Երեւակայության եւ իրականության սահմանները

07/02/2009 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Վերջերս շատ ծիծաղելի անեկդոտ լսեցի, որն առաջին հայացքից հայերի մասին չէ, սակայն, իրականում, նման հումոր միայն հայերի մտքով կանցներ: Ավելի ճիշտ՝ դա ոչ թե անեկդոտ է, այլ հումորային ֆրազ. «Ասում են, Բարաք Օբամայի նախագահ դառնալուց հետո Ամերիկայի սեւամորթներն իրենց ղարաբաղցու տեղ են դրել»:

Այս հումորը հասկանալի է միայն հայաստանցիներին, որովհետեւ, օրինակ, ԱՄՆ-ում գտնվող հայերը լավ հասկանում են, որ այնտեղի սեւամորթներից շատերը, Օբամայից շատ ավելի շուտ, իրենց շատ ավելի լավ են զգում, քան Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիները միասին վերցրած` շարքային քաղաքացուց մինչեւ նախագահ: Պարզապես հայերը մինչ օրս երեւակայում են, որ սեւամորթները դեռ ստրուկի կարգավիճակում են: Թեեւ, եթե իրենց կողքից նայեն` կհասկանան, որ ստրուկի կարգավիճակում հենց մենք բոլորս ենք: ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ասվածի վառ ապացույցն են: Էլ չեմ խոսում էներգետիկ եւ այլ կախվածություններից` ինչպես Ռուսաստանից, այնպես էլ` Արեւմուտքից: Երեւակայելը վատ բան չէ: Ավելին, առանց երեւակայությունների եւ երազանքների մարդկությունը երբեք առաջընթաց չէր ունենա: Առանց երեւակայության Ժյուլ Վեռնը չէր գրի իր վեպերը, Էյնշտեյնը չէր ստեղծի հարաբերականության տեսությունը, Սալվադոր Դալին չէր կարող նկարել իր գլուխգործոցները: Առանց երեւակայության Մաշտոցը չէր ստեղծի Հայոց գիրը, Արամ Խաչատրյանը չէր գրի «Սուսերով պարը», իսկ մեր հերոսները չէին ազատագրի Արցախը: Բայց երեւակայելը, կարծես թե, ընտրյալներին է միայն տրված: Այն մարդկանց, ովքեր, կարելի է ասել, շատ առաջ են իրենց ժամանակակիցներից եւ կոչված են ապահովել այդ ժամանակակիցների եւ ապագայի կապը: Իսկ հասարակության մնացած հատվածը, սովորաբար, շատ ավելի պրագմատիկ կյանքով է ապրում, որպեսզի հասարակությունը (ազգը) իրականությունից չկտրվի: Բայց չէ՞ որ «մեզ հայ են ասում»: Իսկ հայերն ազգովի են երեւակայում: Երկու անգամ հեռուստացույցով ցուցադրված «պիժոնն» իրեն աստղ է երեւակայում, հայկական հեռուստասերիալում նկարահանված դերասանն իրեն առնվազն Դը Նիրո է պատկերացնում: Եվ դա էլ բավական չէ, ուզում է, որ ուրիշներն էլ պատկերացնեն: Իշխանական միջանցքներում երկու անգամ գարեջուր խմած ռեժիսորներն իրենց Վախթանգովի տեղն են դնում, իսկ երկու տեսահոլովակ նկարահանած ռեժիսորների հետ արդեն ընդհանրապես խոսել չի լինում: Հայաստանի յուրաքանչյուր թաղային ոստիկան անպայման երեւակայում է, որ ինքը Ժեգլովն է, իսկ կադաստրի աշխատակիցները Թամանյանի թոռներն են` բոլորն անխտիր: Լրագրողների մի մասն իրեն քաղաքական գործիչ է երեւակայում: Բայց դա նրանց երեւակայության ներքին սանդղակն է: Նրանցից ոմանք էլ երեւակայում են, որ «այս երկրում հարց լուծող են»: Բայց անգամ սա այդքան ահավոր չի դիտվում: Չէ՞ որ, ինչպես կասեր Մհեր Մկրտչյանի հայտնի հերոսը, լրագրողները գոնե «կաժդի դեն ակադեմիկա վիդյատ, Իշտոյանա վիդյատ, դեպուտատա վիդյատ…»: Ավելի անհասկանալի է, երբ իրենց քաղաքական գործիչ են երեւակայում ուտիլիզացված կուսակցությունների, այսպես կոչված, լիդերները: Ախր սրանց հետ «լայեղ» չեն անում շփվել ոչ միայն վերոնշյալ «ակադեմիկն ու Իշտոյանները», այլեւ այդ նույն լրագրողները, որոնց հասկանալ, իհարկե, կարելի է, քանզի լրատվամիջոցներից քչերն ունեն «ռետրո» բաժին: Բա մեր գործարարները: Տեսեք-տեսեք, երեւակայում են, որ իրենք, ոչ ավել, ոչ պակաս, բիզնեսմեն են: Տղերք, ո՛ւմ էլ մենաշնորհ տան՝ կկարողանա փող աշխատել: Բացառությամբ, իհարկե, արտադրողների, որոնց վերջին մի քանի տարիների ընթացքում «դոլարի կուրսով խեղդեցին»: Իսկ մնացածն ընդամենն այս կամ այն ապրանքը ներկրելու մենաշնորհ ունեցող տղերք են: Որ օրն այդ իրավունքը մեկից խլեցին եւ տվեցին մյուսին, այդ «մեկը» կդառնա մանր կամ միջին գործարար, իսկ «մյուսը»` օլիգարխ: Դատարանները, հերիք չէ, որ երեւակայում են, որ իրենք «աշխարհի ամենաարդար դատարանն են», հետն էլ վիրավորվում են, երբ ամբաստանյալները ոտքի չեն կանգնում, երբ անձամբ ինքը` «արդարադատությունն» է ներս մտնում:

Բայց սա էլ դեռ վերջը չէ: Ամենագլոբալ երեւակայությունը համազգային երեւակայությունն է: Չգիտես ինչո՞ւ՝ հայերին թվում է, թե իրենք եվրոպացիներ են եւ հինգհազարամյա մշակութային ազգ: Մեզ թվում է, թե մենք ամենախելոքն ենք, ամենագրագետը, ամենագեղեցիկը: Բայց եթե այդպես լիներ, այսպես չէր լինի… Ափսոս, բայց մենք այդպես էլ մնացինք «կինոթատրոնում հայկական ազգանուն տեսնելուն պես ծափ տվող ազգ»: Մեր աճը կանգնել է վերելակի առաջին եւ երկրորդ հարկերի արանքում: Այնպես մի երեւակայեք, թե իբր մենք երկնաքերերի վերջին հարկերում ենք, թե չէ` գլուխներս կպտտվի: