Փետրվարին կապանցիները թխում են առաջին ժենգյալով հացը: Սա արարողակարգ է, որին անհամբեր սպասում են ընտանիքի գրեթե բոլոր անդամները:
Բայց այս փետրվարին Կապանի փողոցներով քայլող կապույտ բաճկոնավորները, որոնց կրծքի վրա գրված է «Դանդի Փրեշիուս Մեթալս», ասում են, որ անգամ դրան չեն սպասում. «Տրամադրություն չունենք: Համոզված ենք, որ կրճատվելու ենք: Աշխատանք էլ չկա: Ամբողջ օրը թափառում ենք փողոցներում, բայց` ապարդյուն: Սեփական քաղաքում հյուրը գալիս է ու տեր է դառնում դարերի պատմությանն ու կապանցու ժառանգությանը»,- ասում է մեր զրուցակից Դավիթը` հրաժարվելով լուսանկարվել: «Հիմա հավատս կորցրել եմ: Ճիշտ է, դեռ աշխատում եմ, բայց դե ինձ թվում ա, մենք էլ Ագարակի կոմբինատի ճակատագիրն ենք ունենալու»,- ասում է կոմբինատի աշխատակիցն ու քայլերն ուղղում դեպի հարեւան բակի տաղավար, որտեղ հավաքվում են հարկադիր պարապուրդի մեջ գտնվող ու դեռ աշխատանքը չկորցրած աշխատակիցները: Պարոն Արամայիսն էլ դեկտեմբերից պարապուրդի մեջ գտնվող գործարանի 725 աշխատակիցներից մեկն է: Ասում է` տաղավարը միակ վայրն է, որտեղ լցնում է իր ամբողջ պարապ ժամանակը, հատկապես հիմա, երբ ի պաշտոնե պարապուրդի մեջ է։ «Մենք էլ չգիտենք` ի՞նչ կլինի: Քաղաքում էլ գործարան չմնաց: Հենց մեր պարապուրդի մեջ գտնվողները էնքան պարտքեր ունեն: Նրանցից շատերի աշխատավարձերն էլ ապառիկ վերցրած ապրանքների փոխարեն են վերցնում»,- ասում է նա: «Դե տեսնենք, էսպես կանցնի մինչեւ փետրվարի 19-ը, որից հետո դժվար թե աշխատանք գտնվի: Քաղաքում կան մի քանի սրճարաններ, խանութներ, ռեստորաններ, որտեղ աշխատելու համար մեծ կապեր են պետք, իսկ եթե չունե՞ս… Մնում է սպասել: Բա էսպիսի՞ն էր նախկին Կապանը: Կոշիկի գործարան ունեինք, ավտոշինության,- թվարկում են նրանք ու մի պահ հպարտանում Կապանի արդյունաբերական անցյալով,- Ղափանը, գյուդումըս, հինչ քաղաք լա…»:
Ղափանի արդյունաբերական անցյալը` մինչ Կապանի արդյունաբերական նոյեմբերը
Ղափանի շրջանում լեռնահանքային արդյունաբերությամբ սկսել են զբաղվել դեռեւս 3-4 հազար տարի առաջ: Այդ մասին է վկայում պատմական Հալիձոր` հալելու ձոր վայրի անունը, որը գտնվում է քաղաքի մոտ: Բայց արդյունաբերությունը սկսեց զարգանալ 19-րդ դարում: Մինչ այդ պղնձի մշակումը մշտական բնույթ չէր կրում: Պատճառն աշխարհագրական դիրքն էր: Սակայն Ղափանում ամեն ինչ փոխվեց հատկապես Հայաստանի ու Ռուսաստանի միացումից հետո: Հենց այդ ժամանակ էլ կասպիական մարզի կառավարիչ գեներալ Մադաթովը 1823թ. հուլիսի 30-ին Երմոլովին նամակ է գրում, որտեղ նշում է, որ հայկական Կապանչայ գետի ձախ ափին, ըստ հպատակ շինականների ցուցումների, կան պղնձի հանքանյութեր: Հանքանյութերը բարձր որակի են եւ հարուստ: Դրանից 12 տարի անց Կապան եկավ գերմանացի նշանավոր երկրաբան Աբիխը, ով կատարած ուսումնասիրությունների ժամանակ, Կավարտ գյուղից ոչ հեռու հայտնաբերեց 120-ից ավելի հին փորվածքներ: 1841թ. Կապան է գալիս ԱՄՆ-ի պղնձի տրեստի ինժեներ Ֆեյբեսը: Հետո շատ մարդիկ եկան Կապան, ուսումնասիրեցին տարածքն ու գնացին: Նրանք իրենց արձանագրություններում գրեցին, որ տարածքը հարուստ է պղնձով: Միայն 1908թ. Կապանում շուշեցի Մելիք Ազարյանը կառուցեց առաջին հարստացուցիչ գործարանը: Այդ տարիներին հանքաքարի հարստացումը կատարվում էր ջրի միջոցով, իսկ հանքաքարի հանույթը ավելացնելու նպատակով օգտագործում էին փայտյա վագոններ ու փայտյա գծեր: Հանքաքարի տեղափոխման համար գործարանի տնօրինությունն օգտագործում էր 12-16 տարեկան պատանիների էժան աշխատուժը: Այդ ժամանակ, սակայն, ասպարեզ են գալիս եվրոպական կապիտալիստներ, ովքեր փորձում էին տիրանալ Զանգեզուրի հանքերին: Դա չուշացավ, քանի որ ցարական Ռուսաստանը խնդիր էր դրել կառուցելու Ալթայ-Ջուլֆա երկաթուղին, որը մոտենում էր Կապանին: Առաջինը Կապանի հանքերից օգտվելու ցանկություն հայտնեցին գերմանացիներն ու ֆրանսիացիները: Շուտով ֆրանսիական կովկասյան Արդյունաբերական մետալուրգիական ընկերությունն ու գերմանական «Սիմեն» ֆիրման իրենց ներկայացուցիչներին ուղարկում են Կապան, որոնք անմիջապես գործարքներ են կնքում Կապանի հանքատերերի հետ: Արդեն 1912թ. ֆրանսիացի արդյունաբերողները վերցրեցին Կապանի բոլոր հանքերը ու կառուցեցին հզոր պղնձաձուլական գործարան, որն աշխատեց մինչ 1937թ.: Եթե 1890թ. Կապանի հանքերի բոլոր ձուլարանները միասին արտադրում էին 25.900 փութ պղինձ, ապա 1917թ. միայն ֆրանսիացիների կողմից կառուցած ձուլարանն արտադրում էր 70 հազար փութ: Բայց 1917թ. հեղափոխությունը Կապանում դադարեցնում է բոլոր տեսակի աշխատանքները:
5 տարի հետո Հայաստանի կառավարությանն են դիմում իտալացիները` խնդրելով թույլատրել շահագործել Կապանի հանքերը: Առաջարկները շատանում են, բայց կառավարությունը մերժում է դրանք, քանի որ խնդիր էր դրված սեփական ուժերով վերականգնել հանքերի աշխատանքները:
Արդեն 1930-ական թթ. ավարտվում են վերակառուցողական աշխատանքները, վերականգնվում են ֆրանսիացիների ժամանակ աշխատող հանքերը, ձուլարանը, էլեկտրակայանները եւ արտադրամասերը: Բայց մնում էր միայն մի դժվարություն` կապը արտաքին աշխարհի հետ: Մինչ այդ Կապան ներմուծվող բոլոր տեսակի բեռները, տեխնիկան, կոքսն ու նավթը, պայթուցիկ նյութերն ու պարենը փոխադրվում էին ուղտերի քարավաններով ու եզների սայլերով: Եվ 1932թ. կառուցվում է Կապան-Մինջեւան երկաթգիծը: Ի վերջո, 1935թ. շահագործման է հանձնվում հարստացուցիչ գործարանը եւ տրանսպորտային ստորգետնյա հանքուղին: Գործարանն աշխատում էր երեք սեկցիայով. երկուսը` պղնձի, մեկը` Շահումյանի բազմամետաղյա հանքաքարի համար, որը բացի պղնձից՝ պարունակում էր ցինկ ու կապար: Անգամ 1941-45թթ. պատերազմի ընթացքում կոմբինատն ավելացնում է պղնձի արտադրությունը: Հետագա տարիներին կոմբինատի բարձր արտադրության շնորհիվ քաղաքում կառուցվում են հիվանդանոցային համալիր, լեռնամետալուրգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական եւ երաժշտական ուսումնարաններ, մշակույթի պալատ, մարզահամալիր, Չանախչի-Կապան ջրատարը: Հենց այդ տարիներին էլ կոբինատում էր աշխատում Կապանի վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Խաչատրյանը: Նա հիշում ու երանի է տալիս այն տարիներին, երբ ամեն բանվորի տարեկան ուղեգիր էր տրվում։ «Ամսական ստանում էի 450 ռուբլի աշխատավարձ: Էլ չեմ ասում ուղեգրերի մասին. պարտադիր գնում էինք Բալթյան երկրներ: Ես հիմա ափսոսանքով եմ հիշում մեր կոմբինատի անցյալը, երբ տեսնում եմ ներկան»,- ասում է կոմբինատի նախկին հաստոցավարը, ով 45 տարի աշխատել է կոմբինատում։ «Հիմա ասում են` ճգնաժամ է: Եթե ուզեն՝ մի վայրկյանում կվերացնեն: Տեսեք, խելքին մոտ բան եմ ասում. ամեն բանվորի աշխատավարձը 30 տոկոսով իջեցնում են, էլ ի՞նչ կրճատում»,- շարունակում է Գ. Խաչատրյանն ու վերլուծում 2008թ. նոյեմբերը:
Նոյեմբերը` Կապանում
Նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան, ժամը 8-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ աշխատակիցների շուրջ 80 տոկոսը հայտարարեցին անժամկետ գործադուլ (hոկտեմբերի 1-ի տվյալներով՝ ընկերության աշխատակիցների թիվը 1526 է): Նրանք պահանջում էին ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆալլետայից՝ չեղյալ համարել ընկերության զանգվածային կրճատումները: Հաջորդ օրը պարոն Ֆալլետան հանդիպեց գործադուլավորների հետ, բայց վերջիններս չէին ուզում լսել կրճատումների պատճառը, որը տնօրենը պայմանավորում էր միջազգային շուկայում մետաղների գների անկումով: Այս մասին իրենք գիտեին ու սպասում էին աշխատավարձի որոշակի իջեցման, բայց չէին սպասում «երկուսը՝ մեկում» բանաձեւի կիրառմանը. 60 տոկոս կրճատումներ, 40 տոկոս աշխատավարձերի իջեցում: «Սա արդեն շատ է,- չորսօրյա գործադուլի ժամանակ բողոքում էին աշխատավորները, որոնց զայրույթն ավելանում էր, երբ խոսում էին ընկերության արտասահմանցի աշխատողների մասին,- Իրենց մեքենաներով գալիս են, էստեղ շրջում ու գործ էլ չեն անում, բայց ստանում են բարձր աշխատավարձեր»:
Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը գալիս են Կապան: Ու մինչ կառավարության հանձնախումբը տեղ կհասներ, Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնը նույն օրը ժամը 11:45-ին ստացել էր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տնօրեն Ռ. Ֆալլետայի գրությունը, որտեղ ասվում է, որ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման պատճառով կատարում են կրճատումներ, ինչը գերազանցում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված 10 տոկոսը: Սակայն Զբաղվածության կենտրոնի տնօրենը գրությունը ետ է ուղարկում, քանի որ այնտեղ նշված չէր կրճատումների հստակ թիվը: Մի քանի ժամ հետո Զբաղվածության կենտրոն է հասնում երկրորդ գրությունը, որն առաջինի համեմատ տեքստային փոփոխությամբ էր, ինչպես նաեւ ներկայացված էր հստակ թիվ. «Միջազգային շուկայում վերջին ամիսներին առաջացած մետաղների գների իջեցման պատճառով 721 հոգի կրճատվում են»: Բայց սա էլ վերջին գրությունը չէր, հաջորդ օրը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» ուղարկում է երրորդ գրությունը. «Խնդրում ենք չեղյալ համարել նոյեմբերի 11-ի թիվ 714 գրությունը»: Կառավարության հանձնախմբի հետ պայմանավորվածության արդյունքում՝ նոյեմբերի
18-ն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» հետ կնքվում է պայմանագիր, ըստ որի` 3 ամսվա ընթացքում ընկերությունը ոչ մի կրճատում չի կատարելու, իսկ կառավարությունն իր հերթին ձեռնարկությանը պետք է վերադարձնի արդեն վճարված ավելացրած արժեքի հարկը:
Համաձայնագրից հետո ընկերությունը դադարեցրեց կրճատումները, բայց այս ամիսների ընթացքում 148 հոգու հետ աշխատանքային պայմանագրերն ավարտվեցին, եւ նորերը չկնքվեցին: «Հոկտեմբերի 1-ից մինչ օրս գրանցվել է 188 հոգի,- ասում է Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը,- բայց գործազրկության աճը տեսանելի կլինի միայն փետրվարի 18-ից հետո, չնայած առանց դրա էլ Հայաստանում գործազրկության ամենաբարձր աճը դիտվել է Սյունիքում` 14,1 տոկոս, մինչդեռ ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմում է 8 տոկոս»:
Չնայած Ռուբեն Պողոսյանի մտավախությանը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» գործադիր տնօրենը հունվարի 27-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ որոշակի ոչինչ չասաց: «Ամեն ինչ դեռեւս անորոշ է»,- ասել էր նա` հերքելով այն լուրերը, թե իբր ընկերությունը վաճառվելու է ռուսներին: Թերեւս սա էր մամուլի ասուլիսի միակ որոշակի ասելիքը: Նկատենք նաեւ, որ պրն Ֆալլետայից հարցազրույց կարելի է վերցնել միայն այն ժամանակ, երբ տեղում են քաղաքի բոլոր լրատվամիջոցները:
Անգամ հարցազրույցից առաջ հարցերը նախօրոք քննարկվում են ընկերության լրատվամիջոցների եւ հանրության կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի հետ։ «Ի՞նչ հարց պետք է տաք: Լրիվ հարցերը տվել են: Համ էլ ինքը նոր ա հարցազրույց տվել: Դե, ես չեմ ասում, թե հարցազրույց չի տա, կտա, բայց ոչ հիմա»,- հարցազրույցի համար մեր դիմումին ի պատասխան՝ ասաց մամուլի պատասխանատուն:
«Ամեն ինչին տանտեր ա պետք»
«Եթե գործարանն աշխատում է բորսայում, ապա պետք է պատրաստ լինի նաեւ անակնկալների: Մի դեպքում՝ դա դիտվում է գների բարձրացման տեսքով, մյուս դեպքում` հակառակը,- ասում է Կապանի նախկին լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին (վերջին) տնօրեն Գառնիկ Առաքելյանը, ով կոմբինատի տնօրեն դարձավ մի ժամանակաշրջանում, երբ սկսվեց Հայ-ադրբեջանական պատերազմը` լուրջ ֆինանսական վնասներ բերելով նաեւ կոմբինատի համար,- Դրությունը բավականին ծանր էր: Հրետանային համազարկերն ամենուր էին: 250կգ ինքնաթիռային 6 արկերի համազարկի վնասը կոմբինատի հարստացուցիչ գործարանի տարածքում կազմեց 500 միլիոն ռուբլի: Բայց սա անգամ չխոչընդոտեց, որ կոմբինատի աշխատանքները դադարեն: Ավելին, հենց մեր կոմբինատի աշխատողները հույս էին տալիս քաղաքի մնացած ձեռնարկություններին»: Սա՝ այն պարագայում, երբ կոմբինատը չէր հասցնում տալ բանվորների աշխատավարձերը: Նույն իրավիճակն էր նաեւ 60-ական թթ., երբ կոմբինատի տնօրենի պաշտոնը զբաղեցրեց Ալբերտ Ստեփանյանը: «Եռուն աշխատանքի ժամանակաշրջան էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոմբինատն աշխատում էր վնասներով, պետք է ուղիներ փնտրեինք»,- ասում է Ա. Ստեփանյանը` նկատելով, որ վնասներով աշխատելու պատճառը ոչ թե բանվորների վատ աշխատանքն էր, այլ՝ պաշարների մարումը ու դրանց մեջ օգտակար բաղադրամասերի նվազումը:
Մինչ այդ խտանյութը սպառվում էր ներքին շուկայում, ավելի ճիշտ` Ալավերդիում։ «Բարեբախտաբար, այդ տարիներին պղնձի 1տ արժեքը բարձրանում է ներքին շուկայական գնից»,- ասում է Ա. Ստեփանյանը, ում ներկայացմամբ, դրանից քիչ անց պայմանագիր է կնքվում խտանյութը Հարավսլավիա առաքելու մասին: Սա ավելի շատ բարտերային էր, քան դրամական: Որպես միջնորդներ էլ հանդես են գալիս անգլիացիները։ «Մեր պաշարները բավականին շատ էին: Պղնձի եւ ցինկի խտանյութը պարունակում էր մեծ քանակությամբ ոսկի եւ արծաթ»,- շեշտում է նախկին տնօրենը: Երեւույթը նույնն էր անգամ նրան հաջորդած տնօրեն Գառնիկ Առաքելյանի ժամանակ, բայց պատճառներն էին տարբեր։ «Մի իրավիճակ էր ստեղծվել, երբ բանվորների աշխատավարձերը չէինք հասցնում տալ: Մի կողմից` պատերազմը, մյուս կողմից էլ՝ մետաղների գների իջեցումը. պղնձի 1տ գինը 1800 դոլար էր, ոսկու 31,15գ` 268 դոլար, ցինկինը` 662 դոլար: Համեմատեք այս թվերը թեկուզ հենց այսօրվա գների հետ: Տարբերությունը շատ է, չէ՞»,- հարցնում է Գ. Առաքելյանը: «Անմիջապես մեկնում եմ Շվեյցարիա: Այնտեղ «Մակռիչ» ֆիրմայի հետ կնքում եմ պայմանագիր, որին պետք է առաքեինք խտանյութ, ու՝ բարձր գներով: Էսօրվա դրությունն ավելի թեթեւ է, քան էն ժամանակվանը: Էսօր պատերազմ չկա»,- շարունակում է նախկին տնօրենը։ «Մեր կոմբինատը դեռ շատ չուսումնասիրված տեղեր ունի: Մենք հարուստ պաշարներ ունենք: Ամսական արտադրվում էր 1500 տ պղնձի կոնցենտրատ, 300-350տ բազմամետաղային կոնցենտրատ»: Ի դեպ, Ռ.Ֆալլետան ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կոմբինատի արտադրած պղնձի խտանյութը մեկ եռամսյակում կազմում է 1տ: Նույնը նաեւ ցինկինը, չնայած ցինկի արտադրության ծավալները նոյեմբերից մեծացել են, թեեւ տնօրենը խուսափեց ոսկու պաշարների մասին խոսել։ «Ոսկու պաշարները շատ քիչ են»,- ասաց նա: Մինչդեռ նախկին տնօրենները վստահ են, որ Կապանի կոմբինատը հարուստ է եղել նաեւ ոսկով, որի տոկոսը բարձր է պղնձի խտանյութում: «Իհարկե, պաշարների մասին իրենք հստակ չեն խոսի,- ասում է Գառնիկ Առաքելյանը` եզրահանգելով,- Լավ օտարերկրացին անգամ չի կարող մտածել մեր ժողովրդի մասին: Իրեն ինչի՞ պիտի հուզի, թե քաղաքում քանի մարդ է դառնալու գործազուրկ ու մնալու առանց հացի: Երկու տարբերակ կա` կամ կրճատելու է, կամ էլ բանվորներին պետք է տեղափոխեն Շահումյանի հանքավայր»: Նա զարմանքով է նշում, որ կոմբինատում ստորգետնյա մաքրման աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, այս հարցն ուղղեցինք «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» մամուլի հետ կապերի պատասխանատուին, ով ասաց, թե իրենք հիմա խտանյութ չեն արտադրում, քանի որ ստորգետնյա մաքրման աշխատանքներ են տարվում: «Ի՞նչ մաքրման աշխատանքներ, գուցե դրանք նախապատրաստական աշխատանքնե՞ր են: Կամ ի՞նչն են մաքրում: Մեկ է` օտարերկրացին երբեք չի հասկանա մեր քաղաքի մարդկանց: Դրա համար տանտեր է պետք»,- ի պատասխան՝ ասում է նախկին տնօրենը` ավելացնելով, որ տանտերերին 2000 թ. հանեցին: Ընդամենը մեկ շաբաթում առանց տնօրենի տեղյակ լինելու լուծվեց կոմբինատի սեփականաշնորհման հարցը: Քաղաքն ըստ էության ունեցավ նոր սեփականատերեր, որոնք էլ իրենց հերթին այն 2006 թ. վաճառեցին «Դանդի Փրեշիուս Մեթալս» կանադական ընկերությանը: Կապանցիներին դա զայրացրեց, իրենք պատրաստ էին թեկուզ ցածր վարձատրությամբ աշխատել հայրենակցի տնօրինությամբ, միայն՝ ոչ օտարերկրացու: Ի՞նչ կլինի աշխատակիցների վիճակը փետրվարի 19-ից հետո. կարծիքները երկուսն են` մի դեպքում՝ իրենք կմիանան աշխատող ընկերներին, մյուս դեպքում էլ՝ պարզապես կդառնան գործազուրկ: Ի դեպ, կա նաեւ երրորդ տարբերակը. այն, որ աշխատողներն են միանալու գործազուրկներին:
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կապան