Իրազեկ աղբյուրները հավաստում են, որ Միխայիլ Բաղդասարովը «Արմավիայի»
բաժնետոմսերի 68 տոկոսի համար «Սիբիրավիային» վճարել է ճիշտ 50 մլն դոլար:
Բաղդասարովը մամուլով հայտարարեց, թե «Սիբիրավիան» հեռացել է, որովհետեւ
հայկական շուկան նրան այլեւս հետաքրքիր չէ: Մինչդեռ, ասում են,
«Սիբիրավիայի» հեռանալու պատճառը եղել են Բաղդասարովի հետ ունեցած
տարաձայնությունները: Ասում են, թե հարկային մարմինները պարոն
Բաղդասարովին օգնել են պարզել, որ «Սիբիրավիայի» եւ «Արմավիայի»
ղեկավարները ոչ միայն պետական կառույցներից, այլեւ հենց իրենից թաքցրել են
ընկերության գործունեության ծավալի գրեթե կեսը եւ ահռելի շահույթը բաժանել
են իրար մեջ: Մ. Բաղդասարովը շատ դժգոհ է եղել նաեւ ավիաընկերության
սպասարկման որակից: Ասում են՝ երբ Մ. Բաղդասարովը վերջին անգամ ՌԴ-ից
Երեւան է եկել, նույն գիշերն աշխատանքից ազատել է սպասարկող ու ղեկավար
բաժինների մոտ 30 աշխատողների: «Արմավիայի» լրատվական բաժնի պատասխանատու
Գարիկ Սիրոյանը մեզ պատասխանեց, որ այս մասին տեղյակ չէ: Նիկիտինի փոխարեն
այժմ «Արմավիայի» գլխավոր տնօրեն է նշանակվել Բաղդասարովի զարմիկ Նորիկ
Բելույանը: