Գտիր մի քանի տարբերություն

07/02/2009

Հայաստանի խանութներն ու շուկաները ողողված են տարբեր տիպի ապրանքների, հատկապես կեղծ սննդամթերքի մեծ խմբաքանակներով: Հայ գործարարները սովորություն են դարձրել այստեղ արտադրել արտասահմանյան արտադրության հայտնի ապրանքանիշերի կեղծ տարբերակները եւ գերշահույթներ ստանալ դրանց իրացումից: Սննդամթերքի եւ հատկապես ռուսական հայտնի ապրանքների կեղծման գործում մրցակիցը չունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մենք արդեն ներկայացրել ենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունները տարիներ շարունակ կեղծում են ռուսական բազմաթիվ հայտնի օղիները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թեեւ երբեմն, բայց ոչ միշտ է անդրադառնում Ս.Ալեքսանյանի ընկերությունների կատարած կեղծիքների մասին հրապարակումներին: Հանձնաժողովի լրատվական ծառայության պատասխանատու Արմինե Ուդումյանը հայտնեց, թե հանձնաժողովը երբեմն հրապարակումների հիման վրա ստուգումներ է անցկացնում, սակայն տվյալ ապրանքանիշը ներկրող տնտեսվարող սուբյեկտը «տեր չի կանգնում» իր շահերին: Իսկ նման դեպքում, Ա.Ուդումյանի ասելով, հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել եւ պատժամիջոց կիրառել: Իսկ մինչ հանձնաժողովը արդարացումներ կգտնի, օրերս խանութներում հայտնաբերեցինք կրկին ռուսական արտադրության «իԿխԿՁԸշ հժԾժճԽԸ» արեւածաղկի յուղի «կրկնօրինակին»: Այս ապրանքանիշի ձեթի կեղծ տարբերակի արտաքին տեսքը բնօրինակից շատ քիչ է տարբերվում: Եվ առանց տեղյակ լինելու՝ սպառողը դժվար թե կարողանա հասկանալ, որ ձեթը կեղծված է, կամ տարբերի, թե ո՞րն է իսկականը: Այնուամենայնիվ, տարբերիչ նշաններ կան: Շշալցված կեղծ տարբերակի պիտակի մակնշման հատվածում ներկրող ընկերության «Վ.Ս.Վ. Գրուպ» ՍՊԸ անունը գրված է մեծ կարմիր տառերով: Մինչդեռ ներկրող այս ընկերության անունը բնօրինակի վրա իր գույնով ու չափով չի տարբերվում մակնշված մյուս տվյալներից: Մեր տեղեկություններով՝ «իԿխԿՁԸշ հժԾժճԽԸ» ձեթը նույնպես կեղծում է Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերությունը: