Բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ArmTech» կոնգրեսն այս տարի կանցկացվի Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում: Կոնգրեսի կազմակերպման աշխատանքները կկոորդինացնի Զարգացման հայկական գործակալությունը, որի գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ սկսվել են նոյեմբերի 6-8-ը ծրագրված կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները: «ArmTech 2009»-ը կներառի ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, այլ բարձր տեխնոլոգիաների այլ հատվածներ: ««ArmTech»-ը դիտվում է որպես համագործակցության պլատֆորմ, եւ պետք է փորձ արվի ստեղծել շփման մի հարթակ, որտեղ երկխոսություն կսկսեն նաեւ աշխարհասփյուռ հայերը, իսկ օտարազգի մասնագետներին հետաքրքիր կլինի շփվել նրանց հետ: Այդ պլատֆորմը ներկայացնում է հայկական ինտելեկտուալ ձեռքբերումները»,- ասել է գործակալության գործադիր տնօրենը: Ըստ նրա, գործակալության այս տարվա ծրագրում բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող որոշ նախագծեր արդեն ձեռնարկված են: Մի շարք ծրագրեր արդեն իսկ ներդրումային առաջարկի տեսքով են, փորձագետների կողմից որոշակի գնահատական են ստացել, պատրաստ են առաջարկվելու ներդրողներին: Կան զուտ գաղափարներ, որոնց ուղղությամբ դեռ ներդրումային առաջարկներ պետք է պատրաստվեն, ապա աշխատանք տարվի կոնկրետ ներդրողների հետ միջոցների ներգրավման ուղղությամբ:
Նշենք, որ «ArmTech 2007»-ը եւս անցկացվել է Սիլիկոնային հովտում, 2008-ի կոնգրեսը` Երեւանում: