Ներգրավել ռուսներին

07/02/2009

Ըստ Եվրախորհրդարանի փորձագետների հրապարակած մի զեկույցի, անհրաժեշտ է Ռուսաստանին ներգրավել «Նաբուկո» գազամուղի նախագծում: Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային գազամուղի կառուցման մասին է, որը Կենտրոնական Ասիայից գազն Ադրբեջանով ու Թուրքիայիով կհասցնի Եվրոպա: Այդ զեկույցն ու դրանից բխող առաջարկները երեկ պետք է ներկայացվեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում եւ դրվեին քվեարկության: Բրյուսելում անհանգստացած են, որ Կասպյան ավազանի երկրները դեռ հստակ որոշում չեն կայացրել «Նաբուկո» գազամուղով գազ մատակարարելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել է, որ իրենք դեռ պետք է ընտրություն կատարեն, թե որ երթուղին է իրենց հարմար` գազը Եվրոպա հասցնելու համար: «Նաբուկոյի» համար գազի աղբյուրները դեռ հստակեցված չեն. Իրանի հետ հարաբերությունները պարզ չեն, Թուրքմենիան նախընտրում է գազը վաճառել Ռուսաստանին ու Չինաստանին, ուստի, ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, «Նաբուկոն» դժվար թե կարողանա մրցակցել ռուսական «Հարավային հոսք» նախագծի հետ: «Հարավային հոսք» նախագծին կտրականապես դեմ է արտահայտվել Եվրահանձնաժողովը, որը կարծում է, որ այդ պարագայում Եվրոպան ամբողջությամբ կախման մեջ կհայտնվի ռուսական էներգակիրներից: Բրյուսելում կարծում են նաեւ, որ ռուս-ուկրաինական վերջին գազային հակամարտությունից հետո այդ երկրները վստահելի գործընկերներ չեն Եվրոպայի համար: «Նաբուկո» գազամուղի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013-2015 թվականներին: