էլ, ապա հանցակազմի նկարագրությունից պետք է պարզ լինի, որ, ասենք, գործ ունենք երեք ինքնուրույն հանցագործությունների հետ:

– Իսկ ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի այդ հոդվածներով մեղադրվող քաղաքական գործիչներն ազատ արձակվեն:

– Ճիշտն ասած` ես ծանոթ չեմ «7-ի գործի» մեղադրական եզրակացությանը, եւ չգիտեմ, թե այդ անձանց ի՞նչ է մեղսագրվում, որպեսզի կարողանամ պատասխանել այդ հարցին: Դա կախված կլինի նրանից, թե այդ փոփոխություններն ինչ տրամաբանության մեջ կլինեն, եւ Դատախազությունն արդյոք կգտնի՞, որ այդ փոփոխությունները մեղմացուցիչ հանգամանքներ են, կամ հանցակազմը փոխվել է: Դրանից հետո պարզ կլինի այդ ամենը:

– Այսինքն, ըստ Ձեզ, այն պնդումները, թե այս փոփոխություններից հետո քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, այնքան էլ արժանահավատ չե՞ն:

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել:

Հ.Գ. ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ վերադարձել է Վրաստանից, որտեղ հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ եւ քննարկել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխության հարցը: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ ընդունած նոր` 1643 բանաձեւի հիմնական պահանջը հենց այդ օրենքներում փոփոխություններ կատարելն է, որի միջոցով, ըստ եվրոպացիների` մարտի 1-2-ից հետո կալանավայրերում հայտնված քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: