«Կա բանակցային գործընթաց, որոշակի առաջընթաց, սակայն` ոչ արդյունքներ, եւ դա մեծ խնդիր է»,- երեկ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությանը: «Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն սկզբունքների հիման վրա, եւ դրանք միջազգային իրավունքի սկզբունքներն են, չկան այլ սկզբունքներ, որոնց վրա կարելի է հիմնվել: Իսկ այդ միջազգային իրավունքի սկզբունքները ենթադրում են մեր հողից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում եւ ներքին տեղահանված անձանց վերադարձ այդ հողը,- նշել է Ալիեւը` ավելացնելով,- հայերն իրենք պետք է որոշեն, թե որն է այդ հողը օկուպացման մեջ պահելու օգուտը»: «Նրանք մեկուսացված են տարածաշրջանից, նրանք մեկուսացված են էներգետիկ նախագծերից, խողովակաշարերից, երկաթգծերից, եւ առանց Ադրբեջանի եւ մյուս հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու՝ նրանց դժվար կլինի մեկուսացման մեջ ապրել հետագայում»,- ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանում նախագահի պաշտոնավարման ժամկետների վերացման հարցով հանրաքվեին, Ալիեւը ասել է. «Հանրաքվեն ժողովրդավարական ընթացակարգ է, որը որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռում ժողովրդին, ինչպես ցանկացած այլ երկրում: Դուք չեք գտնի Եվրամիության անդամ որեւէ երկիր, որի առաջնորդը չկարողանա ընտրվել այնքան անգամ, որքան անգամ ժողովուրդը ցանկանում է, որ նա լինի այդ պաշտոնում: Ժողովրդավարակա՞ն է դա արդյոք: Այո: Հետեւաբար, նույնը պետք է կիրառվի Ադրբեջանի նկատմամբ»: