Ամեն ինչ` «ստատուսի» համար

03/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նիդեռլանդներում 2000-2005 թվականներին փախստական համարվելու հայց է
ներկայացրել 1150 հայ, ավելի վաղ ժամանած հայեր կան, ովքեր դեռ պատասխանի
են սպասում: Ֆրանսիայում նույն ժամանակահատվածում եւ նույն նպատակով
գտնվում է 4303 հայ: Թե ի՞նչ ճանապարհներով են մարդիկ Եվրոպա հասնում,
առայժմ լավ ուսումնասիրված չէ: 90-ականների սկզբին հայերի հոսքը դեպի
Եվրոպա ավելի մեծ է եղել: Օգտագործվել է յուրաքանչյուր հնարավորություն:
«Ամեն դեպքում՝ այնտեղ ավելի լավ կլինի, քան հայրենիքում»,- այսպես
մտածելով՝ մարդիկ տարիներ շարունակ ապրում են փախստականների համար
նախատեսված ճամբարներում եւ նույնիսկ, եթե ետ վերադառնալու ցանկություն են
ունենում, ապա չեն վերադառնում, քանի դեռ հույս կա, որ դրական պատասխան
կստանան ու կկարողանան հիմնավորվել Եվրոպայում:

Ընդունված լեգենդներ

Իշխանությունների պատասխանին սպասելու ժամանակահատվածը արտագաղթածներին
հնարավորություն է տալիս օրինական գտնվել Եվրոպայում, սոցիալական նպաստ ու
անվճար բուժօգնություն ստանալ եւ առանց ավելորդ աղմուկի՝ փորձել աշխատել:
Թեեւ վերջինը շատ դժվար է: Աշխատել կարելի է, բայց եթե բռնվեցիր՝ կզրկվես
բոլոր սոցիալական արտոնություններից: Մի քանի տարի առաջ Նիդեռլանդների
իշխանությունները կարտոֆիլի դաշտերում աշխատող, բայց աշխատելու իրավունք
չունեցող մարդկանց են որսացել եւ միանգամից երկրից արտաքսել։ Նրանց համար
ավելի էժան էր ինքնաթիռի տոմս գնել եւ հայրենիք ուղարկել, քան շարունակել
նպաստ վճարել: «Մարդիկ Եվրոպայում բնակվում են, սպասում մինչեւ իրենց
հայցը կքննարկվի: Գիտեք ինչպես է լինում՝ հայցը մերժում են, մարդիկ
բողոքարկում են եւ եւս մի քանի տարով ձգում իրենց մնալը: Արտաքսվելուց
հետո մեկ ուրիշ երկիր են գնում»,- ասում է Միգրացիոն քաղաքականության
վարչության պետ Իրինա Դավթյանը: Կան, այսպես ասած, «պրոֆեսիոնալ
փախստականներ», որոնք, փորձելով փախստականի կարգավիճակ ստանալ, կարող են
տարիներ շարունակ աշխարհով մեկ շրջել: Եվրոպայի չինովնիկները պարտավոր են
ուսումնասիրել բոլոր հանգամանքները: Բյուրոկրատական թղթաբանությունը պետք
է պարզի, թե որքանով են մարդկանց կյանքի հանգամանքները համապատասխանում
ՄԱԿ-ի «Փախստականների կոնվենցիայի» կանոններին եւ պահանջներին: Փախստականի
կարգավիճակի հավակնորդները պետք է իշխանությունների աչքում զոհ երեւան:
Քաղաքական ճնշումը, ազգության կամ կրոնական պատկանելության պատճառով
հետապնդման ենթարկվելը մեր հայրենակիցները եվրոպական երկրներում
պատճառաբանում են հիմնականում խառն ամուսնություններով: Ամուսնական
զույգերում «ադրբեջանցի» դառնում են հիմնականում կանայք: Ազգությունն
ապացուցող փաստաթղթեր չեն ներկայացնում՝ պատՃառաբանելով, որ տունը եւ
ունեցվածքն այրվել է: Եվ քանի որ կնոջ ազգության պատճառով ընտանիքը չեն
կարող արտաքսել Հայաստան, իսկ ամուսնու ազգության պատճառով՝ Ադրբեջան,
գործերն անընդհատ ձգձգվում են: Նույնիսկ, երբ մերժում են ստանում, նոր
պատճառաբանություններ են հորինվում, սովորաբար «ադրբեջանցի» կանայք
երկրորդ լսումներին հայտնում են, որ Ղարաբաղում իրենց բռնաբարել են հայ
ֆիդայիները: Երբ ավարտվում են բոլոր հնարավորությունները եւ պարզ է
դառնում, որ ձգձգումները դրական արդյունք չեն տա, մարդիկ օգտագործում են
վերջին հնարավորությունը՝ ապացուցում են, որ հիվանդ են եւ տեղաշարժվել չեն
կարող: Հիվանդությունները հիմնականում հոգեկան են լինում:
«Մարդկանց 99 տոկոսը փախստականների հետ ոչ մի առնչություն չունի: Կեղծ լեգենդներ են ներկայացնում»,- ասում է Ի.Դավթյանը:

Ոչ մի փախստական երջանիկ լինել չի կարող

Փախստականների ճամբարները նույն համակենտրոնացման ճամբարներն են
հիշեցնում: Դրանք ժամանակավոր են, բայց դրանց էլ կարելի է սովորել:
Նիդեռլանդներում, օրինակ, յուրաքանչյուր ճամբարի բնակիչ, եթե ճամբարը իրեն
նաեւ կերակրում է, շաբաթական միջինը 20 եվրո է ստանում, իսկ եթե չի
կերակրում՝ ապա մոտավորապես 40 եվրո: Դա իսկապես նվազագույն գումար է այդ
երկրի համար: Ճամբարային անգործությունը հոգեբանորեն ճնշում է մարդկանց:
Մանավանդ ճնշում է բոլորի աչքի առաջ ապրելու պարտադրանքը: Բոլորը բոլորի
աչքի առաջ են եւ ոչինչ չեն անում: Կստացվի՞, թե՞ ոչ «փախստականի» երանելի
կարգավիճակին հասնել, դա է նրանց գլխավոր մտահոգությունը: Ո՞վ ստացավ
երանելի թուղթը եւ ինչո՞ւ, ի՞նչ անեն, որ նման բախտի արժանանան:
Հաագայում փախստականների հայցերի քննարկումների թարգմանիչ Մարիամ
Վարդանյանն ասում է. «Մարդիկ ստիպված են կանոններով խաղալ եւ բնավ էլ նման
ստերից իրենց լավ չեն զգում: Այդ ճամբարներում ոչ մի երջանիկ մարդ չկա: 8
կամ 10 տարի այդ ճամբարներում ապրած մարդկանց հոգեկան վիճակը խանգարվում
է»: Մարդիկ դեգեներացիա են ապրում, տղամարդիկ կարող են լաց լինել, որեւէ
երիտասարդ եվրոպացի չինովնիկի ոտքերն ընկնել, խնդրել, աղաչել: Արդեն 8
տարի Ամստերդամում ապրող եւ երեք երեխա ունեցող տղամարդն ասում է. «Եթե
մեզ հենց առաջին տարվա ընթացքում մերժեին, մենք կկարողանայինք առանց
կորուստների հայրենիք վերադառնալ, բայց հիմա ո՞ւր գնանք՝ մեր երեխաներն
այստեղ դպրոց են գնում, եւ «փախստական» համարվելու հույսը դեռ չենք
կորցրել»: Փախստականների ճամբարների այս հզոր ու անողոք մսաղացում
բազմաթիվ մարդկանց ճակատագրեր են խեղվում: Քանի դեռ ՄԱԿ-ն է վճարում
փախստականների նպաստները, եվրոպական ոչ մի երկիր շահագրգռված չէ հայցերի
արագ քննարկումով: Քանի որ դրական պատասխանի դեպքում արդեն երկիրն ինքն է
հոգ տանելու փախստականների մասին, եվրոպական ոչ մի չինովնիկ չի շտապում
որոշում կայացնել: Համակարգն է այդպիսին: Դեմոկրատական եւ, միեւնույն
ժամանակ, երկերեսանի: Կտոր-կտոր է անում մարդկանց: Իսկ մարդիկ այդպես էլ
ապրում են՝ կախված «այո» կամ «ոչ» պատասխանի սպասումից