Քեշիշյանների «կլանը»՝ գորգերի տիրակալ

07/02/2009 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Դեռ հին ժամանակներից պարսկական գորգերն ամենաթանկն ու շքեղն են համարվել ամբողջ աշխարհում: Չնայած այս փաստին՝ հայերը միշտ մեծ դերակատարում են ունեցել գորգագործության մեջ, ու պատահական չէ, որ այսօր առնվազն երկու հայ մարդու ձեռքում է գորգերի մեծ բիզնեսը:

Կոնկրետ Հայաստանում Ջեյմս Թուֆենքյան անունը ծանոթ է անգամ այն մարդկանց, ովքեր գորգագործությունից ոչինչ չեն հասկանում: Այս մարդու անունով այսօր կա կենտրոն, հանգստյան տներ, ու բնական է, որ մարդիկ այս ազգանունը շատ անգամ լսած կլինեն:

Գորգագործությունից հեռու մարդիկ, սակայն, մեր կողմից պեղված հայի մասին գուցե եւ լսած չլինեն, սակայն աշխարհի մասշտաբով նրա ազգանունը հզոր բրենդ է: Քեշիշյան ազգանունը չի պատկանում մի մարդու, այն մի ամբողջ կլան եւ բիզնես է ներկայացնում:

«Mark Keshishyan & Sons» կորպորացիայի գորգերը շատ թանկ են գնահատվում, եւ դրանց տերերը թիվ երկու ամենախոշոր գորգագործներն են ամբողջ աշխարհում:

Քեշիշյանների հեղինակավոր գորգերի նախահայրը եղել է Մարկոս Քեշիշյանը, ով հետագայում դարձել է Մարկ: Նրա մասին տեղեկատվություն գտնելն այնքան էլ հեշտ չէր, քանզի խոսքը վերաբերում է 19-րդ դարի վերջին՝ 1890-ականներին։ «Քեշիշյանը հայ է, ծնվել է Թուրքիայում, հետո եկել ԱՄՆ: Բայց մի մտածեք, թե նա որպես աղքատ գաղթական հայտնվեց այստեղ, նա հարուստ էր մինչեւ ԱՄՆ ժամանելը»,- հենց այսպես է ներկայացվում Քեշիշյանն ինտերնետային կայքերից մեկում, որտեղ Քեշիշյանների մասին տեղեկատվությունը նկարի պես էր պատկերված, եւ տպավորություն կար, թե այն պարզապես վերատպվել է գրքից: Քեշիշյանի առաջին այցն ԱՄՆ կարճ էր ու ոչ տպավորիչ: «1910թ.-ին հայրս ինձ ուղարկեց այստեղ Լութերան քոլեջում սովորելու համար: Ինձ դուր չեկավ: Ինձ հիշում եմ անընդհատ սեղանի շուրջ նստած ու ինչ-որ բանի սպասելիս: Հայրս հարուստ մարդ է, մեր տունը 54 բնակարանից է բաղկացած, ու մի այդքան էլ սպասավոր ունենք, ինչո՞ւ ես պետք է սեղանի մոտ նստեմ ու սպասեմ: Վերջ։ Տուն եմ վերադառնում»,- այսպիսի տիպիկ հայկական մտածելակերպով մարդը հենց այդ պահից էլ հասկացավ, որ ինքը ստեղծված չէ համակերպվելու եւ համբերելու, առավելեւս՝ ուրիշների մոտ աշխատանք գտնելու համար:

Կա մի հնամաշ կազմով գիրք, որ կոչվում է «Guide to Oriental Rugs» (Արեւելյան գորգերի ուղեցույց), որտեղ, ընտանեկան բիզնեսի նրբություններից բացի, Մարկը խոսում է նաեւ Հայոց ցեղասպանության, իր ընտանիքի մասին, որի գրեթե բոլոր անդամները սպանվել են դեպի Հալեպ ճանապարհին, խոսում է հոր մասին՝ ասելով, թե ինչպիսին պետք է լինի հոր դերը հայկական ընտանիքում, ինչպես նաեւ՝ այն մասին, թե ինչ հնարքներով է նա կարողացել փրկել իր կյանքը՝ որոշ ժամանակ թուրքական բանակում ծառայելով: «Թուրքական բանակում թաքնվելով՝ ինձ հաջողվեց մեկնել Լիբանան ու ամերիկյան դպրոցում ուսուցիչ աշխատել,- պատմում է Մարկոսը: -Որպեսզի կարողանայի ավելի շատ գումար աշխատել, ես գնում եւ վաճառում էի գորգեր»: Մարկը շատ լավ էր հասկանում գորգերից, քանզի նրա հայրն արդեն այն ժամանակներում զբաղվում էր գորգագործությամբ: Ի տարբերություն հոր՝ Մարկը հետագայում կարողացավ տասնապատկել իրենց կարողությունը եւ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին մեծ գումարներ դիզել գորգի եւ այլ, մանր-մունր ապրանքների առեւտրով: «Հատկապես պատերազմի վերջին տարիներին ես շատ մեծ փողեր աշխատեցի: Ես շատ լավ գերմաներեն գիտեմ ու, որպես միջնորդ, Դամասկոսից ալյուր, կարտոֆիլ, սիգարետ եւ, իհարկե, գորգեր էի բերում ու վաճառում գերմանացիներին: Ընդամենը 6 ամսում ես մեծ կարողություն կուտակեցի»: Բիզնեսում վարպետացած Մարկ Քեշիշյանը միայն մի բանի համար է ափսոսում, որ այդպես էլ վիրաբույժ չդարձավ: «Իմ այդ երազանքն իրականացրեց որդիս: Իսկ ես կարողացա մագիստրոսի կոչում ստանալ դեղագործության ոլորտում, որն ինձ հետագայում օգնեց գորգերի բիզնեսի զարգացման հարցում: Քիմիայի իմացության շնորհիվ՝ ես գիտեի ամեն ինչ գորգերի ճիշտ լվացման, չորացման եւ ներկման մասին: Հավատացեք՝ ամենակարեւորն այս գործում հենց այս մանրուքներն են, քանզի վատ ներկված գորգն անգամ կիտրոնի գին չունի»,- իր գրքում պատմում է Մարկ Քեշիշյանը: 1920-ին նա իրականացրեց իր մյուս երազանքը՝ իր բիզնեսը հիմնեց Նյու Յորքում, իսկ հետո՝ Վաշինգտոնում: Իսկ մինչ այդ նա մեկնել էր Փարիզ՝ այլ կապեր գտնելու եւ ավելի մեծ փողեր աշխատելու համար: «Փարիզ այցս համարում եմ քաղաքական առաքելություն, որը վերածվեց բիզնես արկածի: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես գորգերը թողած՝ սկսեցի վարդի յուղի արտահանմամբ զբաղվել,- պատմում է նա,- Հետո մի այլ բիզնես արկածի մեջ էլ հայտնվեցի: Թուրքիայում հագուստի ճգնաժամ էր, մարդիկ մերկ էին, շոր չունեին հագնելու: 6 ամիս նավերով հագուստ էի ուղարկում Թուրքիա եւ մեծ գումարներ աշխատեցի»:

Մարկի որդիները՝ Հարոլդն ու Ջեյմսը, է՛լ ավելի վարպետացան գորգագործության մեջ եւ ավելի մեծ ընթացք տվեցին ընտանեկան այս բիզնեսին՝ ընդլայնելով այն եւ ներխուժելով նաեւ այլ ոլորտներ, օրինակ՝ ներկագործության: «Հերոդոտոսն ու Մարկո Պոլոն նշել են կերմես կոչվող ներկի մասին,- «Թայմս» թերթին տված հարցազրույցում պատմել է Ջեյմսը,- Այն մեղվի կմախքից է ստացվել, որն էլ հայտնաբերվել է Արարատ լեռան վրա: Մեղվի կմախքն աղալուց հետո այն ալ կարմիր է դարձել»:

Այսօր Քեշիշյանների «տիրապետության» տակ են աշխարհի ամենաթանկարժեք ու անտիկ գորգերը Թուրքիայից, Պարսկաստանից, Ռումինիայից, Հարավսլավիայից, Ալբանիայից, Հյուսիսային Աֆրիկայից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Չինաստանից:

Այսօր այս հայտնի ընկերության գորգերով են պատված շատ էլիտար հատակներ ու պատեր, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան հատակները, որտեղ գորգերը հայտնվել են ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի պահանջով: Իսկ Քլինթոնների նախագահության օրոք առաջին տիկին Հիլարի Քլինթոնն արգելել է ծխել այն սենյակներում, որտեղ փռված են եղել քեշիշյանական գորգերը՝ որպեսզի մոխիրը հանկարծ չվնասի գորգերը:

Այսօրվա «Mark Keshishyan & Sons»-ն ունի մի ունիկալ սարքավորում, որով հնարավոր է տարբեր չափսերի, ձեւի ու տեսակի գորգերը լվանալ ամենաժամանակակից միջոցներով: «Իմ ընկերներն իմ մասին միշտ ասել են, թե ես եթե նույնիսկ քարին դիպչեմ, այն ոսկի կդառնա,- ժամանակին ինքն իր մասին ասել է Մարկ Քեշիշյանը։ -Ես կարծում եմ, որ իմ կոչումն այս կյանքում հենց դա է եղել՝ ամեն հնարավոր բանից մեծ փողեր սարքել»: