«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Դա պետք է հատկապես ակնհայտ լինի վրաստանյան ճգնաժամից հետո»,- day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան` ավելացնելով,- Այդ իսկ պատճառով՝ մենք մեծ նշանակություն ենք տալիս այն փաստին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն անցած տարի Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ պարտավորվեցին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Նոր դինամիկան պետք է պահպանել որոշակի քայլերով»: «Ճգնաժամը Վրաստանում ցնցում էր ամբողջ Հարավային Կովկասի համար: Այն ցույց տվեց, որ չլուծված հակամարտությունները վտանգավոր են նույնիսկ տարիներ անց, եւ, որ հակամարտությունների կարգավորումը ռազմական ճանապարհով նպատակահարմար չէ: Այն ցույց տվեց նաեւ, թե որքան փոխկախված եւ զգայուն են տարածաշրջանի երկրները, եւ ի հայտ բերեց տարածաշրջանում դինամիկայի լիակատար փոփոխության անհրաժեշտությունը,- հայտարարել է ԵՄ հանձնակատարը` ավելացնելով,- Օգոստոսյան իրադարձություններին Եվրամիության անհապաղ արձագանքից եւ Վրաստանին մեր ուժեղ աջակցությունից հետո կասկած չի կարող լինել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասին, ինչն ապացուցում է նաեւ մեր առաջարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը: Մենք ցանկանում ենք սերտորեն համագործակցել տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ: Տարածաշրջանի բոլոր երկրների հետ դրական եւ կառուցողական երկխոսության անցկացումը մենք համարում ենք հիմնական ճանապարհը դեպի կայունություն, անվտանգություն եւ առաջընթաց: Կցանկանայի ընդգծել Թուրքիայի դերը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման նպատակով ձեռնարկված վերջին քայլերի կարեւորությունը»,- հայտարարել է Սոլանան: