Երեւանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» հ/կ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նորացված փաթեթի քննարկումը: Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական եւ իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը: Առավել եւս, որ վերջին տարիների ընթացքում մեր կազմակերպությունները հետեւողականորեն ու կառուցողական կերպով արձագանքել են զանգվածային լրատվամիջոցների ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին, տվել են պաշտոնական նախագծերի բովանդակային գնահատականը, ներկայացրել են սեփական առաջարկությունները: Մասնավորապես, 2008թ. դեկտեմբերին Երեւանի մամուլի ակումբն ու «Ինտերնյուսը» ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովին են ուղարկել այս օրենսդրական փաթեթի նախորդ տարբերակի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություններ: Մեր սկզբունքային դիտողություններից ոչ մեկը գործնականում հաշվի չի առնվել: Դրա փոխարեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում հայտնվել են դրույթներ, որոնց մի մասն այլ բնութագրման, քան «թյուրիմացությունն» է, արժանի չէ:
2008թ. նոյեմբերին մեր կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին անդամակցելու ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Լրատվամիջոցների օրենսդրության աշխատանքային խմբին: 2008թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ այդ խմբի առաջին հանդիպումը, դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումներ՝ նվիրված հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության կարգավորման մի քանի ասպեկտներին: Սակայն, ինչպես երեւում է օրինագծերի փաթեթից, այդ միջոցառումները որեւէ օգուտ չեն տվել, իսկ նախագծերի ներկա տարբերակներին աշխատանքային խմբին ծանոթացնելը նույնիսկ հարկ չի համարվել: Այդ դեպքում ինչո՞ւ էին այն ընդհանրապես ստեղծում: Հերթական անգամ ստիպված ենք լինում արձանագրել, որ օրինաստեղծ գործընթացի զանազան քաղաքակիրթ ձեւերը մեզ մոտ բացառապես դեկորների դեր են կատարում: Նման իրավիճակում, եւ հաշվի առնելով նստաշրջանի քննարկմանը դրված փաստաթղթերի որակը, դրանց վրա մեր հետագա լուրջ աշխատանքը կնշանակեր անհարգալից վերաբերմունք սեփական պրոֆեսիոնալ արժանապատվության նկատմամբ:
Չխորանալով հեղինակների անիրազեկության ու փնթիության մասին վկայող բազմաթիվ մանրամասների մեջ՝ մատնացույց անենք հիմնական մեթոդոլոգիական սխալները (թե՞ գիտակցված հնարքները), որոնք, ի լրումն արդեն եղածների, հայտնվել են նորացված փաթեթում: Խոսքն, առաջին հերթին, հասկացությունների կոպիտ խեղաթյուրման մասին է: Տեղական փորձագետները եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից (2000 թ.) հետո՝ առաջին իսկ օրերից, բարձրաձայնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում օրենսդրորեն հասարակական-քաղաքական բազմազանություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սրա փոխարեն, օրինագծի հեղինակներն առաջարկում են մասնագիտական բազմազանություն (լրագրության մասնագետ, հեռուuտառադիոհեռարձակման կամ հեռահաղորդակցության ինժեներ-կառավարիչ, գործարարության կամ ֆինանսների կառավարիչ եւ այլն): Երկրորդ՝ չմշակելով Խորհրդի, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության որեւէ իրական երաշխիքներ, ինչի անհրաժեշտության մասին նույնպես մշտապես խոսվում է, հեղինակները հորինել են այդ մարմինների անդամների երդման տեքստ: Քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելուն, տեղեկատվության ազատությանը եւ այլ բարձր սկզբունքներին հավատարմության երդում տալու պահանջը՝ առանց անկախությանը, բազմակարծությանը եւ հասարակությանը հաշվետու լինելուն նպաստող հուսալի մեխանիզմների, միայն ավելացնում է երեսպաշտությունը, ինչն առանց այդ էլ մեր հանրային կյանքի մեծագույն հիմնախնդիրներից է: Կրկնենք՝ օրենսդրական փաթեթի երկու սկզբունքային թերությունները դրանում առկա անընդունելի դրույթների ու անհեթեթությունների մի փոքր մասն են միայն:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 1643 (2009) Բանաձեւում կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ «ամբողջությամբ իրականացնել Եվրոպայի խորհրդի փորձագետների համապատասխան առաջարկությունները», որոնք վերաբերում են հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների անկախությանը: Մեզ հայտնի չէ ԵԽ փորձագետների վերջին առաջարկությունների բովանդակությունը, թեպետ վերոհիշյալ աշխատանքային խմբի անդամները, հավանաբար, պիտի տեղեկացված լինեին (այլապես ո՞րը պիտի լիներ պրոֆիլային հանձնաժողովին նրանց օգնությունը): Սակայն այն, որ հեռարձակման օրենսդրության վերաբերյալ ԵԽ ԽՎ 1609 (2008) եւ 1620 (2008) բանաձեւերի պահանջները, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության հարցերով հանձնակատարի կոչերը քննարկվող օրինագծերում չեն արտացոլվել՝ որեւէ կասկած չի հարուցում:
Ավելին, ամբողջովին անտեսված է 1643 Բանաձեւի այն դրույթը, որը վերաբերում է մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները դադարեցնելուն: ԵԽ ԽՎ-ն ընդգծել է. « … որ իշխանությունները չպետք է օգտագործեն թվային հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռք բերումը՝ որպես պատճառ հետաձգելու հեռարձակման` ազատ, արդար ու թափանցիկ մրցույթների անցկացումը, ինչպես պահանջում է Վեհաժողովը»: Այնինչ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի համապատասխան փոփոխությանը, որն ընդունվել է բոլոր ժողովրդավարական եւ կանոնակարգային նորմերի խախտմամբ, այս նոր փաթեթի հեղինակներն այդպես էլ չեն անդրադարձել:
Հեռարձակման օրենսդրության շուրջ կատարվող ամեն ինչ, ցավոք, խոսում է այն մասին, որ ԱԺ պատգամավորները ոչ մի կերպ չեն գիտակցում, որ անհրաժեշտ է դասեր քաղել այնպիսի իրավիճակներից, երբ հայ խորհրդարանականների պատվիրակությունը կանգնած էր ձայնից զրկվելու իրական վտանգի առջեւ: Իրենց եւ շրջապատին հանգստացնելով բարեփոխումների (այդ թվում եւ՝ խոսքի ազատության ոլորտում) աստիճանականության, կարճ ժամանակում եվրոպական չափանիշներին հասնելու անհնարինության մասին պնդումներով՝ նրանք շարունակում են վարկաբեկել տեղեկատվական բնագավառի բարեփոխման բուն գաղափարը, վնաս են հասցնում մեր երկրի հեղինակությանն ու նրա ժողովրդավարական զարգացման հեռանկարին:
Որպեսզի մերկապարանոց չլինենք, դիմենք փաստերին. սույն հայտարարության համար առիթ հանդիսացած օրենսդրական փաթեթի առաջին տարբերակը հայտնվեց 2008թ. հունիսին: Այդ ժամանակից օրինագծերի ակնհայտ թերությունները ոչ միայն չեն վերացվել, այլեւ լրացվել են նորերով, առավել աղաղակողներով: Չենք խոսում արդեն այն մասին, որ հեռարձակման օրենսդրության սկզբունքային կատարելագործման հարցն արդեն ութ տարուց ավելի օրակարգում է: Եվ սա կոչվում է աստիճանական բարեփոխո՞ւմ:
Ստեղծված իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան կոչ անել Ազգային ժողովի պատգամավորներին՝ հնարավորինս արագ մոռանալ ընթացիկ քառօրյայի քննարկմանը ներկայացված փաթեթը, վերադառնալ դրա նախկին տարբերակներից որեւէ մեկին եւ զբաղվել փաստաթղթերի արմատական վերամշակմամբ՝ հաշվի առնելով աշխատանքային խմբի բազմաթիվ դիտողություններն ու առաջարկությունները եւ միջազգային կազմակերպությունների երաշխավորությունները:
3 փետրվարի, 2009թ.