Երեկ Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով այս տարի ՌԴ պետական բյուջեի եկամուտները կկրճատվեն 40 %: Խոսքը մի երկրի մասին է, որից Հայաստանի իշխանությունները ակնկալում են 200 միլիոնից մինչեւ 1 մլրդ դոլար ֆինանսական օգնություն: Եվ ակնհայտ է, որ նման պայմաններում գտնվող Ռուսաստանը մեզ փող կտա բացառապես քաղաքական նկատառումներով: Սակայն ՌԴ ֆինանսների նախարարի ասածը հետաքրքիր է նաեւ, երբ այն համեմատում ենք մեր կառավարության որդեգրած քաղաքականության հետ: ՌԴ իշխանությունները գոնե ազնիվ են սեփական քաղաքացիների հանդեպ եւ դատարկ լավատեսություն չեն ներշնչում, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները, մեղմ ասած, արդեն հոգնել են Տիգրան Սարգսյանի «միայն բարի լուրեր» հեռուստաակցիայից: Ընդ որում, հասկանալի է, որ ՌԴ իշխանությունները մտածում են նաեւ սեփական աթոռների մասին, եւ նրանց ազնվությունը վստահաբար նաեւ հնարավոր սոցիալական բունտը կանխելու դրդապատճառ ունի: Մինչդեռ Հայաստանում հետեւողականորեն բարձրացվում են հատկապես այն շերտի հարկերը, որի ներկայացուցիչները սոցիալական բունտի առաջին շարքերում կարող են հայտնվել. մարդիկ բողոքում են ՀԴՄ-ների կիրառման պահանջից, ի պատասխան՝ Տ. Սարգսյանը խոսում է այն մասին, որ «պաշտոնյան պետք է ծառայի» պետությանը: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն այս կերպ իրենք են ամեն ինչ անում, որ մարդիկ օր առաջ փողոց դուրս գան: Ընդ որում, եթե ՀԴՄ-ների հետ կապված բողոքներն արդեն տեսանելի են, ապա կա իրականում միջին գործարարների մի շերտ, որը բիզնեսը դադարեցնելու շեմին է, բայց դեռեւս հրապարակավ չի բարձրաձայնում այդ մասին: Պատկերն ավելի ամբողջական է դառնում արդեն նույնիսկ ՀՀ-ում պաշտոնապես հայտարարվող գործազրկության ծավալների աճի եւ արտագնա աշխատանքի մեկնածների զանգվածային վերադարձի ֆոնին: Այնպես որ, այսպես շարունակվելու դեպքում մեր կառավարությանը «սպառնում» է ոչ այնքան ՌԴ-ի վարկը, որքան Իսլանդիայի կառավարության ճակատագիրը, որը մի քանի օր առաջ հրաժարական տվեց իրեն մեր կառավարության պես պահելու պատճառով: