«Ռուսաստանը վերջին 3 օրերին մոտ 3,5 միլիարդ դոլար եւ 100 միլիարդ ռուբլի (շուրջ 2,8 մլրդ դոլար) է խոստացել իր դաշնակից երկրներին, որոնց շարքում են Կուբան, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղըզստանը»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել ռուսական «Վեդոմոստի» թերթը: Ըստ թերթի, Բելառուսի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը համաձայնել է փետրվարին այդ երկրին հատկացնել 1 միլիարդ դոլարի վարկ: Մինչ այդ նոյեմբերին եւս ՌԴ-ն 1 մլրդ դոլարի վարկ էր տրամադրել Բելառուսին: Բացի այդ, Բելառուսը եւս 100 մլրդ ռուբլու (2,76 մլրդ դոլար) վարկ է խնդրել, եւ այդ խնդրանքը եւս կբավարարվի: Երեկ Մոսկվայում բացված ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթաժողովի ժամանակ գլխավոր խնդիրներից մեկը 10 մլրդ դոլարի սահմաններում հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծումն է: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հունվարի վերջին հայտարարել է, որ այդ հիմնադրամի համար գումարների հիմնական մասը կհատկացնեն Ռուսաստանն ու Ղազախստանը, իսկ մյուս երկրների բաժինը փոքր կլինի: Նախօրեին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ իրենք Ռուսաստանից ակնկալում են 500 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլարի կայունացման վարկ: Բացի այդ, Հայաստանը միացել է Զարգացման եվրասիական բանկի հիմնադրամ համաձայնագրին, որի միջոցով պետք է իրականացվեն հակաճգնաժամային հիմնադրամի գումարների փոխանցումները:
Կուբային Ռուսաստանը կհատկացնի 354 միլիոն դոլարի վարկ, Ղրղըզստանին` 150 միլիոն դոլարի դրամաշնորհ եւ 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ` 40 տարի ժամանակով, 0,75 տոկոս տոկոսադրույքով: Բացի այդ, Ռուսաստանը 2 միլիարդ դոլարի պետական վարկ է տալու Ղրղըզստանին ու նաեւ չեղյալ է համարում Ղրղըզստանի 180 միլիոն դոլարի պարտքը, որի դիմաց ռուսական կողմը կստանա «Դաստան» ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը: