«Ահազանգեք, որ ամեն ինչի համար կաշառք են պահանջում»,- ասում է հինգ երեխաների մայրը

07/02/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

5-րդ դասարանցի Գեւորգի գիշերօթիկ դպրոց տեղափոխվելու միակ դրդապատճառն այնտեղ սնվելու հանգամանքն էր: Սկզբում չէր համակերպվում ամբողջ շաբաթվա ընթացքում մորը, ընտանիքին ընդամենը երկու օր տեսնելու մտքի հետ, կարոտում էր… Այժմ, սակայն, որոշում է կայացրել։ «Իմ երազանքը բանակ գնալն ա: Չնայած ցերեկային դպրոցում շատ լավ էի սովորում, մանավանդ` մաթեմատիկայից շատ ուժեղ էի, բայց գիշերօթիկում սկսեցի ինձ լավ զգալ: Մտածում եմ` դե՛, նախ՝ բանակ գնալը գիշերօթիկի հետ կապ չունի, էնտեղից էլ կտանեն: Երկրորդն էլ՝ տանն ուտելու բան չէր լինում, սոված էինք մնում, մաման լացում էր… Հիմա դպրոցում կերակրում են, իսկ բանակ գնալու հարցն, ասում են` գիշերօթիկի հետ կապ չունի, կտանեն: Նենց որ, իմ երազանքը զինվոր դառնալն ա. եթե պետք ա գիշերօթիկում սովորել` կսովորեմ: Մենակ կարոտից եմ նեղվում, շատ եմ կարոտում մամային, եղբայրներիս, քույրիկներիս»,- ասում է Գեւորգը: 31-ամյա Մարինե Դավթյանը հինգ երեխաների մայր է: Նրա երեք տղաներն էլ երազում են զինվոր դառնալու մասին: Ամուսնու մասին խոսելիս բարկանում է` «Յա՛ կա, յա՛ չկա: Գործ չի ճարում, ես էլ նեղվում եմ` ինչքա՞ն կարելի ա ախր սենց ապրել: Տուն չեմ թողնում. ոչ բաժանված ենք, ոչ ամուսնացած. ախր ես շատ ծանր, դժվար օրեր եմ անցկացրել, էլ ուժ չունեմ»: Անտուն են, իսկ այժմ Շենգավիթ համայնքի Շարուրի 24/2 հասցեում մի բնակարան են վարձակալել, որպեսզի երեխաները փողոցներում չցրտահարվեն: Ասում է` տարիներ առաջ անօթեւան կարգավիճակին չդիմանալով` հանգրվանել են Շիրակի 2ա հասցեի հանրակացարանի 7-րդ մասնաշենքի մի ազատ սենյակում, սակայն Փախստականների կոմիտեից ոմն Քոթանջյան ազգանունով մարդ նրանց բառիս բուն իմաստով դուրս է շպրտել այնտեղից: «Ծեծկռտուք սարքեց, բռնի ուժով երեխաներիս հետ հանեց դուրս: Վեշերով հանդերձ, երեխաներիս հետ հանրակացարանի միջանցքում էինք մնում, գնալու տեղ չունեինք: Բարուրի երեխան ձեռքս` պատի տակ կուչ էինք եկել»,- ասում է Մարինեն` վստահեցնելով, որ հանրակացարանում բազմաթիվ ազատ սենյակներ կան, սակայն Փախստականների կոմիտեն արգելում է ժամանակավոր այնտեղ բնակվել: Փոխարենն, ասում է` Փախստականների կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանի ենթական` Քոթանջյանն, իրենից 200 դոլար է պահանջել սենյակում ապրելու թույլտվության համար: «Կաշառք են ուզում, հասկանո՞ւմ եք, բոլորը կաշառք են ուզում ինչ-որ բան անելու համար, իսկ իմ երեխաներն օրերով սոված են քնում»,- ասում է Մարինեն: Այժմ, իհարկե, դեռեւս բնակվում են վարձակալած տանը, սակայն ամսական 50.000 դրամ վարձավճարները չմուծելու պատճառով` մեծ պարտքեր է կուտակել: Մինչդեռ, նա վստահեցնում է, որ հանրակացարանում տասնյակից ավելի ազատ սենյակներ կան, որոնք վճարունակ «տանտիրոջ» են սպասում: Մարինեն զայրույթից լաց է լինում, արդարություն է փնտրում` իշխանություններին ահազանգելով` «Ախր արդարությունն ո՞ւր ա: Ես հինգ երեխաներիս հետ անտուն եմ, իսկ հանրակացարաններում դատարկ սենյակները դրսից կողպված են: Խնդրում եմ, մեր իշխանություններին ահազանգե՛ք, թող իմանան, որ ամեն ինչի համար կաշառք են պահանջում, բայց չէ՞ որ երեք առողջ տղա եմ ուղարկելու բանակ: Չէ՞ որ նույն Գագիկ Եգանյանին իմ տղաներն են վաղը-մյուս օրը սահմանում պաշտպանելու»: Հունվար ամսից այս բազմազավակ ընտանիքը զրկվել է 34.000 դրամ կազմող ընտանեկան նպաստից, այն դեպքում, երբ երեխաների ամենօրյա հացը միայն այդ գումարով էին հոգում: «Փարոսի» գրասենյակը նպաստից զրկելու հանգամանքը պատճառաբանում է Մարինեի ամուսնու անձնագրի տվյալների բացակայությամբ: Վերջինս էլ նեղսրտում է՝ ասելով, թե` «Ախր ամուսինս անձնագիր չունի, կամ նա ինձ ամուսի՞ն ա, ո՞ւր ա էդ ամուսինը: Կամ նա օգնո՞ւմ ա ինձ, որ իրա պատճառով էսօր երեխեքս զրկվել են հացից: Անցյալ ամբողջ տարին ստացել ենք առանց ամուսնուս անձնագրի տվյալների, իսկ հիմա՞… Եթե մի երկու կոպեկ իրանց տամ` վստահ եմ, որ նպաստը կտան, բայց քանի որ չեմ տալիս` մի պատճառ բռնում են, որ տուպիկի առաջ կանգնացնեն: Մաղարիչ են ուզում: Կաշառք չտվեցի` դրա համար էլ կտրեցին»: Մարինեն ամուսնու` Ներսեսի հետ զագսավորված չէ. բացի այդ` Ներսեսն անգամ ժամանակավոր գրանցում չունի: Մարինեն ասում է, որ հինգ երեխաներին կերակրելու հարցում հիմնականում օգնում են մայրն ու սկեսուրը, ովքեր նույնպես ապրում են սոցիալական ծանր պայմաններում, սակայն տեսնելով մանկահասակ երեխաների ծանր կենցաղը` «Զակատ-մակատ արած պահածոներ են հասցնում»: 1-ին դասարանցի Արսենն, արդեն քանի օր է, դպրոց չի գնում` «վինետկայի» համար պահանջվող 3500 դրամը չվճարելու համար: Իսկ Մարինեն «խելագարվում է» այն մտքից, որ 36.000 դրամի պարտքով հաց վերցրած ցուցակը թողած՝ դեռ պիտի դպրոցին էլ վճարի: Հարցնում եմ` «Հանրակացարանում սենյակ հատկացնելու համար որեւէ տեղ դիմե՞լ եք»: Մարինեն պատասխանում է` «Ախր մեզ նենց դուրս շպրտեցին, որ արդեն վախենում եմ: Հինգ երեխա ունեմ, մի վնաս կտան, ասում եմ` ավելի լավ ա սենց խեղդված ապրենք: Չգիտեմ էլ` ում դիմեմ…Դուք ինձ ուղղություն ցույց տվեք, ասեք` ինձ ո՞վ կընդառաջի, ես գնամ-խնդրեմ, աղաչեմ: Ճանապարհ ցույց տվեք` դիմեմ: Ախր մարդու մեջ հույսն էլ ա մեռնում, խելքս չի կտրում, թե մեկը մեզ կօգնի»: Ասում է` վերջին հղիությունն անցանկալի է եղել, քանի որ գիտակցել է նման ծայրահեղ կենցաղային պայմաններում կրկին երեխա ունենալու վտանգավորությունը: Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնում արհեստական ընդհատում կատարելու համար պահանջել են 100.000 դրամ: «Վախենում էի էլի երեխա ունենալ, գիտեի, որ դժվար ա լինելու, բայց էնպիսի թիվ կրակեցին, որ գլուխս կախ հետ եկա: Դեռ մի բան էլ բժիշկը գինը սակարկում էր: Մեր պաշտոնյաներն էդքան հայտարարում են, որ ուզում են ծնելիությունը բարձրացնեն, բազմազավակ ընտանիքներին խրախուսեն, բայց… Հիմա մարդ երկու երեխայից ավել որ ունենում ա` իրան մի բան էլ մեղավոր ա զգում: Հանրակացարանի մի քրջոտ սենյակն ի՞նչ ա, որ ափսոսում են երեխաներիս համար: Դրա համար էլ ես մենակ եմ, իմ ու երեխաներիս գլխին պետություն չկա»:

Մարինեի վրդովմունքն ու զայրույթն աննկարագրելի է: Երիտասարդ կնոջ նյարդային համակարգը քայքայված է: Անդադար խոսում, կշտամբում է ինքն իրեն, հետո՝ ամուսնուն, հետո՝ երկրի իշխանություններին: Սենյակից երեխայի ճիչեր են լսվում. մոտենում եմ… 40 օրական Թագուհին ցրտից կծկվել է օրորոցում ու ճչում է: Երեխան ցրտից կապտել է, քանի որ էլեկտրական սալիկը օրվա մեջ մի քանի ժամ են միացնում, որ պարտքերի պատճառով ընդհանրապես չհոսանքազրկվեն: Չարաճճի հայացքով 7-ամյա Արսենը պահը հարմարեցնելով մոտենում է ինձ ու շշնջում է. «Չէ՛, ես քեզ խաբել եմ. ես չեմ ուզում բանակ գնամ, վախենում եմ, որ ինձ սպանեն: Մամայի խաթր եմ խաբում»: