Բանկերը վարկեր չեն տալիս

07/02/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Այս պահին Հայաստանում բյուջեի վերանայման գործընթաց ծախսային մասում նախատեսված չէ: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելու է շուրջ 500 մլն դոլարի վարկ: ՌԴ կառավարության եւ մեր կառավարության միջեւ նույնպես բանակցություններ են վարվում` կայունացման վարկ ստանալու ակնկալիքով, եւ ես կարծում եմ, որ գործը բյուջեի վերանայմանը չի հասնի: Բայց կանխատեսումներ անելը, ինչպես գիտեք, անշնորհակալ գործ է»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների փոխնախարարի օգնական Վարդան Աթոյանը: Հիշեցնենք` անցած շաբաթ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանն ասել էր, որ Ֆինանսների նախարարությունը նվազեցնելու է 2009թ. տնտեսական աճի կանխատեսումը` բյուջեով նախատեսված 9.2 տոկոսից իջեցնելով 5.5 տոկոսի: Սա անխուսափելիորեն ենթադրում է, որ կնվազեն նաեւ հարկային մուտքերը: Փաստորեն, Վ. Աթոյանը վստահ է, որ արտասահմանյան վարկերի հաշվին կարելի է ծածկել նախատեսված հարկային եկամուտների կրճատումը: Վ. Աթոյանը երեկվա ասուլիսում ընդգծեց նաեւ արտահանման ոլորտի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի թույլ տալ, որ դրամն արժեզրկվի, եւ ԿԲ պահուստները չկրճատվեն: «Օրենքի տեսակետից ԿԲ-ն անկախ մարմին է եւ կապ չունի կառավարության հետ: Այդ հարցի պատասխանը ճիշտ կլիներ պարզել ԿԲ-ի փորձագետներից»,- պատասխանեց Վ. Աթոյանը: Նա նշեց, որ իր կարծիքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում առաջիկայում սպասվում է գների անկում: «Շուկայի օրենքներով՝ եթե ապրանքը չի վաճառվում, գինը պետք է նվազի: Մեզ մոտ դեռ անշարժ գույքի գների անկում չի նկատվում, բայց կարծում եմ` դա անխուսափելի գործընթաց է, եւ իմ կանխատեսմամբ՝ այդ գները Հայաստանում կիջնեն մինչեւ 2003թ. մակարդակը»,- նշեց Վ. Աթոյանը: Նա նշեց նաեւ այն հիմնական ուղղությունները, որով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կազդի Հայաստանի վրա: «Մեր հայրենակիցների մի ստվար զանգվածը արտերկրում գտնվող իրենց բարեկամներից ստանում են գումարներ, որոնք շատ հաճախ կազմում են այդ ընտանիքի բյուջեի պատկառելի մասը: Տարբեր գնահատումներով՝ այդ փոխանցումները կազմում են տարեկան 1-2 մլրդ ԱՄՆ դոլար, որից 600 մլն-ը կատարվում է բանկային համակարգի միջոցով: Այդ գումարները մեծամասամբ ստացվում են ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում գտնվող մեր հայրենակիցներից: ԱՄՆ-ը ու ՌԴ-ն առավել մեծ չափով են տուժում այս ֆինանսատնտեսական ճգնաժամից: Իսկ մեր հայրենակիցները զբաղված են հիմնականում շինարարության եւ առեւտրի ոլորտներում, ուստի հաշվի առնելով հատկապես ՌԴ-ում շինարարության կաթվածահար վիճակը` դժվար չէ կռահել, որ նրանցից շատերի համար դամոկլյան սրի պես կախված է աշխատանքը կորցնելու իրական վտանգը: Հաշվի առնելով նաեւ ՌԴ-ի կողմից այլ երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու վերաբերյալ սահմանված վերջին սահմանափակումները` կարող ենք արձանագրել, որ նույն վտանգը կա նաեւ առեւտրի ոլորտում ներգրավված մեր հայրենակիցների համար: Հաջորդ հարվածը սպասվում է հայաստանյան հիպոթեքային շուկայի ուղղությամբ: Փաստացի այսօր ՀՀ բանկերն արդեն չեն տրամադրում հիպոթեքային վարկեր, իսկ բիզնես վարկերի տրամադրումը նույնպես վտանգված է: Դրա հիմնական պատճառը մեր բանկերում առկա կանխիկ գումարի պակասն է»,- հայտարարեց Վ. Աթոյանը: Նկատենք, որ սա, թերեւս, առաջին դեպքն է, որ պաշտոնապես, թեկուզ փոխնախարարի օգնականի մակարդակով, խոսվում է անշարժ գույքի գների նվազման եւ հատկապես բանկային համակարգում առկա խնդիրների մասին: Հաջորդ ուղղությունը, որով Հայաստանը կզգա ճգնաժամի ազդեցությունը, ըստ Վ. Աթոյանի, համաշխարհային շուկայում մետաղների գների կտրուկ անկումն է, ինչի հետեւանքով Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Քաջարանի Կապանի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ, սկսվել է աշխատողների զանգվածային կրճատման գործընթաց, հարկադիր պարապուրդ, որը «ծանրագույն հարված է հասցնելու առանց այդ էլ գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսությանը»: «Անկասկած տուժելու է նաեւ վերջին տարիներին որոշ աշխուժացում արձանագրած զբոսաշրջության ոլորտը: Միաժամանակ սպասվում է նաեւ օտարերկրյա ներդրումների, ընդհանուր տնտեսական ակտիվության, ինչպես նաեւ` արտահանման ու ներմուծման նվազում»,- ասաց Վ. Աթոյանը: Վերջում նա խոսեց Տիգրան Սարգսյանի սիրած թեմաներով (գիտելիքահենք տնտեսության, կիրթ մարդկանց հարգելու եւ զոռբայությանը տեղ չտալու անհրաժեշտություն, հոգեւոր արժեքներ եւ այլն)` համեմելով այն հայրենասիրական մտքերով: «Խոսք չի կարող լինել գիտելիքի առկայության մասին, քանի դեռ մեզանում կիրթ, գրագետ մարդիկ հեղինակություն չեն, քանի դեռ հոգեւոր անճաշակությունը, զոռբայությունը եւ նյութապաշտությունը այս չափով տեղ ունեն մեզանում»: Սա թերեւս տնտեսության իրական վիճակի մասին Տ. Սարգսյանի «լավատեսական» ոգուն հակառակ գնահատականներ տալու փոխհատուցումն էր: