Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համալրվել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի միջազգային շուկայում ճանաչված ու գործող եւս երեք ընկերություններով: ԻՏՁՄ նոր անդամներն են` «D-Link» միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը տրամադրում է ցանցային եւ հեռահաղորդակցության ավարտուն լուծումներ, գրասենյակներ ունի ԱՊՀ եւ Բալթյան երկրներում, «Sinergy International Systems» ընկերությունը, որն առաջարկում է ինտեգրված վեբ ծառայություններ էլեկտրոնային, բյուջեի եւ ֆինանսների կառավարման, գործավարության, հանրային առողջապահության ոլորտներում ավելի քան 25 երկրների իր պատվիրատուներին, եւ «Macadamian» ընկերությունը: Վերջինս տրամադրում է ՏՀՏ ինովացիոն, ծրագրային ապահովման, դիզայնի ու բազմաբնույթ այլ տեխնիկական ծառայություններ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին, Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի բիզնես ասոցիացիա է, որը միավորում է ոլորտի առաջատար 30 տեղական ու միաջազգային ընկերությունների: Իր գործունեության ընթացքում ԻՏՁՄ-ն կազմակերպում է «ԴիջիԹեք բիզնես» ֆորումը եւ «ԴիջիԹեք ՏՀՏ/ԲՏ» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որը հնարավորություն է տալիս միջազգային ընկերություններին ուսումնասիրել տեղական ՏՀՏ դաշտն ու մուտք գործել Հայաստան: