Նախօրեին հոլանդական Վեյկ ան Զեեում ավարտված Corus Chess 2009 շախմատային մրցաշարում հաղթող է ճանաչվել ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Վերջին տուրից առաջ մրցաշարում առաջատարներ էին միանգամից վեց շախմատիստ` Լեւոն Արոնյան, Լենիեր Դոմինգես, Մագնուս Կարլսեն, Սերգեյ Կարյակին, Սերգեյ Մովսիսյան, Թեյմուր Ռաջաբով: Վերջինները 13-րդ տուրից առաջ ունեին 7-ական միավոր: Սակայն վերջին տուրում միայն ուկրաինացուն է հաջողվել առավելության հասնել մրցակցի` կուբացի Լենիեր Դոմինգեսի նկատմամբ: Լեւոն Արոնյանը Յան Սմիթսի հետ պարտիան ավարտել է ոչ-ոքի: Սերգեյ Մովսիսյանն իր հերթին ոչ-ոքի է ավարտել խաղը ամերիկացի Գատա Կամսկու հետ: Արդյունքում` հայ շախմատիստները վաստակել են 7.5-ական միավոր եւ 0.5 միավորով առաջ են թողել Ուկրաինայի ներկայացուցչին: 13-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Ալեքսանդր Մորոզեւիչ-Վասիլի Իվանչուկ` 1:0, Վան Յուե-Մագնուս Կարլսեն` 1:0, Մայքլ Ադամս-Լյուկ վան Վելլի` 0.5:0.5, Թեյմուր Ռաջաբով-Դանիել Ստելվագեն` 0.5:0.5: Վերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը ստացել է հետեւյալ տեսքը. 1. Կարյակին (8 միավոր), 2-4. Արոնյան, Ռաջաբով, Մովսիսյան (7.5-ական միավոր), 5-6. Կարլսեն, Դոմինգես (7-ական միավոր), 7. Կամսկի (6.5 միավոր), 8-10. վան Վելլի, Սմիթս, Վան Յուե (6-ական միավոր), 11-14. Ստելվագեն, Իվանչուկ, Ադամս, Մորոզեւիչ (5.5-ական միավոր): Նշենք, որ Վեյկ ան Զեեում տարած հաղթանակի շնորհիվ Կարյակինն ապահովել է իր մասնակցությունը Բիլբաոյում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին: