Հերքման փորձ

07/02/2009

Մեր թերթի հունվարի 22-23-ի համարում տպագրված «Քոթոյի որջերը» վերտառությամբ հոդվածի հետ կապված ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է ուղարկել: Նախ հերքում է, թե հոդվածում հիշատակված Հեկտոր Սարդարյանն աշխատում է Գլխավոր դատախազությունում: «Դատախազության համակարգում Հեկտոր Սարդարյան անուն-ազգանունով մարդ չի աշխատում: Ավելին` հատուկ կարեւորագույն գործերով ավագ դատախազի հաստիք Դատախազության համակարգում ընդհանրապես նախատեսված չէ: Հետեւապես՝ ասեկոսների ոլորտից է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի հոդվածում տպագրված այն տեղեկատվությունը, թե իբր Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանը «Լոռի» հյուրանոցը խոստացել է նվիրել ՀՀ Գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով ավագ դատախազ Հեկտոր Սարդարյանին»,- նշված է պարզաբանման մեջ: Իհարկե, Հ.Սարդարյանը հիմա ոչ թե Գլխ.դատախազությունում է աշխատում, այլ նոր ստեղծված Հատուկ քննչական ծառայությունում, ավագ քննիչ է եւ այս պահին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը հետաքննող խմբի ղեկավարն է: Մինչ այդ վերջինս աշխատում էր Գլխավոր դատախազությունում: Ավելացնենք նաեւ, որ Հատուկ քննչական ծառայությունը գտնվում է Գլխավոր դատախազության շենքում եւ զբաղվում է պաշտոնյաների ու պետական ծառայողների հետ կապված քրեական գործերի հետաքննությամբ: Եվ այս կառույցը, թեկուզ ոչ դե յուրե, բայց դե ֆակտո ղեկավարվում է Գլխավոր դատախազության կողմից: Այնպես որ, մեր հրապարակման մեջ ընդամենը Հ. Սարդարյանի զբաղեցրած պաշտոնի անունն էր սխալ: Ինչ վերաբերում է Ս.Ղարաքեշիշյանի կողմից Սարդարյանին տրված խոստմանը, ապա, բնականաբար, դրա փաստաթղթային հիմնավորում գոյություն չունի, քանի որ, ինչպես հայտնի է, նման «հարաբերությունները» կարգավորվում են բանավոր հիմունքներով: Նույն տրամաբանությամբ, Գլխավոր դատախազությունը չի կարող ապացուցել, թե նման խոստում չի եղել: Բացի այդ, պարզաբանման մեջ ամբողջությամբ նկարագրված է անցած տարվա հոկտեմբերի 24-ին Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի կրակոցների գործով ողջ նախաքննության պատմությունը: