Մի քանի օր առաջ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը հայտարարեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը վերանայում է 2009 թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսման ցուցանիշը: Ըստ այդմ` Մ. Թումասյանը համաձայնել էր Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսման հետ, որի համաձայն՝ 2009 թ. Հայաստանում ՀՆԱ իրական աճը կկազմի 5,5 տոկոս: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎԶԵԲ-ը կանխատեսել էր ՀՆԱ 8,3 տոկոսանոց աճ, իսկ ՀՀ պետբյուջեով տնտեսության աճը 2009-ին նախատեսված է 9,2 տոկոսի չափով: Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` այդ 5.5 տոկոսն էլ ընդհանուր առմամբ իրատեսական կանխատեսում չէ:
«Այն, ինչ Եվրոբանկն է ասում, իհարկե, լուրջ հաշվարկների վրա է հիմնված, բայց քանի որ հիմնվում են պաշտոնական վիճակագրության վրա, իսկ մեր վիճակագրության մեջ թվերի ճշմարտության հետ լուրջ խնդիրներ կան, իրականում այդ թիվը շատ ավելի փոքր է լինելու: Հայաստանի տնտեսության աճ ապահովող ճյուղերի մեջ էր լեռնամետալուրգիան, որի 5 տարվա ապագան, համենայնդեպս համաշխարհային տնտեսության համար արված կանխատեսումների համատեքստում, ցավոք սրտի, լավը չի կարող լինել: Աճ ապահովող հիմնական ոլորտը` շինարարությունը, նույնիսկ վիճակագրական տվյալներով նվազում է արձանագրում, քիմիական արդյունաբերության աճ դժվար թե լինի, առեւտրի ու սպասարկման բնագավառներում նույնպես աճ չեմ տեսնում, որովհետեւ այդ բնագավառը կապված է տրանսֆերտների հետ, որոնց ծավալը կրճատվելու է: Լուրջ խնդիրներ կան, անորոշ իրավիճակ է նաեւ գյուղատնտեսության մեջ` կապված նրա հետ, որ այս ոլորտը շուտով հարկվելու է»,- նշում է Վ. Խաչատրյանը:
Ի տարբերություն նրա, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը կարծում է, որ 2009թ. տնտեսական աճը կլինի այդ 5.5 տոկոսից ոչ պակաս:
«Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ՀՆԱ-ի 9.2 տոկոս աճը, որ մենք նախատեսել էինք բյուջեով, ակնհայտորեն չի կարող իրականություն դառնալ: Բայց կարծում եմ` տնտեսական աճը այդ 5.5 տոկոսից ցածր էլ չի կարող լինել: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ մեր կառավարության գործունեության ամբողջ ծրագիրը, որով արդեն շարժվում են, որով բազմաթիվ ներդրումային ծրագրեր ենթակա են իրականացման, այս բոլորը ապահովելու համար առնվազն 5.5 տոկոս աճ պետք է կարողանանք արձանագրել: Դրանից ցածրը արդեն զգալի նահանջ կդիտարկվի: Իսկ դրանից մի փոքր ավելի աճ էլ որ ապահովվի, մեզ համար գրեթե նվաճման պես բան կլինի»,- ասում է Վ. Բոստանջյանը: Իսկ տնտեսագետ, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը դժվարացավ նշել 2009թ. ՀՆԱ-ի աճի որեւէ թիվ: «Ես ինքս հաշվարկներ չունեմ, որ ասեմ` այդ 5.5 տոկոսը իրատեսակա՞ն է, թե՞ իրատեսական չէ: Ամեն դեպքում լավ է, որ իշխանությունները արդեն մտածում են, որ չեն կարողանալու ՀՆԱ-ի 9.2 կամ 8.3 տոկոս աճ ապահովել: Այսինքն` արդեն խոստովանում են, որ ճգնաժամի հետեւանքները զգալի են, այլ բան է, թե ինչու բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չգիտեին կամ չէին ցանկանում սա ընդունել»,- նշում է Մ. Արիստակեսյանը: «Մենք դեռեւս դեկտեմբերից ասում էինք, որ բյուջեում ներկայացված այդ թվերը իրատեսական չեն կարող լինել: Այն ժամանակ պատասխանում էին, թե պետք չէ մարդկանց մեջ խուճապ առաջացնել: Ես զարմանում եմ, որ փոխնախարարը այդպիսի բան է ասել, լավ է գոնե մի քիչ խելքի են եկել»,- նկատում է Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ՀՆԱ ցածր աճը ենթադրում է նաեւ հարկային եկամուտների կրճատում: «Ցավոք սրտի, հարկային եկամուտների մեջ չի երեւում, թե որ բնագավառը ինչքան է հարկ տալիս: Կան ընդհանուր ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտահարկի տվյալները: Օրինակ՝ Ագարակի գործարանը երեկվանից կանգնել է, չի աշխատում: Եթե վերցնենք Ագարակի գործարանի միայն եկամտահարկը, շահութահարկը եւ այսպես շարունակ, նույնիսկ առաջին կուրսեցիների համար էլ պարզ է, որ բյուջեի եկամուտները քչանալու են: Իրենց նախատեսած ծրագրերը իրականացնելու միայն մի ձեւ կա: Պետք է կարողանան տարբեր միջազգային կառույցներից վարկեր ստանալ, բայց սա էլ կբերի բյուջեի դեֆիցիտի ու պետական պարտքի մեծացման»:
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ասում է, որ բյուջեի հարկային եկամուտների վերանայման վերաբերյալ քննարկումներ ԱԺ-ում դեռեւս չկան:
«Եթե կառավարությունը ունի ՀՆԱ-ի եւ հարկային եկամուտների աճի վերաբերյալ վերանայված հաշվարկներ, ապա դեռ չի ներկայացրել ԱԺ: Եթե կառավարությունը ներկայացնի, մենք անպայման կքննարկենք: Ես կարող եմ ասել, որ շատ երկրներում` եւ՛ հետխորհրդային, եւ՛ Արեւմտյան Եվրոպայի, բյուջեով նախատեսված ցուցանիշները նվազեցվում են, եւ ես չեմ զարմանա, եթե նվազեցում տեղի ունենա նաեւ ՀՀ բյուջեի ցուցանիշներում: Իսկ թե ի՞նչ չափով կլինի այդ նվազեցումը, դա բավականին լուրջ հաշվարկի խնդիր է, իսկ ԱԺ-ն չի տիրապետում այնպիսի գործիքների, որ կարողանա այդպիսի հաշվարկներ կատարել: Ավելին, ճգնաժամի պարագայում այդ կանխատեսումները պարբերաբար պետք է փոփոխության ենթարկվեն: Ասենք` եթե կանխատեսվում է 5.5%-ը, ապա երկու-երեք ամիս հետո կատարված կանխատեսմամբ դա կարող է աճել կամ նվազել»,- նշեց Գ. Մինասյանը:
Վ. Բոստանջյանի կարծիքով՝ տարբեր միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին, ամենայն հավանականությամբ, կփակվի բյուջեով նախատեսված հարկային եկամուտների նվազման գումարի զգալի մասը, սակայն ոչ ամբողջը, ուստի անհրաժեշտություն կառաջանա կրճատել նաեւ որոշ ծախսեր: «Միջազգային ֆինանսական ինստիտուտների տրամադրած միջոցները, ըստ էության, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն թույլ կտան մեզ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, իհարկե, եթե կառավարման մեջ մենք առաջնորդվենք ավելի արդյունավետ մոտեցումներով: Այսինքն` մենք ծախսերը որոշակիորեն պետք է կրճատենք: Սոցիալական հիմնախնդիրներին ուղղված ծախսերից, բնականաբար, չենք կարող կրճատել, պաշտպանության ոլորտից` նույնպես: Կարծում եմ՝ ներդրումային բնույթի, պետական ընդհանուր բնույթի ծախսերը կկրճատվեն: Օրինակ, ասենք` հասարակական կարգի պաշտպանության ծախսերը»,- նշեց պարոն Բոստանջյանը: Վ. Խաչատրյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իշխանությունները պարտավոր էին դեկտեմբերին բյուջեն հաստատելուց համապատասխան փոփոխություններ կատարել տնտեսական աճի ու հարկային եկամուտների կանխատեսումներում: «Պարզապես ռիսկ չարեցին, չհամարձակվեցին, փորձում էին խաբել նույնիսկ այն աստիճան, որ լեռնամետալուրգիայի բնագավառի գործարարներին խոստանում էին, թե՝ աշխատավարձերը վճարեք, գործարանները մի փակեք, փետրվարի մեկից ամեն ինչ լավ է լինելու: Եկավ փետրվարի մեկը, էլի կոտրած տաշտակի առաջ են կանգնած, որովհետեւ այն պայմանավորվածությունները, որ իբր թե կային, որի մասին շատ էր սիրում խոսել Տիգրան Սարգսյանը (Իրան-Հայաստան երկաթգիծ, ճանապարհներ, նավթավերամշակման գործարան եւ այլն) իրականություն չդարձան եւ եթե նույնիսկ դառնային էլ, դրա համար հարկավոր էին տարիներ: Այս առումով էլ խաբեցին մարդկանց, որպեսզի կարողանան իշխանություն պահել: Խնդիրը սրանում է»: