Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի
հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Ռուսաստանի Կազան քաղաքում:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երկուշաբթի օրը հրավիրած
մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանն առաջարկում է, որ մինչ այդ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն առնվազն 2 անգամ հանդիպեն:
Ազիմովն ավելացրել է, թե ժամանակն է, որպեսզի բանակցությունները
շարունակվեն փորձագետների մակարդակով: Ադրբեջանի փոխարտգործնախարարն ասել
է նաեւ, որ երբ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության գան Լեռնային
Ղարաբաղի հարցի շուրջ, կոնֆլիկտի գոտում խաղաղապահ ուժեր կտեղակայվեն:
«Արդեն համաձայնություն կա, որ համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը
եւ Ռուսաստանը, այդ խաղաղապահ ուժերում ներկայացված չեն լինի»,- ասել է Ա.
Ազիմովը: