Մահանում են մինչեւ 1 տարեկան դառնալը

07/02/2009

«Աշխարհի առավել թույլ զարգացած երկրներում մոտ 300 անգամ ավելի մեծ է ծննդաբերության ժամանակ մահանալու հավանականությունը, քան զարգացած երկրներում: Զարգացած երկրների համեմատությամբ գրեթե 14 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ զարգացող երկրում ծնված երեխան մահանա կյանքի առաջին ամսում»,- երեկ ներկայացնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009 թվականի զեկույցը, հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին` ավելացնելով, որ իրենց հետազոտությունների համաձայն, Հայաստանում իրավիճակը նույնպես մտահոգիչ է:

Մասնավորապես Հայաստանում կանանց մոտ հղիության եւ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը, ըստ զեկույցի, 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում: «Հայաստանում, մոտավոր հաշվարկներով,1000 նորածիններից 22-ը մահանում են մինչեւ մեկ տարեկանը, որոնց 80 տոկոսը` կյանքի առաջին 28 օրվա ընթացքում: Այս մահերից շատերը հնարավոր կլիներ կանխել, եթե երեխաները ժամանակին ստանային անհրաժեշտ խնամքի եւ բուժման ծառայությունները»,- ասել է նա: Ըստ նրա, Հայաստանում այս իրավիճակին նպաստող գործոններից են ոչ բավարար նախածննդյան եւ նորածնային խնամքը, որակյալ անձնակազմի եւ անհրաժեշտ սարքավորումների պակասը եւ կանանց համար այդ ծառայությունների անմատչելիությունը: Ասուլիսին մասնակցող Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը (որին, ի դեպ, անցած շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատողություն էր արել` Երեւանի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի մասնակցելու համար), բնականաբար, ասել է, որ բոլոր այն քայլերը, որոնք իրականացնում է Առողջապահության նախարարությունը` հղիների անվճար խնամքն ու հետազոտությունները, անվճար ծննդօգնությունը, կնպաստեն նորածնային մահացությունների թվի նվազմանը: «Հայաստանի մարզերում մահացություններն ավելի շատ են, քան քաղաքներում: Ինչպես նշված էր զեկույցում, Հայաստանում մահացության ցուցանիշները 3 անգամ ավելի բարձր են աղքատ ընտանիքներում, քան ապահովված»,- նշել է նա: