Վստահ է ռուսական նորաստեղծ «Պատմության գաղտնիքները» հեռուստաալիքի տնօրեն Ստեփան Հաջյանը, ով անցնելով շոու-բիզնեսի ոլորապտույտ ճանապարհով՝ այժմ իրականացնելու է ռուսական ամենապատվավոր հեռուստանախագծերից մեկը
Ստեփան Հաջյանը Մոսկվա է տեղափոխվել մոտ 6 տարի առաջ, աշխատել է Ռուսաստանի ամենախոշոր երաժշտական պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ, իսկ այժմ համագործակցում է գործարար Վիկտոր Բատուրինի եւ Էդվարդ Ռաձինսկու հիմնած «Մեր պարտքերը» («Դոլգի նաշի») մշակութային հիմնադրամում: Ստեփան Հաջյանը ղեկավարում է երաժշտական նախագծերի բաժինը։ Հիմնադրամի անվանումը շատ սիմվոլիկ է. «Պարտքերը վերադարձնելու ժամանակն է, եւ դա շատ լավ հասկանում է Բատուրինը, ում աշխատասիրությունն ու եռանդը հիացնում են»,- ասում է Ստեփան Հաջյանը, ով վաղուց արդեն ընկղմված է ռուսական շոու-բիզնեսում, ունի իր անխախտելի մոտեցումներն ու սկզբունքները։ Վերջերս նա մասնակցել է Ալլա Պուգաչովայի նոր ձայներիզի թողարկման աշխատանքներին (իսկ մինչ այդ նա Դիմա Բիլանի պրոդյուսերական խմբի արտ-տնօրենն էր, անձամբ ղեկավարում էր Անաստասիա Ստոցկայայի, Ալեքսայի եւ մի շարք այլ պրոյեկտներ):
Շոու-բիզնեսն ըստ Ստեփան Հաջյանի՝ ծամծմված ու տեխնոլոգիաներով հագեցած այնպիսի մի ոլորտ է, որտեղ նոր բան հայտնագործելը բավականին դժվար է։ Այսօր նա իր ուշադրությունն ուղղել է ավելի մնայուն ու արժեքավոր նախագծերի վրա։ Արդեն մեկ տարի է, նա դրամատուրգ, պատմաբան ու հրապարակախոս Էդվարդ Ռաձինսկու հեռուստահաղորդումների պրոդյուսերն է: Ռաձինսկու «Պատմության գաղտնիքները» հաղորդաշարը, որը հեռարձակվում է «OPT» հեռուստաալիքով, շուտով ընդլայնվելու է ու բոլորովին նոր հեռուստաընկերության հիմք է դառնալու: «Պատմության գաղտնիքները» դառնալու է անկախ հեռուստաալիքի անվանումը։ Այն աշխատելու է ճիշտ այնպես, ինչպես աշխատում է «Կուլտուրան», այսինքն՝ կոնյունկտուրան ու գովազդը փոխարինելու է վավերագրական նյութերի մատուցմամբ: Ընտրելով «Մենք գրում ենք մեր պատմությունը» կարգախոսը՝ ալիքի հիմնադիրները փորձելու են վավերագրական ու արխիվային նյութերը ներկայացնել նոր ֆորմատով: Եվ այդ նորաստեղծ ու քաղաքացիական մեծ նշանակություն ունեցող հեռուստաալիքի տնօրենը դառնալու է մեր հայրենակից Ստեփան Հաջյանը՝ խելացի ու սկզբունքային մի մարդ, ում համար ինքնադրսեւորման շրջանակները կարծես թե միշտ նեղ են։ Եվ նա դրանք միշտ ընդլայնում է։ Ֆինանսական ճգնաժամը նոսրացնում է գումարները, սակայն դրա հետ մեկտեղ՝ խտացնում ու խթանում է մարդկային ներուժը։ Եվ թույլ է տալիս ընդարձակել սեփական մտահորիզոնը։ Թերեւս դա է Ստեփան Հաջյանի բոլոր պատասխանների ենթատեքստում։
– Ինչպե՞ս սկսվեց Ձեր պրոդյուսերական աշխատանքը։ Եվ ընդհանրապես ինչպե՞ս են դառնում պրոդյուսեր։
– Եկա Այզենշպիսի մոտ ու ասացի՝ ուզում եմ աշխատել, որ պարտաճանաչ ու աշխատասեր մարդ եմ, որ իմ պատճառով երբեւիցե չեք «կարմրի»։ Նա ամենահեղինակավոր մարդն էր շոու-բիզնեսում, եւ ես շատ ուրախ եմ, որ նա ինձ հավատաց ու ընդունեց իր աշխատակազմի մեջ, հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել իր կյանքի վերջին 3 տարիներին: Նրա մահից հետո փորձեցի պահպանել իր գործը, սակայն դա անհնար էր, քանի որ չունեի նրա փորձն ու հնարավորությունները։ Համոզված եմ, որ պրոդյուսերի մասնագիտությանը տիրապետելն անհնար է, քանի որ դա բնատուր շնորհ է: «Հոտառության», շնորհքի ու գիտելիքի սինթեզ պիտի լինի։ Պրոդյուսերը տարբեր մասնագիտությունների համադրումն է: Փող հայթայթելը միակ աշխատանքը չէ, պետք է հասկանալ արվեստից ու պետք է կարողանալ գումարները ճիշտ նախագծերի մեջ ներդնել:
– Ներդրված գումարը ետ բերելը բոլո՞ր պրոդյուսերների համար է կարեւոր:
– Շատ հաճախ պետք է տարիներով սպասել, որ գումարդ ետ ստանաս: Շոու-բիզնեսում գումար ներդնողը չպետք է գումարը արագ ետ բերելու ակնկալիք ունենա: Օրինակ, չնայած, որ Դիմա Բիլանի անունը ստեղծելու մեջ շատ մեծ գումարներ էին ներդրվում, բայց նա երկար ժամանակ չէր համարվում «եկամտաբեր բիզնես»: Միգուցե հիմա եկամտաբեր է, ես տեղյակ չեմ։ Ինձ համար շատ լավ փորձ էին նաեւ «Եվրատեսիլի» հետ կապված աշխատանքները: Դիմա Բիլանի համար 2006 թվականին (իհարկե` Բատուրինի ղեկավարությամբ) արել ենք այն հիմնական աշխատանքը, որը չի երեւում, մնում է բեմի ետեւում եւ որը ամենակարեւորն է: Ես եւ Յանա Ռուդկովսկայան մոտ 2 տարի դուրս չենք եկել մեր գրասենյակից, տարբեր հարցեր ենք կարգավորել, որպեսզի Բիլանի ելույթը կայանա: Եվ այն կայացավ: Դրանից հետո 2007թ. օգնեցինք Բելառուսին, իսկ 2008-ին՝ Ուկրաինային։
– «Եվրատեսիլը» Հայաստանում մեծ աղմուկ է առաջացնում, բոլորը տենչում են մասնակցել։ Ինչո՞ւ, դա լա՞վ մրցույթ է։
– Ռուսաստանում եւ նախկին Սովետական պետություններում «Եվրատեսիլը» միայն վերջին տարիներին է հայտնի դարձել: Այդ մրցույթի շուրջ աժիոտաժ ստեղծեց Ֆիլիպ Կիրկորովը: Նրա շնորհիվ են հիմա բոլորը ցանկանում ամեն գնով «Եվրատեսիլին» մասնակցել` այն համարելով հեղինակավոր մրցույթ: Ընդհանրապես, արտիստ դառնում են 30-35 տարեկանից հետո: Տարիների աշխատանք է պետք, որպեսզի երգիչը արտիստ դառնա, ու նրա համար բավական լինի ընդամենը բեմ դուրս գալը, որպեսզի հանդիսատեսը ասես հիպնոսի մեջ` նրան լսի: Լավ երաժշտությունը շատ հաճախ պահանջարկ չի ունենում, պահանջված են այսօրվա, կամ, լավագույն դեպքում` վաղվա երգերը, որոնք իրականում արժեք չունեն: Եվ որպեսզի երգը կարողանա տարածվել ու իսկապես ժողովրդական դառնա, շտապել չի կարելի: Մարդիկ, սակայն, սովորաբար սպասելու ժամանակ չեն ունենում եւ հենց այսօր են ուզում երգերով փող աշխատրել։ Իսկ դա կրիզիսային ճանապարհ է։ Հիմա ռուսական, ինչպես նաեւ՝ հայկական շոու-բիզնեսը ճգնաժամի մեջ է, որովհետեւ ճգնաժամի մեջ է հենց այդ ժանրը։
– Բայց այն ծաղկում է։
– Շոու-բիզնեսը շատ լուրջ խնդիրներ է հետապնդում եւ լուրջ լծակներ ունի։ Եթե «կապիտալիստական երկրները» տարիներ առաջ նախկին Սովետական Միությունում փորձում էին իրենց ազդեցությունը տարածել, ասենք` ջինսի ու ծամոնի միջոցով, ապա հիմա դա անում են իրենց երաժշտությամբ։ Հիմա այն պահն է, երբ երաժշտության միջոցով կարելի է պետություններ քանդել։ Հսկայական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են պետությունների «քանդման» տեխնոլոգիաներ մշակելով։ Եվ այդ մեթոդներից մեկը երաժշտությունն է, քանի որ այն շատ հզոր ուժ է եւ կարող է իդեոլոգիաներ քանդել։
– Ինչպե՞ս։
– Երաժշտությունն օգտագործվում է, օրինակ, աղանդավորական խմբերում, որի անդամները գալիս են քո տուն ու «առաջին հայացքից» բարի, գեղեցիկ երաժշտություն են մատուցում։ Եվ այդ երաժշտությունն իր հետ յուրահատուկ կուլտուրա է բերում։ Թվում է, թե ոչ մի վատ բան չի կատարվում, բայց իրականում այդ երաժշտությունն ամրապնդվում է մարդանց ենթագիտակցության մեջ ու հեշտացնում քարոզը։ Կա մեկ այլ ճանապարհ. օրինակ, հանկարծ գալիս են մարդիկ, որոնք որեւէ հայտնի երգչի առաջարկում են (սկզբում` անպայման անվճար) երգ կատարել։ Երգիչը կատարում է արտասահմանյան այդ երգը, այն հայտնի է դարձնում նրան, դրանով փող է աշխատում ու բոլոր փողերը ուղարկում է այլ երկիր, քանի որ այդպես են պահանջում հեղինակային իրավունքները։ Ստացվում է այնպես, որ օտարերկրացին ոչ մի դրամ չծախսելով՝ այլ երկրից սկսում է հսկայական գումարներ ստանալ։ Եվ այդ երկիրը սկսում է քանդվել, քանի որ տեղացի կոմպոզիտորներն ու տեղական երաժշտությունն անպետք են դառնում։ Շատ պրոդյուսերներ նախընտրում են նման հեշտ ճանապարհով գնալ, այսինքն՝ արտասահմանից «ֆիրմային» երգ են ձեռք բերում, «երգացնում» են այն տեղացի երգիչներին ու նրանցից «աստղ» են սարքում՝ մտածելով, որ ոչ մի վատ բան չեն անում, պարզապես որպես միջնորդ՝ փող են «սարքում»։ Բայց նրանք չեն էլ պատկերացնում, որ դրանով քանդում են իրենց պետության կայացած ավանդույթները։ Ե՛վ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում նույն պատկերն է։ Երգերի մեծամասնությունը պլագիատ է։ Եվ այդ պլագիատն արվում է արդեն «ռասկրուտկա» եղած օտարերկրյա մեծ խմբերի երգերից։
– Հնարավո՞ր է, որ մարդիկ պարզապես չգիտակցելով են իրենք իրենց քանդում, «աստղ» են սարքում կամ «աստղ» են դառնում։ Այսպես ասած՝ խաբվում են։
– Այդ ամենը գիտակցաբար է արվում։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ խոշոր պետությունն իր առջեւ այդպիսի խնդիր է դրել։ Եթե ընդունում ենք, որ նավթի համար կարելի է պետություն քանդել, ապա ինչո՞ւ չընդունել, որ կարելի է առանձին ճյուղ ունենալ ու գործի դնել ոչ թե զենքը, այլ՝ սեփական երաժշտությունը։ Հիմա, օրինակ, ուշադրության կենտրոնում «r & b»՝ ռիթմ-ընդ-բլյուզ ուղղությունն է (իրականում այդ ոճի հիմնադիրներից է Սթիվի Ուանդերը, բայց այն, ինչը հիմա են երգում, բացարձակապես կապ չունի նրա հետ)։ Եվ հետազոտողները պարզել են, որ «r & b» ոճը շատ հարմար է 16-20 տարեկան պատանիների ու աղջիկների համար, ու հենց նրանց համար էլ նման երգեր են գրվում՝ պահպանելով հաստատագրված հաճախականություններն ու ոճը։ Ասվում է՝ ահա ձեզ երգ, ահա ձեզ մշակված ոճի հագուստ, դե գնացե՛ք, քանդե՛ք ձեր երկիրը։ Տրվում են խոշոր գումարներ, ձայներիզներ են ստեղծվում, երգերը առաջ են «բրթվում», իսկ երկիրը… քանդվում է։ Ես ոչ մի գաղտնի բան չեմ ասում, այդ մասին գիտեն բոլոր այն մարդիկ, որոնք շոու-բիզնեսի հիմքերին ծանոթ են։
– Բայց այդ մասին չեն խոսում։
– Պարզ է, որ չեն խոսի, քանի որ այդպես են փող աշխատում։ Շոու-բիզնեսը բիզնես է, որի հաջող ընթանալու արդյունքում՝ քանդվում են ազգային հոգեբանությունը, մտածելակերպը, ազգային դեմքը։ Ազգայինը լրիվ վերանում է այնպես, ինչպես դա տեղի է ունեցել Ամերիկայում։
– Ինչպե՞ս կարելի է պայքարել։
– Շոու-բիզնեսի դեմ պայքարելը շատ դժվար է, դա ահռելի ինդուստրիա է։ Եվ երաժշտության հետ մեկտեղ՝ օգտագործում են այլ միջոցներ։ Օրինակ, հասարակության մեջ ներմուծվում են տհաճ պերսոնաժներով մուլտֆիլմերը, գործի է դրվում գռեհիկ ժարգոնը։ Եվ այդ ամենը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, որի արդյունքում հասարակությունը դեգրադացվում է։
– Ստացվում է, որ մեր իսկ ժարգոնը մեր դեմ է աշխատեցվում, եւ մենք այդ խաղում ընդամենը անուղեղ ստատիստներ ենք։
– Այդպես է, եւ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Սկզբում պետք է մարդու միջից հանել անհատականությունը, որպեսզի հետո նրան հնարավոր լինի ղեկավարել։ Իսկ շոու-բիզնեսն ու ժարգոնը անհատականությունը ոչնչացնելու ամենալավ միջոցներն են։ Օտարամոլ մտածելակերպը անհատ չի ճանաչում, մարդը դառնում է կոդ, հաշվեհամար։ Անհատն, իհարկե, կարող է ինչ-որ բան փորձել անել, բայց դա պիտի անի մինչ այն սահմանը, որն իրեն թույլատրվում է։ Եթե անցավ այդ սահմանը, ապա նա այլեւս ձեռնտու չէ։
– Այդ ամենը լավ հասկանալով՝ ինչպե՞ս կարելի է աշխատել շոու-բիզնեսի ոլորտում։
– Թող զարմանալի չթվա, բայց մենք հիմնականում անհատույց ենք աշխատում: Համենայնդեպս, ես այդպես եմ անում, թեեւ շատերը դա սխալ են համարում։ Փորձում եմ պահպանել ամենաչպահանջված մշակութային սեկտորը՝ ազգային կուլտուրան՝ երաժշտության մեջ մեջբերելով ազգային հնչյունները։ Մեր հիմնադրամ օրական տասնյակ երգեր են բերում, եւ այդ բոլորը «թխած» երգեր են։ Եվ մենք այդ կոմպոզիտորներին փորձում ենք ասել, որ այդպես հեռու չես գնա, որ ռուսական կուլտուրայի հսկայական բազա կա, եւ պետք չէ այն անտեսել։ Օրինակ, հիմա շատ ընդունված է, որ երաժշտական ավանդույթներ ունեցող երկրները՝ Շվեդիան, Նորվեգիան, օգտագործում են ռուսական երաժշտությունը, մշակում են այն իրենց ձեւով ու նորից ուղարկում են Ռուսաստան՝ վաճառելով այն ռուսներին։ Դա արվում է այն ժողովուրդների կուլտուրայի հետ, որոնց սեփական երաժշտությունը դեռ մեծ պահանջարկ չունի։ Եվ որքան էլ անհատները փորձեն դրա դեմ պայքարել, միեւնույն է, ամեն ինչ կապվում է պետական մտածելակերպի հետ։ Կամ ունես դա, կամ` չունես։ Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լավ դա հասկանում են, բայց քանի որ խոսքը շատ մեծ փողերի մասին է, ոչինչ չի արվում։ Պայքարի դեպքում՝ շատ մարդ ուղղակի անգործ կմնա։ Շլյագերն ու ժողովրդական երգը տարբեր բաներ են։ Երգեր կան, որոնց հետ ոչինչ անել պետք չէ, դրանք բաց ես թողնում, ու երգերն իրենց թեւերով թռչում են ու դառնալով ժողովրդական՝ 30-50 տարի շարունակ մնում են մարդկանց հիշողության մեջ։ Երգեր էլ կան, որոնք պիտի օրական 1800 անգամ կատարվեն, որպեսզի դառնան ծամոն ու համարվեն շլյագեր։ Հիմա երգվում են այնպիսի երգեր, որոնց մեջ անպայման պիտի լինեն «բջջային հեռախոս», «տուսովկա», BMW կամ «Մերսեդես» (լավ չգիտեմ հայկական երգերը, բայց կարծում եմ՝ այստեղ էլ նման բառերի հավաքածու կա)։ Դա միտումնավոր է արվում։ Համոզված եմ, որ «Սեւ բումեր» հայտնի ռուսական երգը ստեղծվել է BMW-ի պատվերով։
– Իսկ ի՞նչ վատ բան կլինի, եթե մենք շլյագեր ստեղծենք՝ մեր ազգային որեւէ խորհրդանիշ օգտագործելով։
– Համոզված եմ, որ եթե ռուսերեն լեզվով լավ երգ գրվի, ասենք՝ հայկական կոնյակի, գինու կամ թեկուզ՝ ջրի մասին, այդ ապրանքը շատ լավ կվաճառվի Ռուսաստանում։ Բայց երգը պիտի լավը լինի։ Եթե կոնյակն ու ծխախոտը մի քիչ վիճելի սիմվոլներ են, ապա ջուրը հաստատ լավ քայլ է։ Եթե երգը թնդա` ջուրը կվաճառվի։ Ծիծաղելի է, բայց այդ երգը կարող է մեծ խթան հանդիսանալ հայկական էկոնոմիկայի համար։ «Սփայս գըրլզ» անգլիական խումբն, օրինակ, ստեղծվեց այն ժամանակ, երբ շուկայում հայտնվեց նոր ոճի բարձրակրունկ կոշիկներ արտադրող խոշոր մի ընկերություն։ Եվ կոշիկի այդ տենդենցը շուկա մտցնելու համար՝ որոշվեց աղջիկների խումբ ստեղծել (սա իմ համոզմունքն է, որը կարող է եւ սխալ լինել)։ Մի քանի տարի հետո այդ կոշիկները դարձան մոդայիկ, իսկ ընկերությունն էլ խումբը վաճառեց «Պեպսի կոլային»։ Երաժշտությունը բավական լուրջ ճանապարհ է բացում ապրանքի վաճառքի համար։ Եվ այդ ուղղությունը ստիպում է բավականին կեղտոտ քայլերի դիմել։ Ես այդ ամենից դեռ հեռու եմ մնացել, բայց շատերը չեն կարող չգայթակղվել, քանի որ իրենց անսահմանափակ քանակի փող է առաջարկվում։ Եվ եթե որեւէ մեկը հրաժարվում է, ապա հեշտությամբ գտնվում են ուրիշները, որոնք դա անում են։ Հասարակությունը քանդելու համար՝ այն սկզբից պետք է բաժանել։ Դա արվում է «Բաժանիր եւ տիրիր»` պարզ ու գործնական սկզբունքով։
– Փաստորեն դրա դեմն առնել չի՞ ստացվի։
– Իհարկե, կստացվի, շատ մարդիկ կան, որոնք չեն վաճառվում։ Վստահ եմ, որ Հայաստանում էլ են շատ այդպիսի մարդիկ։ Ցանկացած ոլորտում էլ գերադասելի է ոչ թե ռեւոլյուցիոն, այլ՝ էվոլյուցիոն ճանապարհ ընտրելը, որն, իհարկե, ավելի երկարատեւ է։ Եվ, վերջիվերջո, ամենահեշտ գործը ծախվելն է, չծախվելն է դժվար։ Վերջերս ես դիտում էի հայկական հեռուստաալիքներն ու մի քանի սերիալ տեսա։ Երեւում է, որ լավ տեխնոլոգիաներ են կիրառվել, լավ որակ է ստացվել, մարդիկ աշխատել են։ Բայց բովանդակությունը, միեւնույն է, ազգային չէ, այն ստանդարտ «մատրիցա» է (գանգստերներ, ժարգոն)։
– Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել ազգային հեռուստադեմքը։
– Մենք ունենք Փարաջանով, որի ստեղծած «մաքուր» ու պոետիկ տեսակը շատ լավ կարող ենք մեր դիմանկարը դարձնել։ Եվ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, մարդիկ հիմա «մաքուրի» կարիքն ունեն։ Ընդ որում՝ հիմա համաշխարհային ճգնաժամի շնորհիվ՝ շատ հետաքրքիր պահ է ստեղծվել, եւ կարելի է որակյալ մշակութային արտադրանք թողարկել։ Պահը բերրի է։ Այսպես թե այնպես, ոչ մեկին փող չեն տալու, քանի որ փող չկա։ Իսկ երբ դադարում է փողի հոսքը, հնարավոր է դառնում «դեմք» ունեցող արվեստ ստեղծել։ Ռուսաստանն, օրինակ, կամաց-կամաց սկսել է։ Եթե մարդիկ չխելագարվեն, ապա անպայման մաքրության կձգտեն։ Մարդը քարից չէ, մի օր կկոտրվի, եթե այսպես շարունակի ապրել։ Հիմա ես մի նախագծի վրա եմ աշխատում, որը հոգեբանական «նեղության» մեջ հայտնված երիտասարդների համար շփման դաշտ է բացելու։ Դա ինտերնետային նախագիծ է, որը մարդկանց հնարավորություն կտա զրուցել, համերգներ լսել։
– Նորաստեղծ պատմական հեռուստաընկերությունը դառնալու է շոու-բիզնեսի հակակշի՞ռը։
– Որոշ իմաստով՝ այո։ Տիրապետելով բոլոր տեխնոլոգիաներին՝ ցանկացած մարդու կարելի է «աստղ» դարձնել։ Եվ դրա համար պետք է նյարդեր, ժամանակ, կյանք ներդնել, այսինքն՝ օր ու գիշեր պիտի զբաղվել միայն մեկ նախագծով։ Իսկ վերջում անպայման հիասթափվում ես, քանի որ հասկանում ես, որ այդ ամենն անիմաստ է։ Շոու-բիզնեսն արդեն հետաքրքիր չէ։ Ես երջանիկ եմ, որ ինձ վստահվել է պատմական ալիք ղեկավարելու աշխատանքը։ Դա շատ լուրջ աշխատանք է, որը շուտով պիտի իր արդյունքը տա, արդեն մի քանի ֆիլմ արտադրության մեջ են։ Հեռուստաալիքը Ռաձինսկու մտահղացումն է, իսկ նա շատ խորը եւ ունիկալ անձնավորություն է։ Հուսով եմ, որ կկարողանանք հայկական պատմությունն էլ ներգրավել որոշ հաղորդումների մեջ։ Վերջիվերջո, պետք է ցույց տանք, որ Հայաստանը կայացած պետություն է, ունի իր արվեստն ու իր մշակութային արժեքները։
– «Պատմության գաղտնիքները» պետակա՞ն, թե՞ մասնավոր ընկերություն է լինելու։
– Պետական ալիքների համար է ֆիլմեր պատրաստելու։
– Իսկ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք։
– Այո, Հայաստանի անձնագիր ունեմ, ու Ռուսաստանի պետությունն ինձ վստահել է ղեկավարել այդ նախագիծը։ Եվ թող ասեն, որ ես գլուխ եմ գովում, ինձ համար դա շատ հաճելի ու պատասխանատու աշխատանք է։ Եվ դա Ռուսաստանում իրականացվող ամենալուրջ նախագծերից է։
– Հայաստանում ճանաչելի լինելու ձգտում չկա՞։
– Առանձնապես ցանկություն չունեմ, որ իմ մասին խոսեն, ինձ ճանաչեն: Ավելի հաճելի է ստվերում մնալ: Այդ կարգավիճակը թույլ է տալիս մարդուն մարդ մնալ: Շոու-բիզնեսում շատ հնարքներ կան, որոնք օգտագործելով` փչացնում ես եւ՛ հանդիսատեսին, եւ՛ հենց շոու-բիզնեսը: Կարծում եմ, որ մարդը սկզբում պետք է կարողությունները ներդնի իր անունը ստեղծելու մեջ, եւ հետո միայն, միգուցե (կրկնում եմ՝ միգուցե)` փորձի փող աշխատել: