Տոնավաճառների առեւտրի կարգավորման նպատակով կառավարությունն իրար է անցել: Օրը մի բան որոշում են: Բայց տոնավաճառներում հաշվիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հարցում կառավարությունը հաստատակամ է: Անհողդողդ հաստատակամ: «Ինչո՞ւ» հարցին միանշանակ պատասխան գտնելը դժվար է: Տոնավաճառները Հայաստանում խիստ տարածված երեւույթ են: Հասարակական մասշտաբ ունեցող երեւույթ: Փորձագիտական տվյալներով՝ տոնավաճառների միջոցով լուծվում է հասարակության 10-15 տոկոսի ապրուստի խնդիրը: Տոնավաճառները մի քանի հազար մարդու աշխատատեղ են ապահովում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամին զուգընթաց` ՀՀ կառավարությունը փորձում է բարեշրջել տնտեսության այս «ինքնաբուխ» ոլորտը: Մինչդեռ կառավարությունը պիտի որ ավելի զգուշավոր լիներ: Տնտեսական ճգնաժամն ինքնին լուրջ խնդիրներ է դնելու հասարակության առջեւ: Ակնկալվում է, որ 2009թ. կտրուկ նվազելու են բնակչության եկամուտները: Ինչպես բոլոր երկրներում: Բայց մեր կառավարությունը ժամանակից առաջ ընկնելով՝ ինքն է որոշել քանդել ձեւավորված համակարգերը: Եթե այս քայլերն արվեին անցած-նախանցած տարի՝ հասկանալի կլիներ: Ու կորակվեր որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի հերթական փորձ: Բայց հիմա, թող ներվի ասել, տոնավաճառների, տաքսի ծառայությունների ու նկատելի ծավալներով աշխատատեղեր ապահովող այլ ոլորտներում կառավարության քայլերը անհասկանալի են: Տարիներ առաջ, երբ Հայաստանում շուկայական տնտեսություն կառուցելու քաղաքականություն որդեգրվեց, հասարակությունը հասկացավ, որ «խեղդվողի փրկությունը հենց իր` խեղդվողի գործն է»: Հասկացավ ու, ով ինչպես կարողացավ՝ իր ապրուստն ապահովելու միջոց գտավ: Հիմա պարզվում է՝ մեր կառավարության կարծիքով՝ եկել է մանր բիզնեսը կարգավորելու ժամանակը: 2008թ. հարկային տվյալների հրապարակումից պարզ դարձավ, որ կառավարությունն այլեւս չի կարողանում նախկին ծավալներով հարկել խոշոր բիզնեսը: Հետեւաբար հարկահանությունը պետք է տեղափոխել մանր բիզնեսի վրա: Մասամբ էլ` միջին: Թե ինչպե՞ս է հնարավոր տեղադրել ՀԴՄ-ներ՝ տոնավաճառներում կառավարությանը չի հետաքրքրում: Ինչո՞վ է տոնավաճառը տարբերվում խանութից` նույնպես: Այն, որ տոնավաճառում սակարկում են, ապրանք գնում վերադարձնելու հնարավորությամբ, նրանց փույթը չէ: Ինչպես վերադարձնել ՀԴՄ-ով գրանցված ապրանքը՝ նույնպես փույթ չէ: Ոչ վարչապետը, ոչ կառավարության անդամները տոնավաճառներից չեն օգտվում: Ոչ Հայաստանում, ոչ արտասահմանում: Այլապես կտեսնեին, որ ամենազարգացած տնտեսություն կամ առեւտուր ունեցող երկրների տոնավաճառներում ՀԴՄ-ներ չկան: Այդ սարքերից ես չեմ տեսել ոչ աշխարհի ամենախոշոր` Դուբայի ոսկու շուկայում, ոչ այդ քաղաքի խոշորագույն տոնավաճառներում: Այլ քաղաքների տոնավաճառներում եւս: Բայց մեր մոտ լինելու են: Հաստատ: Որովհետեւ անձամբ վարչապետն է տոնավաճառ այցելում: Այցելում է մատչելի բացատրելու ՀԴՄ-ների բյուջեանպաստ հրաշագործ էությունը: Միանգամայն արեւելյան սովորություն է: Արեւելյան իշխանավորները սիրում են լինել ժողովրդի մեջ: Սիրում են աշխատել ժողովրդի համար: Սիրում են, երբ այդ պահերն անմահացնում են ուղեկցող տեսախցիկները: Անմահացնում ու մի գլուխ պտտում հեռուստաեթերներում, թե ինչպես էր վարչապետը մանր վաճառականին բացատրում նոր տնտեսական քաղաքականության իմաստը: «Այդ ՀԴՄ-ները քո դեմ չեն, քո տիրոջ դեմ են»,- հեռուստաեթերում ասում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առանց ՀԴՄ-ի տոնավաճառների տերերին հարկային դաշտ բերել չի լինի: Բա հո իշխանությունները չեն պարզելու, թե ամսական որքան գումար են մուծում մանր վաճառականները իրենց սեղանիկ-տաղավարների համար: Հո չե՞ն պարզելու, թե որքան գումար են մուտքագրում տոնավաճառների տերերը: Ցանկացած մանր առեւտրական կասի, որ ամեն ամիս վճարում է 120-200 հազար դրամ: Ու կավելացնի, որ այդ մուծման դիմաց տոնավաճառի սեփականատերերից ընդամենը 20 հազար դրամի մուծման կտրոն է ստանում: Եթե մեր իշխանությունները այս ամենը պարզած լինեին՝ կիմանային` ինչպես եւ ում միջոցներից հարկային մուտքեր ապահովել: Բայց մեր վարչապետը գերադասում է այցելել տոնավաճառ ու հետո տեսախցիկների առջեւ տպավորությունը կիսել կառավարության մյուս անդամների հետ: «Իմ հետ զրույցում վաճառողները չէին թաքցնում եւ ասում էին, որ իրենք գրանցված չէին: Բա ինչո՞ւ այդ փաստը չեն արձանագրում տոնավաճառ այցելած տեսուչները, ինչո՞վ են զբաղված նրանք»,- միամտորեն զարմանում էր վարչապետը: Զայրացած էր զարմանում, կարծեմ, կառավարության նիստի ժամանակ: Արեւելքում իշխանավորները հասարակության հետ հանդիպումները սիրում են տոնի վերածել: Երեւի այս պատճառով են մեր լրատվամիջոցները այդքան տեղ հատկացնում վարչապետի տոնավաճառ կատարած այցին: Անկախ այն փաստից, որ այդ ամենը, մեղմ ասած, չի նպաստում վարչապետի հեղինակությանը: Ոսկու շուկայի տեսանյութից հետո ես չհասկացա Տիգրան Սարգսյանի բառապաշարը: Ինչ կարելի է բխեցնել «Այդ ՀԴՄ-ները քո դեմ չեն, քո տիրոջ դեմ են»՝ միջնադարին վայել արտահայտությունից: Մի՞թե մեր վարչապետը չգիտի, որ ՀՀ քաղաքացիները ճորտ կամ ստրուկ չեն եւ աշխարհիկ տեր չունեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տարիներ շարունակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Թեմական խորհրդի ատենապետ է: Ու պիտի որ Տեր բառն արտասանելիս ավելի պատասխանատու լիներ:
Հ.Գ. Ես պարտավորված եմ զգում հրապարակավ հայտարարելու, որ առեւտուր անելիս դրամարկղային կտրոն այսուհետ չեմ պահանջելու: Չնայած ես վարչապետի պես զարմացած չեմ ու գիտեմ ինչով են զբաղված տեսուչները: Բայց կարծում եմ, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը հարկային ու մնացյալ համանման լիազորություն ունեցող տեսուչների գործն է: Վարչապետն ու նրանք են վճարվում այդ գործի համար: