Թեեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ ԱԺ հաջորդ քառօրյայում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու համար, սակայն, մեր տեղեկություններով՝ հնարավոր է` փետրվարի կեսերից այն դադարի գործել: Բանն այն է, որ վերջին երկու ամիսներին գրեթե անգործության մատնված հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացումը պաշտոնապես հիմնավորվում է նրանով, որ հանձնաժողովը սպասում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի աշխատանքների ավարտին եւ վերջինիս տրամադրած եզրակացությանը: Սակայն, մեր տեղեկություններով, հնարավոր է` մինչեւ Նիկոյանի կողմից տվյալ նախաձեռնությամբ հանդես գալը փաստահավաք խումբն ինքը դադարեցնի գործունեությունը` համենայնդեպս ներկայիս ձեւաչափով: Խնդիրն այն է, որ ըստ տեղեկությունների, Հայ Ազգային կոնգրեսը դժգոհ է փաստահավաք խմբում իր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի գործունեությունից: Նույն աղբյուրների համաձայն, Ա. Քոչարյանը փաստահավաք խմբում, սկզբունքային հարցերի հետ կապված, տեղի է տալիս խմբի իշխանական անդամների տեսակետներին, ինչը կարող է արտացոլվել Ս. Նիկոյանի հանձնաժողովին տրամադրվելիք խմբի եզրակացության մեջ: Այսինքն` ՀԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ գործող խումբը կարող է Նիկոյանին տրամադրել «պաշտոնական վարկածի շրջանակներում» տեղավորվող եզրակացություն: Հատկապես Ամանորից հետո ՀԱԿ-ում այս հարցի հետ կապված մտահոգություններն ավելի են սրվել. Կոնգրեսին մաս կազմող որոշ ուժերի ներկայացուցիչներ` հաշվի առնելով
Ա. Քոչարյանի անցյալը եւ ոչ միայն ընդդիմադիր շրջանակների հետ ունեցած հարաբերությունները, կասկածում են, որ վերջինս իշխանությունների հետ ինչ-որ գործարքի է գնացել, եւ դա հայտնի կդառնա փաստահավաք խմբի եզրակացության հրապարակումից հետո: Եվ այս տեսակետի կողմնակիցները փորձում են հասնել նրան, որ մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյան եթե ոչ «Ժառանգությունը», ապա գոնե ՀԱԿ-ը հետ կանչի փաստահավաք խմբում իր ներկայացուցչին, որպեսզի վերջինիս ստորագրությամբ եզրակացությունը չուղարկվի Նիկոյանի հանձնաժողովին: Այդ դեպքում կարող է անիմաստ դառնալ նաեւ խորհրդարանական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը: Իսկ եթե նույնիսկ նրա ժամկետը երկարաձգվի, ապա Ս. Նիկոյանի զեկույցի հիմքում դրվելիք փաստահավաք խմբի եզրակացությունից առնվազն ՀԱԿ-ն անմասն կլինի: Հիշեցնենք, որ ինչպես փաստահավաք խմբի կազմավորման ժամանակ, այնպես էլ դրանից մոտ մեկ ամիս հետո ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ վերապահումներ ունեն խմբի գործունեության հետ կապված եւ ցանկացած պահի կարող են հետ կանչել իրենց անդամներին: