«Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ջերմ ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին` իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար»,- երեկ նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀԱՄ-ը: Հիշեցնենք, որ վերջերս բնիկ ամերիկացի Էվո Մորալեսը հայտարարել էր, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ, եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն: «Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի բնակչության ավելի քան 85%-ը հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ եւ հին հավատի հետեւորդներ են, ուստի պետք է վերականգնվի իրենց հին հավատը: Նա նաեւ նշել է, թե չի բացառվում, որ իսպաներենի հետ համատեղ՝ պետական լեզու համարվի տեղի հնդկացիների լեզուն: Հայ Արիական Միաբանությունը Ամերիկա աշխարհամասի առաջին հնդկացի նախագահի պետականորեն իրականացվող այս թերեւս եզակի նախաձեռնությունը համարում է լուրջ աշխարհայացքային քայլ, ինչը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել բոլոր հին ազգերի հավատադարձության վրա»,- ասված է հայտարարությունում: «Մենք` հայ-արիականներս, նույնպես ունենք մեր հին հավատի, հայ Աստվածների պաշտամունքը եւ կարեւորում ենք Բոլիվիայի նախագահի վճռական քայլը` իր երկիրն ու ազգը սեփական արմատներին ամրացնելուն եւ զորացնելուն միտված: Վստահ ենք, որ հայությանը նույնպես սպասվում է դարձ դեպի արմատները` հայոց հավատը, հայ Աստվածների պաշտամունքը: Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադարձ հայ Աստվածներին: Արիական Հայաստանն է հայոց զորության հիմնաքարը»,- նշված է հայտարարության մեջ: Մեկնաբանություննները թողնում ենք ընթերցողներին: